Նկարչի 10-րդ անհատական ցուցահանդեսը
Նոյեմբերի 9-ին Հայաստանի նկարիչների միության դահլիճում բացվեց գեղանկարիչ Վիլիկ Զաքարյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Սա նկարչի թվով 2-րդ ցուցահանդեսն է Նկարիչների միությունում, իսկ առհասարակ 10-րդն է:
Ցուցահանդեսի բացմանը նկարչին շնորհավորելու էին եկել նրա մտերիմ ընկերները, հարազատները, ուսանողներն ու պարզապես արվեստասեր մարդիկ:
Ցուցահանդեսին ներկա էր նկարչի մտերիմ ընկեր, դիզայներ Նուռը. “Նրա նկարներում նոր լույս ու շունչ է ավելացել, մինչդեռ տարիքի հետ նկարիչները հիմնականում ավելի մռայլվում են: Վստահ եմ, որ նա մեզ դեռ շատ կզարմացնի: Վիլիկն այն հազվադեպ նկարիչներից է, որի գործերը կախված են իմ տան պատերից: 3 կտավ ունեմ տանը, 1 հետաքրքիր աշխատանք էլ իմ արվեստանոցում է”,- ասաց Նուռը եւ հավելեց. “Ինձ շատ հետաքրքրեց “Սասնա ծուռ” կտավը, որովհետեւ գրքի ձեւավորման ոճ էր օգտագործված: Ուրախ կլինեմ, եթե “Սասնա Ծռերի” մասին գիրք հրատարակվի, եւ Վիլիկն այն նկարազարդի”:
Վիլիկ Զաքարյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել նաեւ Չեխիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, մասնակցել է միջազգային ցուցահանդեսների Ռուսաստանում, Ճապոնիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում եւ այլուր:
“Վիլիկ Զաքարյանը բարձր մակարդակի նկարիչ է: Նրա բոլոր նկարներն իրարից տարբերվում են բովանդակությամբ եւ կատարմամբ: Իր գործերում շոշափում է տարբեր թեմաներ` քրիստոնեությունից սկսած մինչեւ մեր առօրյան”,- նշեց վաստակավոր նկարիչ Սլավիկ Պարոնյանը:
Ցուցահանդեսում ներկայացված են 74 աշխատանքներ, որոնք նկարիչը ստեղծել է 2000-2009 թվերին:
“Այսօր նոր ձեռագրի հետ ծանոթացա, որն յուրահատուկ է եւ նման չէ շատ ոճերին, որոնց հանդիպել եմ: Շատ հետաքրքիր մտքեր ու գունային լուծումներ կան, որոնք ինձ համար նոր են: “Անմեղություն” կտավն առանձնահատուկ հավանեցի. մեծ աչքերով պատկերված աղջնակի աչքերում իսկապես անմեղություն կար: Համահունչ էր կտավի անվանումն ու ստեղծագործությունը”,- իր տպավորություններով կիսվեց Հասմիկ Կարապետյանը:
Վիլիկ Զաքարյանը 1984 թվականից Նկարիչների միության անդամ է, իսկ 1996-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ։
“Վիլիկ Զաքարյանին ճանաչում ենք որպես համեստ, բանիմաց եւ աշխատասեր անձնավորություն: Մարդ, որն ունի իր անհատականությունը. սա ինձ համար ամենագնահատելին է: Իր մտածելակերպի, տեխնիկայի ու խոսքի շնորհիվ Զաքարյանի աշխատանքները միշտ կարելի է տարբերել մյուսներից: Տեսնում եմ այն առաջընթացը, որն ունի հիմա, քանի որ այժմյան նկարները շատ են տարբերվում 10 տարի առաջ ստեղծած նրա գործերից”,- ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Ցուցահանդեսն այցելուների համար բաց է լինելու մինչև նոյեմբերի 19-ը:
Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի
