×


«Дети Picasso». «Հայաստանն ասես մոր ձեռքեր լինի. միշտ սպասում ու գրկում է»

10 տարի ընդմիջումից հետո “Дети Picasso”-ն վերադառնում է հայրենիք: Խմբի երկար սպասված համերգը տեղի կունենա հունիսի 14-ին` “Mezzo” ակումբում, իսկ մինչ այդ BRAVO.am-ը զրուցել է “Дети Picasso”-ի համահիմնադիր, վոկալիստ Գայա Հարությունյանի հետ խմբի փլուզման, նախկին անդամների ճակատագրերի, նոր ալբոմի ձայնագրության, երեւանյան ելույթի եւ այլնի մասին:

Կարեն եւ Գայա Հարությունյանները


-Նախորդ տարի չորսամյա դադարից հետո հայտարարություն տարածեցիք, որ վերադառնում եք: Ինչո՞ւ ընդմիջումն այսքան  երկար տեւեց:


-Երբ 2003 թվականին ձայնագրեցինք “Էթնիկ էքսպերիմենտներ” ալբոմը, որ հիմնված է հայկական ժողովրդական երաժշտության վրա, “խելացի” պրոդյուսերները մեզ ասացին, որ այն Ռուսաստանում որեւէ մեկին չի հետաքրքրի, եւ անհրաժեշտ է ռուսալեզու երգերի վրա կենտրոնանալ, սակայն հենց այս ալբոմից սկսվեց խմբի եվրոպական պատմությունը. մեզ նկատեցին Հունգարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Պորտուգալիայի եւ այլ երկրների ամենախոշոր փառատոնների կազմակերպիչներն, ու սկսեցինք շրջագայել: Հայկական երաժշտությունն էինք ներկայացնում այն երկրներում, որտեղ մեր երգերը երբեւէ չէին լսել: Մեզ հաջողվեց մի քանի ալբոմ թողարկել, համերգները ցուցադրվեցին եվրոպական առաջատար ալիքներով, հունգարական հեռուստաալիքներից մեկի պատվերով մեր մասին նույնիսկ վավերագրական ֆիլմ նկարահանվեց: Մի քանի տարի ակտիվ գործունեություն ծավալելուց հետո խմբի անդամներից շատերն անհատական տարբեր նախագծեր, գաղափարներ ունեցան, որոնք անհամատեղելի էին “Дети Picasso”-ի գործունեության հետ: Սկզբում փորձում էինք նրանց փոխարինող երաժիշտներ գտնել, բայց բավական բարդ էր: Իսկական համախոհներ գտնելու վրա վատնեցինք չորս տարի:

-Գայա, իսկ Դուք եւ Ձեր եղբայրը` Կարենը, ինչո՞վ էիք զբաղված այդ ընթացքում:

-Բուդապեշտում ընդունեցի թատրոնում աշխատելու առաջարկը եւ երաժշտություն էի գրում ժամանակակից բալետի համար: Բացի այդ եղբորս հետ աշխատում էինք գեղարվեստական ֆիլմի սաունդթրեքի վրա, ալբոմ ձայնագրեցինք նորվեգական մի խմբի հետ, համագործակցում էինք նորվեգական, գերմանական, ամերիկյան տարբեր երաժիշտների հետ: Կարենի հետ հիմնեցինք “Wattican Punk Ballet” բենդը. նա կիթառ ու ստեղնաշարային գործիքներ է նվագում, ես էլ երգում ու հարվածային գործիքներ եմ նվագում: Ի դեպ, “Дети Picasso”-ի նախկին կիթառահարը դարձել է պրոֆեսիոնալ լուսանկարիչ, բաս-կիթառահարը դիզայներական կահույք է ստեղծում, թավջութակահարն աշխատում է որպես ձայնային ռեժիսոր, իսկ ալտահարուհին այժմ նվագում է շվեյցարական սիմֆոնիկ նվագախմբում:

Գայա Հարությունյանը


-Խմբի փլուզումը որեւէ կերպ անդրադարձա՞վ ձեր երաժշտության վրա:


-Փլուզման մասին երբեւէ պաշտոնապես չենք հայտարարել: Ուղղակի մենք դասական պերֆեկցիոնիստներ ենք, մեզ պետք է ամեն ինչ, կամ ոչինչ: Դրա համար էլ չորս տարի շարունակ չէինք կարողանում երաժիշտներին արժանի փոխարինողներ գտնել: Որոշեցինք մի փոքր հեռանալ էթնիկ տարրերից, որովհետեւ մինչ այդ պահը 10 տարի շարունակ մշակում եւ սեփական ոճով մեկնաբանում էինք հայկական ժողովրդական երգերը: Մի նոր փուլ էր մեզ համար. սկսեցինք անգլալեզու երգեր գրել, նաեւ վինիլային սեմփլեր ներմուծեցինք ծանր ռոքային երաժշտության մեջ: Ես էլ սկսեցի հարվածային գործիքներ նվագել:

-Փաստորեն վերջապես գտաք արժանի երաժիշտներ: Ովքե՞ր են “Дети Picasso”-ի նոր անդամները:


-Մեզ բախտ վիճակվեց ծանոթանալ երկու շատ տաղանդավոր երաժշտի հետ` տավղահար Նաստյա Ռազվալյաեւան, ով Բուդապեշտի Ֆրանց Լիստի անվան երաժշտական ակադեմիայի շրջանավարտ է, եւ ալտահար, հարվածային գործիքներ նվագող Արոն Պորտելեկին, ով միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր է եւ համարվում է Հունգարիայի ամենալավ ջազ երաժիշտներից մեկը: Երկար ժամանակ հետեւում էինք նրանց գործունեությանն ու հասկացանք, որ այս երաժիշտների օգնությամբ խմբի հետագա գործունեությունն էլ ավելի ուրույն կդառնա: Որոշեցինք հրաժարվել բաս-կիթառից, որովհետեւ այն միայն կծանրացներ մեր նոր հնչողությունը: Այսօր “Дети Picasso”-ն քառյակ է:

-Եվ ամեն ինչ զրոյի՞ց սկսվեց:

-Իրականում զրոյից չենք սկսել, որովհետեւ խմբի գործունեությունը դադարեցրինք հայտնիության ու հաջողության գագաթնակետին: Այնպես որ, երբ վերադարձանք, պարզապես հայտնեցինք, որ վերսկսում ենք նախագիծը:

Կարեն Հարությունյանը


-Պլանավորում եք ձմռանը նոր ալբոմ ձայնագրել: Ձայնասկավառակի աշխատանքային անվանումը՝ “Тени забытых предков”, դեռ անփոփո՞խ է:

-Կներեք, բայց ալբոմի ձայնագրության հետ կապված գաղտնիքները չենք կարող բացահայտել: Միակ բանը, որ կասեմ` նախատեսված պլանից չենք շեղվում եւ շնորհակալ ենք բոլորին, ովքեր աջակցում են մեզ այս կարեւոր շրջանում:  Նշեմ նաեւ, որ ձայնասկավառակը որոշել ենք նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ի դեպ, ալբոմի աշխատանքային անվանումը, որ մեր սիրելի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովից ենք վերցրել, այնքան է ոգեշնչում, բայց կարծում եմ` ստիպված ենք լինելու ավելի կարճ անվանում ընտրել, որը հեշտ կթարգմանվի տարբեր լեզուներով:

-Ալբոմի ձայնագրության համար դրամահավաք էիք կազմակերպել: Հաջողվե՞ց բավարար միջոցներ ձեռք բերել:

-Դա “crowdfunding” էր, այսինքն` խմբի երկրպագուներն են ստանձնում ձայնագրման լեյբլի դերն ու զբաղվում ցանկալի ալբոմի ֆինանսավորմամբ: 275 մասնակցի շնորհիվ մեզ հաջողվեց հավաքել բավականաչափ գումար: Դա հանգանակություն չէր, դա պարզապես աջակցություն  է, որն, ի դեպ, շատ տարածված է եվրոպական եւ ամերիկյան երաժիշտների շրջանում: Օգտվելով առիթից` ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ. շնորհակալ եմ, հարազատներս:

-Երեւանյան ձեր վերջին համերգը մոտ 10 տարի առաջ էր, ես էլ էի ներկա եւ շատ լավ հիշում եմ, որ ելույթի ավարտին Կարենը հույզերի ներքո բեմում ջարդեց կիթառը: Դուք ի՞նչ հիշողություններ ունեք այդ համերգից:

-Անկեղծ եմ ասում` դա մեր կյանքի լավագույն համերգներից էր: Աշխարհի ոչ մի երկրում մարդիկ չեն կարողանում զգալ ու ընդունել մեր երգերն այնպես, ինչպես հայրենիքում: Դա շատ կարեւոր փորձ էր մեզ համար, անմոռանալի զգացմունքներ էին: Ամենահետաքրքիրն այն է, որ մինչ այդ համերգը, ոչ էլ դրանից հետո Կարենը կիթառ չի կոտրել: Կարծում եմ` այդ օրը մի յուրահատուկ զոհաբերություն էր նրա կողմից:

Գայա Հարությունյանը


-Իսկ այս անգամ ինչո՞վ եք զարմացնելու հանդիսատեսին:

-Նման խնդիր չունենք: Ուզում ենք երջանկացնել հայերին, ցույց տալ, որ մեր հզոր մշակույթն ու ավանդույթները երբեւէ չեն մոռացվում նույնիսկ այն մարդկանց կողմից, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են իրենց արմատներից հեռու: Դա է մեր առաքելությունը` աշխարհում խոսել հայկական մշակույթի մասին: Հայաստանն ու հայ հանդիսատեսը, կարծես, մոր ձեռքեր լինեն, որ միշտ սպասում ու գրկում են:

-Վստահ եմ` մեզ հրաշալի համերգ է սպասվում:

-Կարեւորը՝  մեր նոր հնչողությունն է. աճել ենք, հասունացել, խոհեմացել, եւ մեր երաժշտությունն էլ անցել է այդ փուլերով ու փոխվել մեզ հետ: Մենք այլեւս էթնո-ռոք նվագող այն խենթ ու խելառ երիտասարդները չենք: Մեր երգերն այսօր ավելի խորհրդավոր են ու կամերային: Այստեղ կներկայացնենք նոր ծրագիր, որում ներառել ենք այն երգերը, որ մեր մայրն էր երգում մեզ համար: Օգտվելով առիթից` հրավիրում եմ ձեզ, սիրելի երեւանցիներ, որովհետեւ գուցե մեր հաջորդ հանդիպումը միայն մի քանի տարի անց կկրկնվի: Սիրով, միշտ ձեր “Дети Picasso”:

Զրուցեց Լենա Գեւորգյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ “Дети Picasso”-ի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին