×


“Թյուրիմացության պարահանդես”

“Թյուրիմացության պարահանդես”

Նոր ներկայացում` նոր անվամբ Մարտի 25-ին “Էդգար Էլբակյան” թատրոնում կայացավ “Թյուրիմացության պարահանդես” կատակերգության պրեմիերան: Ներկայացման հիմքը Հակոբ Պարոնյանի “Պաղտասար աղբար” կատակերգությունն էր: Ներկայացման բեմադրիչը Արմեն Էլբակյանն էր, որի խոսքերով, “ամբողջ ներկայացման ընթացքում թյուրիմացության հիմքի վրա Անուշն ու Կիպարը ստեղծում են պարահանդես”: Արմեն Էլբակյանն այս ստեղծագործությունը բեմադրել է նաև “Փոսի թատրոնում”, այժմ նոր կազմով ու բեմադրությամբ ընդգրկված է “Էդգար Էլբակյան” թատրոնի խաղացանկում: “Թյուրիմացության պարահանդես” Ներկայացման պրեմիերային հրավիրված էին դերասանների ու բեմադրիչի մտերիմները, գործընկերներն ու Թատերական ինստիտուտի ուսանողները: Ներկայացումը 2 գործողությամբ է, զբաղված են մոտ տասը դերասաններ: Պաղտասարին մարմնավորած Վանիկ Մկրտչյանը գոհ էր իր կրտսեր գործընկերների աշխատանքից. “Պարոնյան դրամատուրգը չէր կարող հենց այնպես կոմեդիա գրել ու որպես ծաղրածու ներկայացնել իր հերոսին: Կարծում եմ` այս կերպարը միայն իր միամտության հաշվին կարող է կոմիկ կերպար լինել: Սա դրամատիկական, ողբերգական կերպար է, որովհետեւ անբարոյականությունը ծիծաղի առարկա չի կարող լինել”: Arsen Grigoryan Սպասուհի Սողոմեին մարմնավորող Նաիրա Սեւունցը նշեց, որ իր կերպարը բազմաշերտ է. “Կերպարս մեծ հնարավորություն է տալիս անընդհատ աշխատելու, պրպտելու… Չէի պատկերացնի, որ Պարոնյանի գործը կարելի է այսքան թեթեւ ու հաճույքով խաղալ: Որպես դերասանուհի, Էլբակյանի հետ աշխատելը պարգեւ է ինձ համար. փորձերին գալը ներկայացման նման կարեւոր ու հուզիչ էր”: Vanik Mkrtchyan Արսեն Գրիգորյանը պատմեց, որ իր մարմնավորած փաստաբան Օգսենի կերպարը միանգամից չի ստացվել.“Ինձ համար նորություն էր Պարոնյանի գործում կերպար ստանձնելը: Դերասանի համար դասական գործ խաղալը շատ մեծ հիմք է: Արմեն Էլբակյանի ճիշտ ռեժիսորական մոտեցմամբ ու դերասանի հետ աշխատելու ունակությամբ ստեղծվեց այս կերպարը, որին մարմնավորելու համար միշտ ուրախությամբ “վազում” եմ թատրոն: Փորձերի ժամանակ եղել են անհաջող մասեր, որոնք դուրս են մնացել կերպարից”,- ասաց Արսեն Գրիգորյանը: Դերասանուհի եւ հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանի կարծիքով, չկան հին գործեր, կա սխալ բեմադրություն. “Շատերն ասում են, որ դասական գործերն ակտուալ չեն, բայց այսօր եւս մեկ անգամ համոզվեցի, որ չկա հին գործ, ամեն ինչ կախված է բեմադրությունից: Բեմադրությունը, դերասանական խաղը շատ հավանեցի, չեմ կարող չնշել Արսեն Գրիգորյանի խաղի մասին, իսկ Պաղտասար աղբարի խաղից ուղղակի ցնցված եմ”: “Թյուրիմացության պարահանդես” Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն ամենից շատ հավանել էր Պաղտասարի կերպարը. “Կարդացել եմ ստեղծագործությունը, ինչպես կարդացել ու պատկերացնում էի, էդպես էլ տեսա բեմում: Ամենից տպավորիչն ինձ համար գլխավոր կերպարն էր` Պաղտասարը, նաեւ իմ մտերիմ կոլեգայի` Արսենի խաղը: Կարծես, ամբողջ դահլիճին իրենց խաղով ցնցում էին”,- իր տպավորություններով կիսվեց Մանեն: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին