×


Թղթե արձանիկներ

Թղթե արձանիկներ

Մետաղից մինչեւ թղթե աշխարհ Դիզայներ Մարգարիտ Մատուլյանը զբաղվում է քանդակագործությամբ, ստեղծում մետաղյա արձանիկներ: Մինչ արձանի կերտելը մի անգամ պատրաստել է դրա թղթե էսկիզը: Նրա մոտ միտք է ծագել մարդկանց ցույց տալ հենց սպիտակ թղթերով պատրաստված արձանիկներ: Բավական թվով թղթե արձանիկներ ստեղծելուց հետո էլ որոշել է բացել անհատական ցուցահանդես: Margarit Matulyan Ապրիլի 15-ին “Ակադեմիա” պատկերասրահում կայացավ Մարգարիտի ստեղծած արձանիկների ցուցահանդեսի բացումը: Ներկայացված էին թղթե, պղնձե եւ բրոնզե արձանիկներ: Հեղինակը թղթով քանդակել էր կենդանիներ, ամենատարբեր մարդկային կերպարներ, ինչպես օրինակ` “Պարուհի”, “Ասպետ”, “Սլավոնական մոտիվներով”, “Ծովահեն”, “Ճապոնուհի”, “Սիրամարգ”, “Ձուկ” եւ այլն: 22 թղթե աշխատանքները միայն սպիտակ են, որովհետեւ հեղինակը չի ցանկանում գունավոր տիկնիկային կերպարներ ստանալ. “Ինչպես մետաղե արձանն է մեկ գույնի, բայց տարբեր երանգներով, նույնն էլ տարբեր որակի թղթերով ստացել եմ սպիտակի երանգները”,- ասում է Մարգարիտ Մատուլյանը:  Մարգարիտի ստեղծած արձանիկների ցուցահանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում Դիզայներ-քանդակագործն ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի բաժինը. “Քանդակագործությունը մեր մասնագիտության մի մասն է, որոշեցի ընտրել հենց այս ճյուղը: Մետաղյա արձանիկներից հետո սկսեցի աշխատել թղթե արձանիկների վրա, ի վերջո նյութը կարեւոր չէ, այլ գաղափարը”: “Թղթից քանդակ պատրաստելու յուրահատուկ մոտեցումն ինձ իրոք դուր եկավ: Երիտասարդ տարիքում նման մտածելակերպով աղջկա նոր գաղափարների մասին մոտ ապագայում դեռ կլսենք: Աշխարհում ընդունված է թղթով աշխատելը, բայց մեզ մոտ առաջին անգամ եմ նկատում: Հիացած եմ. օրը տոն դարձավ ինձ համար”, - այսպիսին են նկարիչ-դիզայներ Արեւ Պետրոսյանի տպավորությունները թղթե քանդակները դիտելիս: Մարգարիտ Մատուլյանի թղթե աշխատանքները Գեղագիտության ազգային կենտրոնի ղեկավար Լեւոն Իգիթյանի խոսքերով, թղթե արձանիկներն ունիկալ են ու դիպուկ. “Կարծում եմ` հեղինակը թվացյալ տարօրինակ, բայց շատ դիպուկ ու սրամիտ ինքնաարտահայտվելու ձեւ է գտել: Չեմ սիրում բացման ժամանակ նայել գործերը, հետո առանձին կուսումնասիրեմ, կզրուցենք, հնարավոր է` նրան առաջարկեմ մեր կենտրոնում երեխաներին դասավանդի այս ունիկալ արվեստը”, - նշեց Լեւոն Իգիթյանը: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից Դերասանուհի Իրինա Դանիելյանին եւս դուր էին եկել թղթե արձանիկները` հատկապես “Զբոսանք”-ը. “Քանի որ նույն արձանիկի թղթե ու մետաղյա տաբերակներն էին իրար կողքի, իմ ուշադրոթյունն անմիջապես գրավեց: Հետաքրքիրն այն է, որ զբոսնող կնոջ շատ փոքր դետալները` ձեռքերի դիրքը, բերանի արտահայտությունը խարակտերիկ տարբերություններ են տալիս: Այս գործն առանձնահատուկ հավանեցի”, - ասաց նա: Սա հեղինակի երկրորդ անհատական ցուցահանդեսն է: Առաջինում Մարգարիտ Մատուլյանը ներկայացրել է մետաղյա արձանիկները: Այժմ բոլորը միասին կարող եք տեսնել ցուցասրահում դեռ մեկ շաբաթ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW