×


Ունա Կարինա

Ունա Կարինա

Արթուրն ու Արարատը երգչուհուն կապեցին հայերին Գերմանացի լիրիկ սոպրանո Ունա Կարինա Հանդերսը փոքր ժամանակ Աստվածաշնչում Նոյի ու Բիբլիական Արարատ սարի մասին պատմությունն է կարդացել ու սիրահարվել է Հայաստանին: Գերմանուհին ասում է, որ սիրում է Արարատը, սիրում է իր հայ ընկերներին, որոնք օգնել են Երեւան գալ, հայերեն խոսելն էլ քիչ-քիչ սովորում է: Նա Երեւանում է 2009-ի հոկտեմբերից, այս ուրբաթ մեկնելու է հայրենիք: Una Karina Handes Համերգի տեսքով հրաժեշտի երեկոն տեղի ունեցավ մարտի 21-ին “The Club”-ում: Ունա Կարինա Հանդերսին նվագակցում էր հայաստանցի դաշնակահար Արթուր Ավանեսովը: Ներկայացրին Բրամսի, Գրիգի, Մենդելսոնի, Կորելի ստեղծագործությունները: Ունա Կարինան Կոմիտասի գործերն է շատ սիրում, բայց քանի որ “մեծ պատասխանատվություն է Կոմիտաս կատարելը”, երգչուհին էլ  լիարժեք պատրաստ չէր, խոստացավ հաջորդ անգամ ներկայացնել: Artur Avanesov Դաշնակահար եւ կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը Ունա Կարինային հանդիպել է Նյու Յորքում, որոշել են միասին ձայնագրություններ կատարել: “Ես չէի կարող այդքան ժամանակ գտնվել Գերմանիայում, իրեն Երեւան կանչեցինք: Միասին 11 ձայնասկավառակ ենք ձայնագրել”,- ասաց Արթուր Ավանեսովը: Դաշնակահարը 10 օրից Թբիլիսիի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ է նվագելու, այնուհետեւ ելույթ կունենա Նյու Յորքում, Բոստոնում, ամռանն էլ Շվեյցարիայում փառատոնի է մասնակցելու: Ունա Կարինա Հանդերսի երեկոն  “The Club”-ում Ունա Կարինա Հանդերսը արդեն հայերեն սիրելի  արտահայտություններ էլ ունի, որոնք օգտագործում է: “Դու շատ կյանք ես, դու անտանելի ես, ջան: Շնորհակալություն”,- իր իմացած հայերեն արտահայտությունները նշեց Ունա Կարինան ու ավելացրեց, որ Երեւանից չի հոգնել. ուզում է աշխատանքից դուրս վայելի Հայաստանը: “Այստեղ ամեն ինչ թարմ է, համեղ, բոլորը շատ մոտ են բնությանը: Գառնիում, Գեղարդում եմ եղել. շատ գեղեցիկ է, վայելում եմ”,- ասաց նա: Una Karina Handes and Artur Avanesov Գերմանուհուն բացի Արարատից հայերին է կապում մշակույթը: “Հայաստանը մեծ չէ, բայց մշակույթը շատ արժեքավոր է: Ֆանտաստիկ դասական երաժշտություն, ֆանտաստիկ երաժիշտներ, պոետներ ունեք: Մարդիկ էլ հոգատար են միմյանց նկատմամբ, ինչպես գերմանացիները”: Ունա Կարինա Հանդերսը մարտի 26-ին կգնա Հայաստանից՝ իր հետ տանելով 11 ձայնասկավառակ ու մի շարք հայկական հուշանվերներ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին