×


“Տեսիլք”-ից դեպի “Միսթիսիթի”

“Տեսիլք”-ից դեպի “Միսթիսիթի”

Երեւանյան ռոք ամերիկյան երանգավորմամբ “Միսթիսիթի” (Mysticity)` այսպես է կոչվում 80-ականների հայկական ռոքի առաջամարտիկներից` Խաչիկ Մելեքյանի նոր նախագիծը: Այն խոստանում է իր ներդրումն ունենալ դասական ռոքի միջազգային ասպարեզում: Նախագծի ստեղծմանը մասնակցել են ռոք-երաժշտության համաշխարհային ճանաչում ունեցող դեմքեր. երգերի կատարումը` բրիտանական Rainbow խմբի վերջին վոկալիստ Դուգի Ուայթ (Doogie White - Blackmore's Rainbow, Malmsteen's Rising Force, Cornerstone, Empire and other classic/progressive/metal bands), հարվածային գործիքներ`Ջոն Մոնթգոմերի, Բոբ Ռոնդինելի, (Bobby Rondinelli - Rainbow, Black Sabbath, Scorpions, Quiet Riot), ստեղնաշարային գործիքներ` ամերիկահայ հայտնի երաժիշտ Դերեք Շիրինյան (Derek Sherinian - Dream Theater, Planet X) եւ Ջիվան Գասպարյան կրտսեր: “Տեսիլքի” հիմնադիր Խաչիկ Մելեքյանը (ձախից) Երգերի  մասթերինգը կատարել է Սթիվեն Մարշը, ով հայտնի է ռոք լեգենդների հետ իր աշխատանքով (Ozzy, Snow Patrol, etc.) “Միսթիսիթի”-ին մեծ ապագա է կանխատեսել  ամերիկյան երաժշտական հայտնի քննադատներից Բրայան Բենկենդորֆը: Խմբի երգերից մեկը հնչել է Նյու Յորքի երաժշտական հայտնի ռադիո հաղորդումներից մեկի` Բոբ Նալբանդյանի ծրագրում եւ մեծ արձագանք է ունեցել: Նախագծում ներառված 11 երգերի հեղինակն ու երաժշտական ձեւավորողը  Խաչիկ Մելեքյանն է: “Միսթիսիթի”-ն դասական, մեղեդային ռոք է` պրոգրեսիվ ռոքի էլեմենտներով: “Տեսիլք” թե “Միսթիսիթի” ““Միսթիսիթի” բառն իր մեջ ունի տեսիլքի գաղափարը: Տեսիլքն իմ ընկալմամբ այն է, որ թաքնված է հիմնական, երեւացող շերտի տակ, եւ ոչ բոլորը կարող են այն տեսնել. այն սպասելիք է, հույս է, տեսլական… ’’,- իր նոր նախագիծը ներկայացնում է Խաչիկ Մելեքյանը` 80-ականներին Հայաստանում ճանաչված “Տեսիլք” ռոք-խմբի համահիմնադիրը: Mysticity 1991-ին Խաչիկ Մելեքյանը, որ Տեսլիքի “շարժիչն էր”, տեղափոխվում է  Միացյալ Նահանգներ, ինչի արդյունքում ավարտվում է  խմբի հայաստանյան գործունեությունը: Օտար երկրում հաստատվելու եւ կայանալու տարիներին Մելեքյանը չի հրաժարվում երաժշտությունից, “Տելսիլքի” գաղափարը վերածնելու մտքից: Ջոն Մոնթգոմերի 16 տարի անց, շուրջ 2.5 տարի անքուն գիշերների արդյունքում, ստեղծվում է նոր նախագիծ` “Միսթիսիթի”: “Հիմնական խթանը “Տեսիլքի” գաղափարը վառ պահելն էր, նախագիծը կոմերցիոն բնույթ չէր կրում: Համաշխարհային չափանիշներով ստեղծված այս նախագիծն անարդար կլիներ չներկայացնել այլազգի հանդիսատեսին, այդ պատճառով ընտրվեց փոխզիջումային տարբերակ, եւ նախագիծն անվանվեց “Միսթիսիթի”, սակայն սկավառակի վրա նշված է նաեւ “Տեսիլք””,- նշում է Մելեքյանը: “Տեսիլք” խմբի երաժշտությունը ճանաչողներին կարող է թվալ, թե երգերը “Տեսիլք”-ինն են, այնինչ միայն չորս երգ է ներառված խմբի երգացանկից: Նոր նախագծում ներառված 11 երգերին բնորոշ է խորհրդավորությունը: “Սյս նախագծի “այցեքարտ” երգը, օրինակ, “Թաքնված Արեւի դեսպանները” (The Ambassadors of the Hidden Sun)` այն ուժի մասին է, որ կա ցանկացած մարդու մեջ եւ հնարավորություն է տալիս բացահայտել նրա ներքին դրական ուժը”,- նշում է Խաչիկ Մելեքյանը: Խաչիկ Մելեքյան “Դուգի Ուայթը լսեց երգերիցս մեկը եւ համաձայնեց համագործակցել ու կատարեց ալբոմում ներառված երգերի մեծամասնությունը: Համացանցը հնարավորություն տվեց իրականացնելու անհնարինը”,- պատմում է երաժիշտը: Նախագծի բոլոր երգերի հեղինակը, ինչպես նաեւ ալբոմում ներառված  “Տեսիլք” խմբի նոր ձեւավորմամբ չորս երեգերի համահեղինակը Խաչիկ Մելեքյանն է: Հոլիվուդյան իր առանձնատանը կից ձայնագրման ստուդիայում Մելեքյանը համախմբել է աշխարհի տարբեր մասերում ձայնագրված երաժշտությունը. “Դուգի Ուայթը ձայնագրում էր երգը Լոնդոնում, վերադարձնում էր ինձ, այնուհետեւ մյուս երաժիշտներից ստացված ձայնագրությունները կցելով, ստեղծեցի ամբողջական սկավառակը”, - պատմում է Մելեքյանը: “Տեսիլք” (2009 թվական) Ձայնագրություններն ավարտված են, այժմ սկավառակը թողարկման փուլում է: “Տեսիլք” “Տեսիլք” խումբը, որ հիմնականում հանդես էր գալիս դաական ռոք ոճում, ձեւավորվել էր 1983 թվականին, խորհրդային տարիներին, երբ երաժշտական այս ոճն ընդվզման յուրատեսակ ձեւ էր համարվում: Խաչիկ Մելեքյանը, Հարություն Ստամբոլյանը, Արթուր Սաֆարյանն ու Հովհաննես Շադանյանը  իրենց երաժշտությամբ մասնակցեցին 80-ականների հայկական ռոքի ստեղծմանն ու ձեւավորմանը: “Տեսիլքի” համերգը “Հրազդան” մարզադաշտում (1990 թվական) “Բազմաթիվ համերգներ ենք ունեցել Հայաստանի մարզերում եւ միշտ լեփ լեցուն դահլիճներում”,- հիշում է Մելեքյանը: Խորհրդային Միության տարիներին Ռոստովում անցկացված ռոք-փառատոնում “Տեսիլքը” գրավեց առաջին տեղը: 1990 թվականին խմբի հիմնական անդամների` Խաչիկ Մելեքյանի ու Հարութ Ստամբոլյանի` Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո  “Տեսիլքի” գործունեությունը դադարում է: Տարիներ անց,  2003 թվականին Հայաստան այցը Խաչիկ Մելեքյանին ոգեւորում եւ ստեղծագործական նոր լիցքեր է հաղորդում: Մի դիպվածի արդյունքում Մելեքյանը որոշում է խախտել շուրջ 12 տարվա լռությունը եւ վերակենդանացնել “Տեսիլքը”: “Տեսիլք” (1987 թվական) “Հեռուստահաղորդումից հետո, որտեղ ես հյուր էի, բազմաթիվ զանգեր եղան. մարդիկ հիշեցին “Տեսիլքը” եւ ակնկալում էին նոր երգեր: Նաեւ տեղեկացա, որ մեր խմբի ճանաչված ու սիրված երգերից “Անձրեւը” հնչել էր Արսեն Սաֆարյանի կատարմամբ եւ ներկայացվել էր այլ հեղինակ, այնինչ “Անձրեւը” գրվել է 1987-ին եւ մեր հիմնական երգացանկում էր”: Այս տեղեկությունը լրացուցիչ խթան է հանդիսանում, իսկ խմբի երկրպագուներից մեկի նոր երգեր ակնկալող հեռախոսազանգը վերջնականապես համոզում է Խաչիկ Մելեքյանին իրականացնելու մտահաղացումը: 2003 թվականին “Տեսիլքի” երաժիշտներից Հովհաննես Շադամյանի հետ Խաչիկ Մելեքյանը Երեւանում ձայնագրում է երեք երգ, ինչի հիման վրա ամբողջացվում է “Տեսիլքի” երգերից կազմված “Արմենիան ռոք” ալբոմը: Ինչ է ռոքը… “Ռոքն իմ համար գեղեցիկի արտահայտման ձեւ է եղել, երբեք չեմ ընկալել այն որպես բողոքի միջոց: Մեր ժամանակներում ռոքն ընտրյալների երաժշտություն էր, այն դժվար ընկալելի էր լայն հասարակության համար: Այսօր էլ դասական ռոքը մեծ լսարան չունի Միացյալ Նահանգներում: Այլընտրանքային ռոքի տարբեր ուղղությունների կողքին դասական ռոքի երկրպագուների թիվը սահմանափակ է` ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանի, արեւելյան Եվրոպայի”,- նշում է Մելեքյանը: “Տեսիլք” (2009 թվական) Դասական ռոքի բարձր չափանիշներով ու երեւանյան հոգով ‘Տեսիլք” -“Միսթիսիթի” նախագիծն անկասկած իր արժանի տեղը կգրավի նաեւ  համաշխարհային ռոք-նախագծերի շարքում: “Մեծ ցանկություն ունեմ նախագիծն առաջինը  ներկայացնել Հայաստանում` մի բեմում համախմբելով նաեւ աշխարհահռչակ երաժիշտներին”,- նշում է Մելեքյանը` այս հարցում ակնկալելով նաեւ որոշակի աջակցություն: Մեր հարցազրույցն ընդհատում է Արթուր Իսպիրյանի հեռախոսազանգը. “Խորհրդային Միությունում Երեւանը ռոք-երաժշտության կենտրոնն էր համարվում եւ շատ զարգացած ու գրագետ երաժշտություն էր մատուցվում. այն ժամանակ գաղափարներ կային, միտք կար երգերում: “Տեսիլք”-ն իր յուրահատուկ տեղն ունի հայկական ռոք-երաժշտության մեջ: Այդ խմբի  երաժշտությունը միշտ կմնա, թիթեռի կյանք չի ունենա` ինչպես այսօրվա երաժշտությունը: Բրավո, “Տեսիլքի” հիմնադիրներից Խաչիկ Մելեքյանին, որ շարունակում է իր երաժշտական գործունեությունն ավելի բարձր պրոֆեսիոնալիզմով, ավելին` իր տղային էլ դաստիրակում է որպես պրոֆեսիոնալ երաժիշտ”: Հարցազրույցը` Նանե Ավագյանի /ԱՄՆ-ում Bravo.am-ի սեփ. թղթակից/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW