22 Dec 2009
Տպել Տպել
 
“Տեսիլք”-ից դեպի “Միսթիսիթի”

Երեւանյան ռոք ամերիկյան երանգավորմամբ

“Միսթիսիթի” (Mysticity)` այսպես է կոչվում 80-ականների հայկական ռոքի առաջամարտիկներից` Խաչիկ Մելեքյանի նոր նախագիծը: Այն խոստանում է իր ներդրումն ունենալ դասական ռոքի միջազգային ասպարեզում: Նախագծի ստեղծմանը մասնակցել են ռոք-երաժշտության համաշխարհային ճանաչում ունեցող դեմքեր. երգերի կատարումը` բրիտանական Rainbow խմբի վերջին վոկալիստ Դուգի Ուայթ (Doogie White – Blackmore’s Rainbow, Malmsteen’s Rising Force, Cornerstone, Empire and other classic/progressive/metal bands), հարվածային գործիքներ`Ջոն Մոնթգոմերի, Բոբ Ռոնդինելի, (Bobby Rondinelli – Rainbow, Black Sabbath, Scorpions, Quiet Riot), ստեղնաշարային գործիքներ` ամերիկահայ հայտնի երաժիշտ Դերեք Շիրինյան (Derek Sherinian – Dream Theater, Planet X) եւ Ջիվան Գասպարյան կրտսեր:

“Տեսիլքի” հիմնադիր Խաչիկ Մելեքյանը (ձախից)

“Տեսիլքի” հիմնադիր Խաչիկ Մելեքյանը (ձախից)

Երգերի  մասթերինգը կատարել է Սթիվեն Մարշը, ով հայտնի է ռոք լեգենդների հետ իր աշխատանքով (Ozzy, Snow Patrol, etc.)

“Միսթիսիթի”-ին մեծ ապագա է կանխատեսել  ամերիկյան երաժշտական հայտնի քննադատներից Բրայան Բենկենդորֆը: Խմբի երգերից մեկը հնչել է Նյու Յորքի երաժշտական հայտնի ռադիո հաղորդումներից մեկի` Բոբ Նալբանդյանի ծրագրում եւ մեծ արձագանք է ունեցել: Նախագծում ներառված 11 երգերի հեղինակն ու երաժշտական ձեւավորողը  Խաչիկ Մելեքյանն է: “Միսթիսիթի”-ն դասական, մեղեդային ռոք է` պրոգրեսիվ ռոքի էլեմենտներով:

“Տեսիլք” թե “Միսթիսիթի”

““Միսթիսիթի” բառն իր մեջ ունի տեսիլքի գաղափարը: Տեսիլքն իմ ընկալմամբ այն է, որ թաքնված է հիմնական, երեւացող շերտի տակ, եւ ոչ բոլորը կարող են այն տեսնել. այն սպասելիք է, հույս է, տեսլական… ’’,- իր նոր նախագիծը ներկայացնում է Խաչիկ Մելեքյանը` 80-ականներին Հայաստանում ճանաչված “Տեսիլք” ռոք-խմբի համահիմնադիրը:

Mysticity

Mysticity

1991-ին Խաչիկ Մելեքյանը, որ Տեսլիքի “շարժիչն էր”, տեղափոխվում է  Միացյալ Նահանգներ, ինչի արդյունքում ավարտվում է  խմբի հայաստանյան գործունեությունը:

Օտար երկրում հաստատվելու եւ կայանալու տարիներին Մելեքյանը չի հրաժարվում երաժշտությունից, “Տելսիլքի” գաղափարը վերածնելու մտքից:

Ջոն Մոնթգոմերի

Ջոն Մոնթգոմերի

16 տարի անց, շուրջ 2.5 տարի անքուն գիշերների արդյունքում, ստեղծվում է նոր նախագիծ` “Միսթիսիթի”: “Հիմնական խթանը “Տեսիլքի” գաղափարը վառ պահելն էր, նախագիծը կոմերցիոն բնույթ չէր կրում: Համաշխարհային չափանիշներով ստեղծված այս նախագիծն անարդար կլիներ չներկայացնել այլազգի հանդիսատեսին, այդ պատճառով ընտրվեց փոխզիջումային տարբերակ, եւ նախագիծն անվանվեց “Միսթիսիթի”, սակայն սկավառակի վրա նշված է նաեւ “Տեսիլք””,- նշում է Մելեքյանը:

“Տեսիլք” խմբի երաժշտությունը ճանաչողներին կարող է թվալ, թե երգերը “Տեսիլք”-ինն են, այնինչ միայն չորս երգ է ներառված խմբի երգացանկից:

Նոր նախագծում ներառված 11 երգերին բնորոշ է խորհրդավորությունը: “Սյս նախագծի “այցեքարտ” երգը, օրինակ, “Թաքնված Արեւի դեսպանները” (The Ambassadors of the Hidden Sun)` այն ուժի մասին է, որ կա ցանկացած մարդու մեջ եւ հնարավորություն է տալիս բացահայտել նրա ներքին դրական ուժը”,- նշում է Խաչիկ Մելեքյանը:

Խաչիկ Մելեքյան

Խաչիկ Մելեքյան

“Դուգի Ուայթը լսեց երգերիցս մեկը եւ համաձայնեց համագործակցել ու կատարեց ալբոմում ներառված երգերի մեծամասնությունը: Համացանցը հնարավորություն տվեց իրականացնելու անհնարինը”,- պատմում է երաժիշտը:

Նախագծի բոլոր երգերի հեղինակը, ինչպես նաեւ ալբոմում ներառված  “Տեսիլք” խմբի նոր ձեւավորմամբ չորս երեգերի համահեղինակը Խաչիկ Մելեքյանն է: Հոլիվուդյան իր առանձնատանը կից ձայնագրման ստուդիայում Մելեքյանը համախմբել է աշխարհի տարբեր մասերում ձայնագրված երաժշտությունը. “Դուգի Ուայթը ձայնագրում էր երգը Լոնդոնում, վերադարձնում էր ինձ, այնուհետեւ մյուս երաժիշտներից ստացված ձայնագրությունները կցելով, ստեղծեցի ամբողջական սկավառակը”, – պատմում է Մելեքյանը:

“Տեսիլք” (2009 թվական)

“Տեսիլք” (2009 թվական)

Ձայնագրություններն ավարտված են, այժմ սկավառակը թողարկման փուլում է:

“Տեսիլք”

“Տեսիլք” խումբը, որ հիմնականում հանդես էր գալիս դաական ռոք ոճում, ձեւավորվել էր 1983 թվականին, խորհրդային տարիներին, երբ երաժշտական այս ոճն ընդվզման յուրատեսակ ձեւ էր համարվում:

Խաչիկ Մելեքյանը, Հարություն Ստամբոլյանը, Արթուր Սաֆարյանն ու Հովհաննես Շադանյանը  իրենց երաժշտությամբ մասնակցեցին 80-ականների հայկական ռոքի ստեղծմանն ու ձեւավորմանը:

“Տեսիլքի” համերգը “Հրազդան” մարզադաշտում (1990 թվական)

“Տեսիլքի” համերգը “Հրազդան” մարզադաշտում (1990 թվական)

“Բազմաթիվ համերգներ ենք ունեցել Հայաստանի մարզերում եւ միշտ լեփ լեցուն դահլիճներում”,- հիշում է Մելեքյանը:

Խորհրդային Միության տարիներին Ռոստովում անցկացված ռոք-փառատոնում “Տեսիլքը” գրավեց առաջին տեղը: 1990 թվականին խմբի հիմնական անդամների` Խաչիկ Մելեքյանի ու Հարութ Ստամբոլյանի` Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո  “Տեսիլքի” գործունեությունը դադարում է:

Տարիներ անց,  2003 թվականին Հայաստան այցը Խաչիկ Մելեքյանին ոգեւորում եւ ստեղծագործական նոր լիցքեր է հաղորդում: Մի դիպվածի արդյունքում Մելեքյանը որոշում է խախտել շուրջ 12 տարվա լռությունը եւ վերակենդանացնել “Տեսիլքը”:

“Տեսիլք” (1987 թվական)

“Տեսիլք” (1987 թվական)

“Հեռուստահաղորդումից հետո, որտեղ ես հյուր էի, բազմաթիվ զանգեր եղան. մարդիկ հիշեցին “Տեսիլքը” եւ ակնկալում էին նոր երգեր: Նաեւ տեղեկացա, որ մեր խմբի ճանաչված ու սիրված երգերից “Անձրեւը” հնչել էր Արսեն Սաֆարյանի կատարմամբ եւ ներկայացվել էր այլ հեղինակ, այնինչ “Անձրեւը” գրվել է 1987-ին եւ մեր հիմնական երգացանկում էր”: Այս տեղեկությունը լրացուցիչ խթան է հանդիսանում, իսկ խմբի երկրպագուներից մեկի նոր երգեր ակնկալող հեռախոսազանգը վերջնականապես համոզում է Խաչիկ Մելեքյանին իրականացնելու մտահաղացումը:

2003 թվականին “Տեսիլքի” երաժիշտներից Հովհաննես Շադամյանի հետ Խաչիկ Մելեքյանը Երեւանում ձայնագրում է երեք երգ, ինչի հիման վրա ամբողջացվում է “Տեսիլքի” երգերից կազմված “Արմենիան ռոք” ալբոմը:

Ինչ է ռոքը…

“Ռոքն իմ համար գեղեցիկի արտահայտման ձեւ է եղել, երբեք չեմ ընկալել այն որպես բողոքի միջոց: Մեր ժամանակներում ռոքն ընտրյալների երաժշտություն էր, այն դժվար ընկալելի էր լայն հասարակության համար: Այսօր էլ դասական ռոքը մեծ լսարան չունի Միացյալ Նահանգներում: Այլընտրանքային ռոքի տարբեր ուղղությունների կողքին դասական ռոքի երկրպագուների թիվը սահմանափակ է` ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանի, արեւելյան Եվրոպայի”,- նշում է Մելեքյանը:

“Տեսիլք” (2009 թվական)

“Տեսիլք” (2009 թվական)

Դասական ռոքի բարձր չափանիշներով ու երեւանյան հոգով ‘Տեսիլք” -“Միսթիսիթի” նախագիծն անկասկած իր արժանի տեղը կգրավի նաեւ  համաշխարհային ռոք-նախագծերի շարքում: “Մեծ ցանկություն ունեմ նախագիծն առաջինը  ներկայացնել Հայաստանում` մի բեմում համախմբելով նաեւ աշխարհահռչակ երաժիշտներին”,- նշում է Մելեքյանը` այս հարցում ակնկալելով նաեւ որոշակի աջակցություն:

Մեր հարցազրույցն ընդհատում է Արթուր Իսպիրյանի հեռախոսազանգը. “Խորհրդային Միությունում Երեւանը ռոք-երաժշտության կենտրոնն էր համարվում եւ շատ զարգացած ու գրագետ երաժշտություն էր մատուցվում. այն ժամանակ գաղափարներ կային, միտք կար երգերում: “Տեսիլք”-ն իր յուրահատուկ տեղն ունի հայկական ռոք-երաժշտության մեջ: Այդ խմբի  երաժշտությունը միշտ կմնա, թիթեռի կյանք չի ունենա` ինչպես այսօրվա երաժշտությունը: Բրավո, “Տեսիլքի” հիմնադիրներից Խաչիկ Մելեքյանին, որ շարունակում է իր երաժշտական գործունեությունն ավելի բարձր պրոֆեսիոնալիզմով, ավելին` իր տղային էլ դաստիրակում է որպես պրոֆեսիոնալ երաժիշտ”:

Հարցազրույցը` Նանե Ավագյանի /ԱՄՆ-ում Bravo.am-ի սեփ. թղթակից/


    կարծիքներ չկան     434 Դիտումներ
Հաջորդ
Ձմեռային շքերթ

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Անի Քրիստի
Բուռն աշխատանք` ամառային հանգստից հետո:)
կարդալ...
Ալինա Բաբայան
Իսպանիայով ու արեւելյան ֆլամենկոյով տարված պարուհին
կարդալ...
Միշա Գալուստյան
Դերասանը դուստր է ունեցել
կարդալ...
Ժերար Դեպարդյե
Ֆրանսիացի անվանի դերասանը Երեւանում է
կարդալ...
Սուրեն Թադեւոսյան
Եվրոպայից Հայաստան` SLK Mersedes կաբրիալետով
կարդալ...
 
More news
 
Անաիսա
“Ինձ ասացի` պետք է իմ հայրենիքում երգեմ”
կարդալ...
Ալլա Գրիգորյան
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է “Միսիս Տիեզերք-2010”-ին
կարդալ...
“Նաիրի”
HSBC-ն ու “Այաս”-ը նշեցին նավակի տարեդարձը
կարդալ...
«Մանկական Եվրատեսիլ 2010»
Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը կհնչի Մինսկում
կարդալ...
“E.C.H.O.E.S.”
Ջազը ազգություն չի ճանաչում
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
NER
 
Arzo
 
Maritza
 
raf
 
V.Grigoryan
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by