×


Tim De Beatz

Tim De Beatz

“Alo, alo”. Բաժանորդը “ուրիշ” արցախցի է “Ալո, ալո, ինձանա խ ե՞ ըս խռավալ, էտ հինչ ա, պե ՞ն ա պըտահալ…”: Իսկ պատահել է այն, որ հանգստյան օրերին Արցախի բարբառը որոշ չափով սովորել է “Ֆեյսբուք”-ի մոտ 9-ը հազար օգտատեր. երկու օրում հենց այսքան մարդ տարածել է   “Alo, alo”-ն:): “Երգը ես եմ գրել, ես երգել, ընկերս ձայնագրել է, ես միքսել, մասթերինգ եմ արել ու տեղադրել էջումս: Տաք-տաք երգ է:)”: Իսկ ինքը Թիմն է, իր խոսքերով` մի քիչ ուրիշ մարդ, էքսպերիմենտների մեծ սիրահար : BRAVO.am-ի հետ զրույցում արցախցին ասել է` “Բաքվի բեմում կանի էն, ինչ պետք ա”: Tim De Beatz -Շաբաթ կեսգիշերին Facebook-ի քո էջում դրեցիր “Alo, alo”  երգիդ հղումը: Այն լայն տարածում գտավ հենց նույն օրը, ե՞րբ նկատեցիր, որ արդեն որոշ չափով հայտնի ես դարձել: -Սովորաբար ուշ եմ արթնանում. կեսօրին արթնացա, ինչպես միշտ էջս ստուգեցի ու տեսա, որ երգս արդեն սիրվել է, ինչը կանխատեսելի էր ինձ համար, թեեւ ճիշտն ասած` չէի սպասում նման “բում”-ի, բայց արի ու տես:): -Իսկ դու ո՞վ ես:): -Արտյոմ Հակոբյանն եմ` հասարակ արցախցի: Ավարտել եմ Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Երաժշտությամբ զբաղվում եմ 19-ը տարեկանից: Լիրա Քոչարյանի հիմնադրած “Արցախի ձայն” երաժշտական նախագծի մենակատարներից եմ: Մասնակցել եմ երաժշտական մի քանի մրցույթի: 2007-ին դարձել եմ “Songs of the World”-ի առաջին մրցանակակիրը, ինչպես նաեւ ստացել հատուկ մրցանակ մոլդովական ազգային երգի լավագույն կատարման համար: Որպես երգահան համագործակցել եմ սերբ մի շարք երաժիշտների հետ, ինչպես, օրինակ, երգահան, երգիչ Արթուր Պրիմակը: Այդ ժամանակ ես ստեղծագործում էի Արտյոմ Ավաուն անվան ներքո` իրենց լեյբլի հետ պայմանավորվածության համաձայն: Իմ իսկ հեղինակած “Eternal Fire” երգով էլ 2009-ին մասնակցել եմ “Եվրատեսիլ”-ի հայաստանյան նախընտրական փուլին: Այս երգի բառերը գրել է “Abba” խմբից հայտնի Բենի Անդերսոնի սաներից Թեմիլիա Բլադը:  Tim De Beatz -Այս տարի երգի միջազգային մրցույթը կայանալու է Բաքվում: Ադրբեջանական բեմում Հայաստանը ներկայացնելու ցանկություն ունե՞ս: -Իսկ ե՞րբ է եղել, որ “Եվրատեսիլ”-ում Հայաստանը ներկայացնի այն երգիչը, ով ցանկություն ունի, պատրաստ է ու կարող է: Այո, իհարկե, ես կգնամ եւ կանեմ այն, ինչ պետք է: Բայց մեր ցանկությունն ու պատրաստակամությունը քիչ է, ինքներդ գիտեք այդ խոհանոցը: -Մինչ 19-ը տարեկան դառնալդ դու եւ երաժշտությունն իրար չե՞ք ճանաչել:): -Կարելի է ասել` մի ընտանիքում ենք մեծացել: Հայրս երաժիշտ էր` շատ գրագետ ու շատ տաղանդավոր: Նա Արցախյան ազատամարտի ամենաակտիվ մասնակիցներից է եղել հենց պատերազմի սկզբից: Ծնողներիս պատմելով` երբ 2-3 տարեկան եմ եղել, ինձնից մեծ քույրս, երբեմն, չի կարողացել նվագել երաժշտական դպրոցում իրեն հանձնարարված գործերը, եւ ես վազել եմ դաշնամուրի մոտ, իր նվագածը մեկ մատով բացարձակ ճշտությամբ նվագել, կրկին վազել սենյակ ու շարունակել խաղալ իմ խաղալիքներով:): Երաժշտությամբ պրոֆեսիոնալ ձեւով չեմ զբաղվել մինչ նշածս տարիքը: Ուղղակի փոքրուց ինչ գործիք տեսնում էի, սկսում էի ուսումնասիրել ու մի որոշ ժամանակ անց ինչ-որ բաներ նվագել: Tim De Beatz -Հասարակ արցախցուդ կյանքն ինչպե՞ս է դասավորվել Հայաստանի համար շատ կարեւոր Արցախում: -Դպրոցս Արմավիր քաղաքում ավարտելուց հետո տեղափոխվեցի Ստեփանակերտ եւ ընդունվեցի Արցախի պետական համալսարան, որտեղ ամեն տարի “Ուսանողական գարուն” միջոցառումն էր կազմակերպվում: Մի խոսքով, դրանից հետո ինձ տարան Լիրա Քոչարյանի մոտ: -Ինչպես երեւում է` Լիրա Քոչարյանի դերը քո կյանքում մեծ է: -Նա իմ երկրորդ մայրն է: Եթե ես ինչ-որ բան եմ ներկայացնում ինձնից որպես երաժիշտ, դա միայն իր շնորհիվ է: Չեք պատկերացնի նրա դերն իմ կյանում. նա է ստեղծել ինձ որպես երաժիշտ եւ երգիչ: Նման պրոֆեսիոնալ ուսուցչի ու ծնողի մոտ դաստիարակվելն ու ուսանելն արդեն իսկ մեծ հպարտություն է: “Արցախի ձայնն” իմ ընտանիքն է, Լիրա Քոչարյանը մեր “մաման”: -Ինչքանո՞վ ես կապված ծննդավայրիդ հետ եւ արդյո՞ք Երեւանում հաստատվելու նպատակ չունես` ինչպես ծննդով արցախցի մեր շատ երգիչներ: -Ես վերաբերվում եմ Արցախին այնպես, ինչպես դուք ձեր կրծքում տեղադրված սրտին: Իսկ պլաններս այլ են. պատրաստվում եմ մեկնել Լոս-Անջելես` “The Los Angeles Recording School”-ում սովորելու: Եվ սա պարզապես նպատակ չէ, հստակ որոշված է, որովհետեւ գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց հերթին շատ հստակ որոշեցին ինձ օգնել այս հարցում: Tim De Beatz - Քո երաժշտությունից խոսիր:): -Նախ ասեմ, որ “Alo, alo”-ն R&B չէ, ինչպես որ ներկայացնում են, այլ փոփ երաժշտություն է: Աշխատում եմ փոփ, էլեկտրո-փոփ, հիփ-հոփ, R&B, ռոք, էլեկտրո-ռոք ոճերում: Էքսպերիմենտների մեծ սիրահար եմ ու կողմնակից: Շատ ոճերում եմ էքսպերիմենտներ անում, բայց ներկա պահին զբաղվում եմ նրանով, ինչը օրերս գնահատվեց:): -Արցախի բարբառով առաջի՞ն երգդ է “Alo, alo”-ն: -Ոչ, “Արցախի ձայնով” շատ երգեր ենք կատարել մեր բարբառով: Որպես մենակատար երգել եմ Ալեքսանդր Մանասյանի “Հեղինա” երգը, իսկ սա իմ սեփական առաջին ստեղծագործությունն է: “Alo, Alo”-ն բացարձակ մեր բարբառով է, գրական հայերեն ոչ մի խոսք, ոչ մի կիսառուսականախառը բառ չի օգտագործվել: Դժվար էր պահել մաքուր բարբառը, բայց արտահայտել այն, ինչ ուզում ես: “Alo, alo”-ն ես եմ գրել, ես երգել, ընկերս ձայնագրել է, ես միքսել, մասթերինգ եմ արել ու “Ֆեյսբուքում” տեղադրել: Տաք-տաք երգ է: -Մի՞ կյանք, երկո՞ւ կես: -Մի կյանքա, երկու կես:): -Քանի՞ տարեկան ես: -25: -Որքա՞ն ժամանակ է` սիրահարված ես:): -Սիրում եմ:): “Արցախի ձայն” երաժշտական նախագծի մասնակիցները -Երգդ անպատասխան սիրո մասին է… -Անպայման չէ գրել կաշվիդ վրա զգացածը, կարող ես գրել նրա մասին, ինչ զգում է ընկերդ, ինչ տեսնում ես շուրջդ կամ ինչ պատկերացնում ես: -Tim De Beatz-ի մասին մանրամասներ ներկայացրու: -Չգիտես ինչու` բոլորը մտածում են, որ սա խումբ է: Tim-ը ես եմ. Artyom, Tyom, Team, Tim, իսկ Beatz-ը երաժշտական բիթերն են: Դեռեւս չեմ պատրաստվում փոխել բեմական անունս: Հիմա ամերիկահայ ռեփեր, պրոդյուսեր VM-ի հետ ենք ուզում դուետ ձայնագրել: Նա “VM Music Empire Production”-ի հիմնադիրն է, ես էլ հանդիսանում եմ այս փրոդաքշնի պրոդյուսերը: Ասեմ նաեւ, որ հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի հետ էլ շուտով անակնկալ կմատուցենք:): -Ի՞նչ կապի մեջ ես Մարս մոլորակի հետ:): -Սիրում եմ տիեզերքը, մոլորակները, անվերջությունը: Կարող եմ գիշեր-ցերեկ ժամերով նայել երկնքին, կատակ չեմ անում: -Արեւի՞ն էլ ես նայում:): -Արեւից սնվում եմ: Երբ մի քանի օր արեւ չի լինում, “զարյադկաս” նստում է, արեւի մի փոքր կտոր եմ ճարում, որ լիցքավորվեմ:): Մի քիչ ուրիշ մարդ եմ` երեխա` ավելի ազատ մտքով ու երեւակայությամբ, ամենակարեւորը, կարողանում եմ հավատալ ու չեմ հարցնում` ինչպես կարող է այդպես լինել:): Զրուցեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/ Լուսանկարները` Tim De Beatz-ի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին