Խմբի առաջին համերգը “Կասկադում”
Ապրիլի 30-ին “Կասկադում” Վահան Արծրունու երաժշտությունն էր հնչում: Անվանի երաժիշտն իր բենդի հետ առաջին անգամ ելույթ ունեցավ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում:
“Մի քանի ջազային համերգների ներկա եմ եղել, բայց բեմից առաջին անգամն է, հրաշալի համերգային ակումբ է. այս պատերում հնչում է կամերային, ռոք, ջազ, այն ամենը, ինչով շնչում է իրական մշակութային, երաժշտական կյանքը Երեւանում: Բեմի կառուցվածքը, լույսը, ամեն ինչ տրամադրող է”,- նշեց Վահան Արծրունին:
Խումբը երեք սեթով հանդես եկավ, ներկայացրին այն երաժշտությունը, որ իրենց ուշադրության կենտրոնում է, որով զբաղվում են արդեն գրեթե տասը տարի: “Քանի որ առաջին անգամն է, որոշեցինք ներկայանալ ամբողջ ծավալով` եւ երգային ստեղծագործությունները, եւ գործիքային, պրոգրեսիվ երաժշտությունը, ակուստիկ ռոքը… Այն ամենը, ինչից բաղկացած են լինում սովորաբար մեր առանձին ծրագրերը”,- Bravo.am-ին ասաց Վահան Արծրունին:
“Վահան Արծրունի եւ ընկերներ” խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով`
Վահան Արծրունի – վոկալ, կիթառ
Վահագն Ամիրխանյան - սոլո-կիթառ
Արթուր Մոլիտվին – բաս-կիթառ
Լեւոն Հախվերդյան – հարվածային գործիքներ
Ի դեպ, հունիսի 5-ին կայանալիք ռոք–փառատոնին խումբը մեծ ծրագրով է հանդես գալու, հունիսի 25-ին Վահան Արծրունին Կամերային երաժշտության տանը կամերային ծրագիր է ներկայացնելու, սեպտեմբերին էլ “Վահան Արծրունի եւ ընկերներ” խումբը համերգ է տալու սիմֆո-ռոք երաժշտական ժանրում: “Գրեթե չորս ամիսների ընթացքում ամբողջությամբ կներկայացնեմ այն երաժշտությունը, որով զբաղվում եմ”,- նշեց Վահան Արծրունին:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
8,725






