Երգիչը պատրաստվում է առաջին CD-ի թողարկմանը
Փետրվարին Disk Planet խանութ-սրահում տեղի կունենա Վարդան Բադալյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը: Երգիչը դեռ չի կողմնորոշվել CD-ն “Պարզապես”, թե “Հոգու լույս” անվանել: Երկուսն էլ նրա երգերի վերնագրերն են:
“Շատ եմ ուշացրել: Արդեն կարող եմ միանգամից երկուսը թողարկել: Ձայնասկավառակով գումար չես կարող աշխատել, դրա համար էլ ձգձգվում էր”,- անկեղծացավ Վարդան Բադալյանը:
Ձայնասկավառակի դիզայնը կատարել է Նելսոն Դարչինյանը Սպիտակ քաղաքից: “Ալբոմս սեւ ու սպիտակի մեջ է, լուսանկարներն էլ են սեւ-սպիտակ: Սիրում եմ այդ համադրությունը”,- ասաց երգիչը:
CD-ում 14-15 երգ կլինի: “Շատ-շատ են, մոտ 17 երգ ունեմ` հին, ճանաչված ու սիրված երգեր, որ նաեւ տեսահոլովակ ունեն, կան նաեւ լրիվ նորերը` “Ծնունդդ շնորհավոր” եւ “Էլ մի”: Երկուսի հեղինակն էլ Մանե Հակոբյանն է: Համագործակցել եմ նաեւ Ռիչարդ Մադլենյանի, Վաչե Ավեյանի, Արսեն Գրիգորյանի հետ”, - ձայնասկավառակի պարունակությունը ներկայացրեց Վարդան Բադալյանը: Նա անձամբ երբեք երգ չի գրում. “Ինձ դուր չեն գալիս իմ գրածները, ցանկությունը մեծ է, բայց չի ստացվում: Ես պրոֆեսիոնալների ստեղծագործությունները զգում ու երգում եմ”:
Ալբոմում Էստրադային եւ ժողովրդական երգեր են: Այսօր Վարդան Բադալյանը CD-ի վերջին երգն է ձայնագրում. “Ռիթմիկ երգ է. Էլ մի, Էլ մի…”,- երգեց նա:
Ի դեպ, շնորհանդեսից հետո հնարավոր է` Վարդան Բադալյանը մենահամերգով հանդես գա Բեյրութում:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/


×
10,017






