×


«Imagine» բենդը նշում է 7-ամյակը

7 տարի առաջ ստեղծված «Imagine» նվագախումբը հանդես է գալիս տարաբնույթ համերգներով ու նվագակցում տարբեր երգիչների։ Բենդի երաժիշտները որոշել են 7-ամյա գործունեությունը նշանավորել 7 համերգով. յուրաքանչյուր ամիս կներկայանան մեկ համերգով, իսկ սեպտեմբերին՝ եզրափակիչ գալա համերգով։

«Imagine» բենդը նշում է 7-ամյակը


Էթնո-ջազ, փոփ-ռոք, ֆանկ, քանթրի եւ այլ ոճերում նվագող երաժիշտների հետ այս տարիների ընթացքում աշխատել են Սոնան, Մաշա Մնջոյանը, Իվետա Մուկուչյանը, Սուսաննա Պետրոսյանը, Ռաիսա Ավանեսյանը, «Հայաստանի ձայնը» նախագծի բազմաթիվ մասնակիցներ, նաեւ կուբացի Ռոբերտո Կել Տորեսը, իսպանացի երգիչ Դեվիդ Ռոդրիգեզը։ Վերջինս նաեւ տոնական համերգներից մեկի հյուրն էր եւ խմբի հետ իմպրովիզներ է արել՝ երգելով իսպանական ու ջազային միքսեր։

«Imagine» բենդի համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը  BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ երկու տարի աշխատել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ՝ նվագելով Միացյալ Նահանգների անկախության օրը եւ բացօթյա համերգներ ունենալով Հայաստանի մարզերում, իսկ նախորդ տարի խումբը Թբիլիսիում մասնակցել է «Կովկաս ջազ» փառատոնին.«Մեզ այնքան լավ ընդունեցին, որ անգամ ադրբեջանական մամուլը գրել էր, որ հայերը երեք տարի շարունակ ֆավորիտ են»։

«Imagine» բենդը նշում է 7-ամյակը


Այս բենդի հետ տարիներ շարունակ երգել են Արեւո Գրիգորյանն ու Տիգրան Հովհաննիսյանը, երաժիշտներն այժմ ավելի հաճախ նվագակցում են երգչուհի Սոնային ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրի ելույթների ժամանակ.«Ի սկզբանե խումբը բաղկացած էր չորս հոգուց՝ Լուսինե Շմավոնյանը, Նարեկ Խեչումյանը, Սարգիս Դալաքյանը եւ ես։ Սկզբում ավելի շատ նվագում էինք հայտնի երգերի քավերներ, բայց հիմա որոշել ենք փոխել երգացանկն ու ներկայացնել մեզ հոգեհարազատ գործեր` ջազային, հայկական մշակումներ, նաեւ մեր հեղինակային երգերը»։

Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ երբ նոր էին կազմավորվում, խմբերը քիչ էին, տարեցտարի շատացել են, մրցակցությունն էլ մեծացել է.«Ցավոք, բենդերի քանակը որակ չի բերում, մարդիկ գերադասում են սկսնակ խմբերն ու հայտնի երգչուհուն։ Ակումբներն այդքան վճարունակ չեն, խմբերը ստիպված հանդես են գալիս տրիո կամ կվարտետ տարբերակով, բայց մենք մեր հինգ գոհանոց կազմը պահպանում ենք»։

«Imagine» բենդը նշում է 7-ամյակը


«Imagine» բենդը հանդես է գալիս հետեւյալ կազմով.

Բաս կիթառ - Հովհաննես Հարությունյան

Կիթառ - Արամ Վարդանյան

Հարվածային գործիքներ - Գեւորգ Հարությունյան

Սաքսոֆոն - Դավիթ Մելքոնյան

Ստեղնաշար - Սարգիս Դալլաքյան

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին