×


Յանա եւ Սուրո

Յանա եւ Սուրեն

«Դար 21»-ի հաղորդավարների հարսանիքը «Ե՞ս Yes»-ի նյութում «Ես գիտեի, որ կհասնեմ նպատակիս» Հայաստանյան ժամանցային հեռուստաընկերության սիրված հաղորդավարների հետ մեր զրույցը տեղի ունեցավ նորապսակների բնակարանում: Ամենուր ծաղիկներ էին, հարսանեկան հիշողություններ ու հյուրեր, հյուրեր եւ շնորհավորանքներ: Հոկտեմբերի 30-ին իմիջային, նաեւ ավտոաշխարհում սպասված հարսանիք էր: «Դար 21» հեռուստաընկերության «Իմիջ կոդ» եւ «Երաժշտական խաչմերուկ» հաղորդումների վարողներ Յանան եւ Սուրենը օրհնություն ստացան Սուրբ Զորավոր եկեղեցում: Յանայի եւ Սուրոյի հարսանիքը Զույգը նոր է վերադարձել Եգիպտոսից: Ամուսնական ճանապարհորդությունն ավարտվեց. ազդարավում է նոր կյանքի սկիզբը: Իսկ ամեն բան սկսվեց... - Ե՞րբ ավտոմեքենաների մասին ամեն ինչ իմացող Սուրենը հանկարծ գերվեց Յանայի գեղեցկությամբ ու հասկացավ, որ «իմիջային» Յանան այն արքայադուստրն է, ում համար կարող է սպիտակ ձի հեծնել: Սուրեն. - Դե, բոլորը գիտեն, որ միասին ենք աշխատում եւ մի օր ուղղակի սիրահարվեցի Յանային: Հետո մտերմության քայլեր ձեռնարկեցի: Սկզբում Յանան ինձ անգամ բարեւ էլ չէր տալիս, ու մի անգամ ասացի, որ, եթե տեսնում ես ինձ, գոնե բարեւի, հա՞: Հետո բարեւեց ու այդ բարեւն էր, որ չպիտի տար. հենց բարեւեց` ամուսնացանք :) Յանա. - Երբ մարդիկ իրար սիրում են, հասկանում են, ուրիշ ոչինչ հարկավոր չէ: «Պաշտոնական առաջարկություն` արի ընկերություն անենք», «Ես քեզ սիրում եմ» ու այս կարգի քայլեր չեն եղել: Պարզապես, ամուր սերն ինքնաբերաբար հանգեցրեց մեր ընկերությանը, որի սկիզբը պաշտոնապես համարում ենք փետրվարի 14-ը: Սուրենն ասաց` ես քեզ շատ եմ սիրում եւ չեմ կարող առանց քեզ ապրել: Բայց մինչ այդ ասեմ, թե ինչու չէի բարեւում: Կարծիք կա, թե Սուրենը կնամոլ է, եւ երբ աշխատանքի ընդունվեցի, բոլորի հետ շփվում էի, բացի Սուրենից: Խուսափում էի, որ հանկարծ իմ մասին էլ չմտածեն, թե` վա¯յ, Յանան բոլորի նման գերվեց Սուրենով եւ այլն... Այդպես գործի էի գնում-գալիս ու չէի բարեւում: Մի անգամ Սուրենը հարցրեց` Յա'ն, ինչի՞ չես բարեւում, ասացի` լավ, սրանից հետո կբարեւեմ: Հաջորդը օրը բարեւեցի, երրորդ օրը աշխատակիցները մոտենում են, համբուրում եմ, բարեւում ենք իրար, մեկ էլ Սուրենը` Յա°ն, բա ինչի՞ ինձ էլ չես համբուրում: Ասացի` ինչո՞ւ համբուրեմ, ու այդպես չհամբուրեցի նրան: Որոշ ժամանակ անց հասկացա, որ ինձ ուրիշ կերպ է վերաբերվում, քան մյուս աղջիկներին: Այդպես ամեն բան լրջացավ: Յանայի եւ Սուրոյի հարսանիքը Սուրեն. - Հա, ամեն վայրկյանը մեկ նկարում էի: Յանա. - Երբ տեսա, որ ամեն բան լրջանում է, հասկացա, որ այն տղան չէ, ում մասին այդպիսի ասեկոսեներ են պտտվում: Փետրվարի 14-ին Սուրենն ինձ հրավիրեց Հայկոյի համերգին: Այդ օրվանից մտերմացանք: Չնայած մինչ այդ էլ էր ասում, որ սիրում է ինձ, ես էլ էի գաղտնի խոստովանում, որ զգացմունք ունեմ իր հանդեպ: 2009-ի հոկտեմբերի 20-ին նշանվեցինք, նույն ամսվա 25-ին կնքվեցինք, իսկ 30-ին տեղի ունեցավ մեր հարսանիքը: Սուրեն. - Ես գիտեի, որ կհասնեմ իմ նպատակին, ուղղակի մինչ այդ մտածում էի` արժե՞ հասնել դրան ու մտածում էի, որ եթե Յանայի հետ չեմ ամուսնանալու, անգամ մտերմություն անել պետք չէ: Չէի ցանկանում խաբել նրան, հատկապես, երբ տրամադրված էր, որ իբր ես խաբելու եմ` տարածված ասեկոսեների պատճառով: Բայց սերը հաղթեց եւ ունեցավ իր տրամաբանական ավարտը: - Մի փոքր կպատմե՞ք, թե երրորդ աչքից հեռու որտե՞ղ էիք հանդիպում: Յանա. - Մեր աշխատավայրը Հրազդանի կիրճում է ու մեր ամենօրյա ճանապարհն այդտեղով է անցնում: Ճանապարհին (Դավիթաշենի կամրջի տակ) կա մի շատ գողտրիկ վայր` ջրվեժներ, ծառեր, ու մենք շատ հաճախ Սուրենի հետ գնում էինք խանութ, սուրճ էինք գնում, քաղցրավենիք, ամանով ելակ, գնում նստում էինք ջրի մոտ ու սկսում զրուցել, երազել... Շատ անգամ քաղաքից դուրս էինք գնում կամ ոչ մարդաշատ վայրեր: Հիմա, երբ ունենք մեր բնակարանը եւ ինչ վերադարձել ենք ամուսնական ճանապարհորդությունից, տանից դուրս չենք եկել: Աշխատանքից տուն ենք գալիս ու վերջ... բլորը հիմա հյուրընկալվում են մեզ: Սուրեն. - Շատ մեծ սիրով եմ ապրել այդ օրերը, ինչը անմոռանալի հուշ է, ու երբ հետ եմ նայում, կարծես երկար տարիներ են անցել, այնինչ դեռ չենք էլ բոլորել մեր սիրո մեկ տարին: Յանայի եւ Սուրոյի հարսանիքը - Սեր, խենթություններ... ի՞նչ ես արել Յանայի համար: Սուրեն. - Ես տեղով խենթ եմ... Յանա. - Արել է, արել... :) Մի անգամ, երբ խուսափում էի Սուրենի հետ շփումներից ու ինքս ինձ ուզում էի համոզել, որ Սուրենը փոխվում է, որ այն տղան չի, ում ներկայացրել էին (ասեմ, հիմա, առավել եւս, Սուրենը տան տղամարդ է դարձել), ամեն օր ու գիշեր sms-ներ էր գրում, բայց ես չէի պատասխանում: Եվ... երբ չէի պատասխանում, զանգում էր, չէի վերցնում, անցնում է մի ժամանակ, նա հա գրում է, գրում, գրում... գիշերվա ժամը չորսն է դառնում: Նորից զանգում է, չգիտեմ ինչու, պատասխանում եմ: Պարզվում է` այդքան ժամանակ, երբ գրելիս է լինում նամակները, մեքենան վարելով հասնում է Նոյեմբերյան: Ցուրտ եղանակ էր, մութ, խոսում է հետս ու ասում, որ Նոյեմբերյանում է: Այդ օրը մնացել է այնտեղ, քնել մեքենայում: Մենք ամբողջ գիշեր խոսեցինք իրար հետ: Զգացի, որ ինչ գժություն ասես` կանի, դրանից հետո սկսեցի ընդհանրապես այլ կերպ վերաբերվել մեր հարաբերություններին: Մեկ էլ ամեն գիշեր` ժամը չորսին կամ հինգին, մի մեծ, գրեթե իմ հասակի չափ վարդ էր բերում ու դնում մեքենայիս բռնակին, վրան իր օծանելիքից էր ցանում ու հեռանում: Առավոտյան զարթնում էի ու տեսնում, որ վարդը սառել է: Յանայի եւ Սուրոյի հարսանիքը - Սուրեն, ե՞րբ ամուսնության առաջարկություն արեցիր Յանային եւ ինչպե՞ս նա արձագանքեց դրան: (Սուրենը ժպտում է) Յանա. - Երբ սիրում ես, ուզում ես, որ առավոտյան էլ նրա հետ արթնանաս, ամբողջ օրը նրա հետ անցկացնես, ու երբ մեր սերն ավելի ամրացավ, մի օր ուղղակի որոշեցինք, որ էլ այսպես չի կարող շարունակվել, մի բան պիտի անենք... Ամեն բան շատ արագ է որոշվել եւ իրագործվել: Յանայի եւ Սուրոյի հարսանիքը - Վեճեր, ինչպես բոլոր զույգերի մոտ, անպայման կլինեն: Ի՞նչ տեսակի ու բնույթի վեճեր են լինում: Յանա. - Վեճերը սկզբում էին: Մենք, ճիշտն ասած, գաղտնի էինք հանդիպում, բայց երբ որոշ աղջիկներ իմացան, սկսեցին ինչ-ինչ քայլեր ձեռնարկել: Ոմանք անանուն զանգում էին Սուրենին` հա, կյանքս... եւ այլն, բայց Սուրենն ընդհանրապես չէր էլ ճանաչում զանգահարողին, բայց ես սկզբում չէի հավատում նրան: Հետո հասկացա, որ կարող է այդպիսի միջադեպեր լինել ու մինչեւ հիմա, թո°ւ-թո°ւ-թո°ւ, ոչ մի վեճ չի եղել: Ինչ նախաձեռնում ենք, քննարկում ենք միասին, այնպիսի բան չկա, որ չխորհրդակցենք իրար հետ: Կմեռնեմ, եթե մի բան որոշելու լինենք ու Սուրենի կարծիքը չիմանամ: Յանայի եւ Սուրոյի հարսանիքը - Երկուսդ էլ շատ երկրպագուներ ունեք: Յանային չե՞ն նյարդայնացնում քո երկրպագուհիները, թե՞ նա եւս շատ երկրպագուներ ունի: Սուրեն. - Իմ բոլոր ընկերուհիներին, երկրպագուներին շատ հարգում եմ, բոլորին էլ շատ սիրում եմ, շնորհակալ եմ, որ ինձ հավանել են, եւ այնպես չի, որ Յանան խանդում է ինձ կամ ես` իրեն: Մենք դրան փոխըմբռնումով ենք մոտենում: Յանա. - Ես էլ ուշադրություն չեմ դարձնում... Գեղեցիկ ամուսին ունեմ, ինչքան մեզ շատ սիրեն, երկուսիս էլ հաճելի է: Հա, բայց շատ խանդոտ եմ: Չեմ խանդում, երբ Սուրենի նկատմամբ ինչ-որ վերաբերմունք կա, կխանդեմ մենակ այն դեպքում, երբ այդ ուշադրությունը երկկողմանի լինի: Մեր երկրպագուներից դեռ ոչ մի վատ բան չենք տեսել ու նրանք էլ մեզ չեն խանգարում: - Լավ, իսկ ինչպե՞ս տեղի ունեցավ սպասված հարսանիքը: Յանա. - Մեզ շատ օգնել են մեր ընկերները, հատկապես` Վահագնը: Բոլոր նախապատրաստական աշխատանքները շատ արագ են կատարվել, ամեն ինչ երկուսով ենք արել: Հարսանեկան զգեստն էլ դժվարությամբ չեմ գտել: Ես, իսկապես, այսպիսի զգեստ էի երազում, միշտ ցանկանում էի, որ նման զգեստ հագնեմ, չեմ նախընտրում ուռած շորեր: Երբ ընտրեցի հագուստս, սկսեցինք Սուրենի հագուստի ընտրությունը կատարել եւ գունային համադրությունը համապատսխանեցնել իրար: Չէինք պատկերացնում, որ մեր հարսանիքն այդքան ուրախ կանցնի, ու մարդիկ այդքան կպարեն, կուրախանան: Յանայի եւ Սուրոյի հարսանիքը Սուրեն - Մոտ մեկ շաբաթում ենք կազմակերպել ու ընդհանրապես ամեն բան մեր սրտի ուզածով եղավ: Տարոսիկները հարսանիքի նախօրեին ենք գնել ու սկսել պատրաստել, հետո հասկացանք, որ չենք հասցնի. այդպես քույրս ավարտեց դրանց պատրաստումը: - Ճամփորդությունից նոր եք վերադարձել, ինչպե՞ս անցավ: Յանա. - Շատ հրաշալի էր ու կրկին նույն երկիրն ենք ուզում մեկնել: Եգիպտոսն ուղղակի հրաշալի էր: Կարող է անսովոր թվալ, բայց Կահիրե չենք գնացել ու Քեոփսի բուրգը չենք տեսել: Այնքան հրաշալի ժամանակ էինք անցկացնում, այնքան լավ վայրեր կային այցելելու... Հրաշալի ակումբեր կային, եւ մենք Բուդդա-բար գնացինք ու տպավորությունները մի այլ տեսակի հիասքանչ են: Յանայի եւ Սուրոյի հարսանիքը - Ընտանիքի կազմն ինչպիսի՞ն եք պատկերացնում: Յանա. - Դե, Սուրենը շատ է ցանկանում, որ զույգ երեխա ունենանք: Որոշել ենք, որ երբ իմանանք ծնողներ դառնալու մասին, բժիշկներից երեխայի սեռը չենք հարցնելու, այլ կիմանանք հենց ծնվելու օրը: Շատ ենք ուզում, որ մեր երեխաները լինեն խուճուճ մազերով` կյաժ, բաց աչքերով, մեզ նման խենթ, աշխույժ: Կարծում եմ` երեք երեխա կունենանք: - Ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, ովքեր նոր են պատրաստվում պսակադրության եւ ասել` Տեր եմ: Սուրեն. - Թող յոթը մտածեն, մեկը կտրեն, հաստատ որոշեն, որ հենց այդ աղջիկը կամ տղան է այն միակը, քանի որ ծնողների համար ամենից դաժանը երեխայի դժբախտ լինելն է, երբ ամուսնալուծվում է: Ավելի լավ է ուշ ամուսնանալ կամ ընդհանրապես չամուսնանալ, քան իրար լավ չճանաչելով կյանքը կապել իրար հետ: Պետք է սիրել մինչեւ կյանքի վերջ եւ շատ երեխաներ ունենալ: Յանա. - Թող լավ մտածեն. իսկապես, մեր ազգի թերություններից է այն, որ հարաբերությունները հաշվարկված են, ամուսնանում են ինչ-որ մի բանի համար: Տղան հարուստ է, կարելի է հետն ամուսնանալ... Սա շատ վատ է: Կա սեր, ու այն հզոր զենք է ապրելու, առավոտյան արթնանալու, ուրախանալու եւ կենսախնդությամբ լցվելու համար: Հնարավոր է` ապագայում հայտնվեն այնպիսի նախագծեր, որին միասին մասնակցենք: Աշխատանքային վեճեր տանը չեն լինում, դրանք թողնում ենք աշխատավայրում: Սուրենն առավոտյան դժվարությամբ է արթնանում, երբ մենք հիմա միասին ենք, ես առավոտյան շատ հեշտ եմ կարողանում արթանցնել նրան, իսկ մինչ այդ հեռախոսով էի արթնացնում: Սիրո ու երջանկության բույրից արբած` Էդգար Ամիրխանյան Նյութը եւ լուսանկարները տրամադրել է «Ե՞ս Yes» ամսագիրը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին