×


«Ազգային պատկերասրահ» փառատոնը փակվել է «Հովեր»-ի համերգով

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնն ավարտվել է։ Հունիսի 18-ից հուլիսի 7-ը կայացած փառատոնի շրջանակում տեղի է ունեցել հինգ համերգ։ Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում 12-րդ փառատոնի փակման արարողությանը ելույթ է ունեցել «Հովեր» սեպտետը, որը ձեւավորվել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի մեներգիչներից։

«Հովեր» սեպտետը ելույթ է ունեցել Ազգային պատկերասրահում


Անսամբլի երգացանկը կազմված է Կոմիտասի խմբերգերից, ժողովրդական երգերի մշակումներից, նաեւ արեւմտաեվրոպական դասական ստեղծագործություններից։ Երեկ հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի գործերը, նաեւ պրեմիերաներ Ավանեսովի, Պիարտի, Պենդերեցկու ստեղծագործություններից:

«Հովեր»-ի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սոնա Հովհաննիսյանը BRAVO.am-ին  հայտնել է, որ նախքան երեւանյան համերգը ելույթ են ունեցել Ֆրանսիայում, Չինաստանում եւ այլ երկրներում.«Այս ամբողջական ծրագրով առաջին անգամ էինք ներկայանում Երեւանում եւ նշանակալի էր, որ պրեմիերաներ կատարեցինք, որոնք հաջողված եմ համարում։ Այս փառատոնին մասնակցել ենք մեր մեծ կազմով հիմնադրման առաջին տարիներին»։

«Հովեր» սեպտետը ելույթ է ունեցել Ազգային պատկերասրահում


Փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը մեզ հետ զրույցում ասել է, որ այս տարվա փառատոնային համերգների ընթացքում հնչել են մի շարք պրեմիերաներ. «Յուրաքանչյուր համերգ յուրովի հետաքրքիր էր։ Վարպետության դասերով հանդես եկան Ֆրանսիայից դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը եւ ջութակահարուհի Ջեմմա Աբրահամյանը՝ Շվեյցարիայից։ Փառատոնն արդեն լայն ճանաչում եւ ձեւավորված լսարան ունի։ Ուրախ ենք, որ տարեցտարի ուկնդիրների շարքը համալրվում է երիտասարդ հանդիսականներով»։

Մարիամ Շահինյանի խոսքով՝ «Ազգային պատկերասրահ»-ում անցկացվող փառատոնի մասնակիցն են դառնում նաեւ Երեւան ժամանած զբոսաշրջիկները. «Քանի որ համերգները կայանում են ոչ սովորական համերգասրահում, այլազգի մարդիկ, այցելելով պատկերասրահ, դառնում են համերգների հանդիսական։ Բացօթյա համերգներ դեռ չենք ունեցել, քանի որ անհրաժեշտ են տեխնիկական սարքեր ու միջոցներ, դրսում բարդ է կազմակերպելը, բայց ապագայում միգուցե կկարողանանք իրականացնել։ Արդեն նախապատրաստվում ենք հաջորդ տարվան. գործնական աշխատանքները ծավալուն են եւ պահանջում են լուրջ վերաբերմունք»։

«Ազգային պատկերասրահ» փառատոնի փակմանը


Նշենք, որ առաջին համերգը նվիրված էր տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին, որին մասնակցել են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը, բարիտոն Դավիթ Բաբայանցը, սոպրանոներ Արծվիկ Դեմուրչյանը եւ  Ալինա Փահլեւանյանը։ Երկրորդը «հայ-ֆրանսիական խաչմերուկ» խորագրով համերգ էր՝ բարոկկո ժամանակաշրջանից մինչեւ մեր օրերը։ 

Դասական արվեստին նվիրված այս փառատոնն անցկացվում է 2005 թվականից՝ «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի, Մշակույթի նախարարության եւ Վիվասել-ՄՏՍ-ի աջակցությամբ։

BRAVO.am   
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին