×


«3+2 կգ» ֆիլմի պրեմիերան եւ դերասանների փորձությունները

Սեպտեմբերի 15-ին մեծ էկրան է բարձրացել «3+2 կգ» քրեական կատակերգությունը։ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած պրեմիերային ներկա անձնակազմին եւ հյուրերին կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

«3+2 կգ» ֆիլմի պրեմիերային


Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստն ու պրոդյուսերը Կորյուն Մայիլն է, որը հայտնի է «Քեռի Մուլտիկնիկ»-ի կերպարով, կոմպոզիտորը Գերմանիայից վերադարձած Արթուր Թադեւոսյանն է։ Գլխավոր դերակատարներից մեկը ռեժիսորն է, նկարահանվել են նաեւ Արման Նավասարդյանը, Արման Գեւորգյանը, Մխիթար Ավետիսյանը, Աննա Մարտիրոսյանը, Արթուր Հակոբյանը, Սարգիս Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, Հարություն (Տոշ) Դադուրյանը, Արթուր Պապիկյանը եւ ուրիշներ։
 
1 ժամ 24 րոպե տեւողությամբ ֆիլմի սցենարը գրվել ու նկարահանվել է այս տարվա ընթացքում։ «3+2կգ»-ը ծավալվում է 3 անդավաճան ընկերների ու 2 կգ թմրանյութի շուրջ, երբ նրանցից մեկը սպառնալիքի ներքո նարկոբարոններից մեկին խոստանում է 200 հազար դոլարի թմրանյութ իրացնել: Մտերիմ ընկերները հայտնվում են փորձությունների մեջ։

«3+2 կգ» ֆիլմի պրեմիերային


Առաջին դիտումից հետո ֆիլմի հեղինակ Կորյուն Մայիլը BRAVO.am-ին ասել է, որ սցենարը հիմնված չէ իրական պատմության վրա, սակայն կարող է իրական լինել։ Հարցին, թե ինչու է որոշել այս թեմային անդրադառնալ եւ արդյոք գոհ է արդյունքից, նա պատասխանել է.«Ռեժիսորը ե՞րբ կասի, որ իր նկարած ֆիլմը վատն է. մարդիկ դիտում ու ասում են՝ իրենց ինչ տվեց։ Մեր ասելիքն ուղղված է երիտասարդներին, որ քրեածին գործերի մեջ չմտնեն ու հեռու մնան թմրանյութերից։ Մեզ մոտ այս խնդիրը կա, եւ եթե երիտասարդն առաջին անգամ է բախվում, դիտելով ֆիլմը, կհասկանա՝ ինչ է կատարվում։ Ֆիլմը նախատեսված է 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար, բայց անպատշաճ կադրեր չկան, հատուկ ցույց չենք տվել օգտագործման ձեւերը, կոկաին բառը փոխարինել ենք կավիճով»։

«3+2 կգ» ֆիլմի պրեմիերային


Ռեժիսոր-պրոդյուսերը ֆիլմի բյուջեն չի բարձրաձայնել.«Հստակ չեմ կարող ասել՝ ինչքան է կազմել, իմ գրպանից եմ ծախսել, բոլոր դերասաններին վճարել եմ իրենց հոնորարները, ի դեպ, բարձր, որովհետեւ արժանի են։ Քանի որ իմ կերպարն աշխատում է Երեւանի կենդանաբանական այգում, պետք է ասեմ, որ կենդանիները՝ ուղտը, գետաձին, տաղանդավոր «դերասաններ» են։ Նրանց չենք չարչարել. անկախ ինձնից՝ սիրում եմ կենդանիներին»:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին