×


«Ամեն» երաժշտական շոուն աշխարհին կներկայացնի հայ ազգի պատմությունը

2017 թվականի սեպտեմբերին իտալական Վերոնա քաղաքում կկայանա հայ ազգի պատմությունը ներկայացնող «Ամեն» միջազգային լայնածավալ երաժշտական դրամատիկ ներկայացման պրեմիերան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է ներկայացման երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը:



«Սա նախադեպը չունեցող նախագիծ է. փորձել ենք մեկ ներկայացման մեջ միավորել հայկական երաժշտության բոլոր ավանդույթներն ու ժամանակակիցը՝ ստանալով նոր ու հետաքրքիր շոու»,- նշել է Արաքսյա Մուշեղյանը:

«Ամեն»-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են երեք տարի առաջ: Երկար նախապատրաստական փուլից հետո Արաքսյա Մուշեղյանն ու նախագծի գլխավոր պրոդյուսեր Հասմիկ Չախմախչյանն այն ներկայացրել են իտալացի ռեժիսոր Դավիթ Զարդին եւ սկսել համագործակցել: Ներկայացման մեջ զբաղված են օպերային, փոփ, ռոք, ֆոլք երաժիշտներ, սիմֆոնիկ նվագախումբ, բալետի պարողներ, երգչախումբ:

Ներկայացման բեմադրիչ Ռուդոլֆ Խարատյանը նշել է, որ նախագծի հիմնական նպատակը աշխարհին հայ ազգի անցյալը, ներկան եւ ապագան ներկայացնելն է. «Գլխավորապես ցանկանում ենք, որ օտարը տեսնի, թե որն է հայի առաքելությունը: Այո, մենք ցեղասպանություն վերապրած ազգ ենք, բայց դա մի էպիզոդ է մեր կյանքից, ու մենք պիտի առաջ գնանք եւ մասնակցենք ընդհանուր մարդաշինության առաքելությանը»:

Ռեժիսոր Դավիթ Զարդի խոսքով` ներկայացման մասնակիցը կդառնա յուրաքանչյուր հանդիսատես, անկախ ազգային կամ կրոնական պատկանելիությունից` բոլորը միմյանց կողքին կլինեն նույն հարկի տակ:

Նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նախատեսվում է «Ամեն»-ը ներկայացնել նաեւ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում եւ այլուր:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարը` Ֆոտոլուրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին