Ռոք-աստղերը հանդիպեցին երկրպագուներին
“Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագծի շրջանակներում Երեւան ժամանած համաշխարհային մեծության ռոք-աստղերը հոկտեմբերի 2-ին “Մոսկվա” կինոթատրոնում հանդիպեցին երկրպագուներին: Ցուցադրվեց “Պատրաստելով Smoke on the Water-ը” վավերագրական ֆիլմը, որ պատմում է, թե ինչպես է ձայնագրվել Deep Purple խմբի համանուն երգի քավեր-տարբերակը 20 տարի առաջ:
“Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի հեղինակ Ջոն Դին հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք եկել են հայերի հետ կիսվելու Smoke on the Water-ի ստեղծման պատմությամբ:
“Եկել էի Հայաստան` երկրաշարժից տուժած Սպիտակում եւ Գյումրիում նկարահանումներ կատարելու համար: Շատ կադրեր հնարավոր չէր ցույց տալ, որովհետեւ սարսափելի էին: Եվ ես հասկացա, որ այդ ամենը տեսնել ու մի բան չանել հնարավոր չէ”,- ասաց Ջոն Դին:
Asia խմբի դաշնակահար Ջոուֆ Դաունսը երջանիկ էր, որ մասնակցել է “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծին: Այսօր էլ ուրախ է գտնվել Հայաստանում. հիանալի ժամանակ է անցկացնում:
“Ջոնը հրաշալի երաժիշտներ հավաքեց, որոնցով տարիներ շարունակ հիանում էի, եւ ինձ համար պատիվ էր նրանց հետ նվագել”,- ասաց Ջոուֆ Դաունսը:
Ջոնը Դին հայտնեց, որ Smoke on the Water երգի վերաթողարկված տարբերակի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Գյումրիի “Օկտետ” երաժշտական դպրոցի վերականգնմանը, որը վատթարագույն վիճակում է: “Դրսում տաք էր, դասասենյակներում ցուրտ ու խոնավ: Երեխաները այդ պայմաններում երաժշտություն են սովորում”,- ասաց Ջոն Դին:
Գուցե Black Sabbath-ի Paranoid երգն էլ վերաթողարկվի
“Երեկ սրճարանում զրուցում էինք եւ որոշվեց Black Sabbath-ի երգերից մեկն էլ վերաձայնագրել` աղետի գոտուն օգնելու նպատակով”,- ասաց Black Sabbath խմբի լեգենդար կիթառահար Թոնի Այոմին: Իսկ Իէն Գիլանը համաձայնեց երգել այդ երգը:
“Սիրտս ցավաց, երբ տեսա, որ երեխաները ուզում են երաժիշտ դառնալ, բայց սովորելու պայմաններ չունեն: Անհրաժեշտ է օգնել”,- ասաց Թոնի Այոմին:
Իէն Գիլլանը համերգ է տալու Երեւանում
“Եվ մեր, եւ մեր ծնողների սերնդի ներկայացուցիչների անունից համերգ ենք խնդրում Ձեզնից”,- ոգեւորվեցին ֆանատները:
Հիշեցնենք , Իէն Գիլանը խոստացել է 2010 մարտին համերգով հանդես գալ Երեւանում: Հնարավոր է` Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ աշխատեն: “Գուցե մեր երգերը նվագախումբը մեկնաբանի: Նաեւ հայ ռոք երաժիշտների հետ կուզեի ծանոթանալ: Թոնի Այոմին էլ է հայ”,- կատակեց Իէն Գիլանը:
Ռոք-աստղերին հանդիպելու էին եկել Արա Գեւորգյանը, Ֆորշը, Գարիկը “32 ատամ” ակումբից, “Դորիանս” եւ հայկական մի շարք այլ ռոք-խմբերի անդամներ:
Արա Գեւորգյանը նվագել է Իէն Գիլլանի հետ
“Գիլանը համեստություն է անում, բայց 1990 թվականի համերգի ժամանակ երկրաշարժի զոհերի հիշատակին երգ նվիրեց: Այդ կատարման ժամանակ դուդուկ էր նվագում Արսեն Գրիգորյանը: Եվ վարպետն իր շրթհարմոնը նվիրեց Արսենին: Շնորհակալություն, որ մեր կողքին եք”,- ասաց Արա Գեւորգյանը: Արսեն Գրիգորյանը շրթհարմոնը հետը բերել էր հանդիպմանը կամ գուցե երբեք չի բաժանվում նվերից:
Արա Գեւորգյանը Գիլանին հիշեցրեց, որ ռոք-երգիչը խոստացել էր Սպիտակում ռոք փառատոն կազմակերպել, երբ առաջին անգամ կրկին երաժշտություն կհնչի քաղաքում: Այն ժամանակ հարսանիքների ժամանակ էլ երաժշտություն չկար: Իէն Գիլանը չի մոռացել խոստումը…
Ինչո՞ւ Բրայան Մեյը չի եկել Հայաստան
Լացակումած երկրպագուհին ռոք-աստղերին իրեն շատ տանջող հարց տվեց, թե ինչու Բրայանը Մեյը չի եկել: Դա իր համար շատ կարեւոր էր: Ռոք-աստղերը պարզաբանեցին, որ հենց այդ պահին Բրայանը իր գրքի շնորհանդեսին էր: Ի դեպ, քչերը գիտեն, որ Մեյը անվանի գիտնական է, աստղաֆիզիկոս, եւ սա արդեն նրա երկրորդ գիրքն է այդ թեմայով:
“Դորիանս”-ի Գոռը շոկի մեջ է
“Դորիանս” ռոք խմբի երգիչ Գոռ Սուջյանը երազում է 2010-ի մարտին Իէն Գիլանի հետ համատեղ ելույթ ունենալ Երեւանում: Deep Purple խմբի երգերը հայ ռոքերը հաճույքով է կատարում: “Ոտքերս թուլացան, երբ տեսա Գիլանին ու Այոմիին բեմ բարձրանալիս: Այսօր զգացի իրենց մեծությունը: Աուրան հիանալի էր, շոկի մեջ էի”, - ասաց Գոռ Սուջյանը: Ի դեպ, ռոք-աստղերը լսել էին Գոռի կատարումը youtube.com կայքում:
Հայ երկրպագուները աշխարհում առաջիններից են, որ տեսան վերաթողարկված Smoke on the Water-ի նոր տեսահոլովակը: Ռեմիքսի ստեղծումը 2 ամիս է տեւել: Տեսաժապավենն էլ է վերախմբագրված:
“20 տարվա ընթացքում Հայաստանը փոխվել է: Արկածախնդրության ոգի եմ զգում: Խաղաղություն ձեզ”,- հրաժեշտին ասաց Իէն Գիլանը: Ի դեպ, հայ երիտասարդները ստորագրահավաք են անցկացնում` ի նշան շնորհակալության “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծին:
Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Ռոբերտ Չաղալյանի


×
3,592






