“Մասնագիտությունս դարձավ հոբի, հոբիս` մասնագիտություն”
Սիրված դերասան Վարդան Պետրոսյանը հանդիսատեսին ներկայացավ մի նոր, մինչ օրս անհայտ դերում: Հոկտեմբերի 20-ին “Իգիթյան” կենտրոնում կայացավ նրա “Օրեր… գույներ…” խորագիրը կրող ցուցահանդես-ներկայացումը` նվիրված լուսահոգի Հենրիկ Իգիթյանի հիշատակին:
Ցուցահանդեսին ներկայացվեցին Վարդան Պետրոսյանի ուսանողական եւ վերջին տարիներին կատարած աշխատանքները, այդ թվում` “Գարուն ա, ձյուն ա արել”, “Գողգոթա” շարքերը, “Թաղված մտքերը” եւ այլ գործեր:
Միմյանց լրացնող նկարների եւ մոնոներկայացման միջոցով Վարդան Պետրոսյանը անկեղծացավ հանդիսատեսի առջեւ, խոսեց իր կյանքի եւ ապրումների մասին, քալյ առ քայլ ներկայացրեց Ֆրանսիայում անցկացրած տարիները:
Պրեմիերայից հետո հանդիսատեսի հետ խոսելով իր կտավներից` նկարչական կրթություն ստացած արվեստագետն ասաց. “Դրանցում ասված է այն ամենն, ինչ չասեցի բեմադրության մեջ”,- ապա ավելացրեց,- “փաստորեն մասնագիտությունս ինձ համար դարձավ հոբի, իսկ հոբիս` մասնագիտություն” (նշենք, որ Վարդան Պետրոսյանը ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը ):
“Օրեր… գույներ…” ցուցահանդես-ևերկայացումը կտեւի 5 օր:
Վարդան Պետրոսյանը եւ “Հայսուպերսթարը”
“Հայսուպերսթար”-ի ժյուրիի անդամ Վարդան Պետրոսյանը պատրաստվում է բեմադրել նոր ներկայացում, որին կմասնակցեն նախագծի անդամները: “Նման ծրագրերի շնորհիվ մասնակիցները մրցույթի ավարտից հետո մոռացության չեն մատնվի”,- ասում է Վարդան Պետրոսյանն ու հավելում, որ ծրագրի մասին արդեն խոսել է “Շանթ” հուստաընկերության ղեկավարության հետ եւ ստացել նրանց համաձայնությունը:
Հեղինակ` Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի


×
14,089






