×


«Անբան Հուռին» մուլտֆիլմը՝ մեծ էկրաններին

Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի մոտիվներով նկարահանվել է մուլտֆիլմ-մյուզիքլ։ Շուրջ 4 տարի տեւած աշխատանքից հետո «Մուլտարտ+» ստուդիան հունիսի 1-ից մուլտֆիլմը կներկայացնի հանդիսատեսին երեւանյան կինոթատրոններում:

«Անբան Հուռին» մուլտֆիլմը շուտով մեծ էկրան կբարձրանա


Բեմադրող ռեժիսոր եւ սցենարիստ Արթուր Միքայելյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է մուլտֆիլմի ստեղծման գաղափարի եւ երկարատեւ աշխատանքի մասին։ Նա ընկերների հետ ցանկացել է էկրանավորել այս հեքիաթը դեռ տարիներ առաջ, երբ ավարտում էր ԵԹԿՊԻ Մուլտիպլիկացիայի բաժինը.«Սցենարային հիմքն արդեն կար, բայց չէինք մտածում, որ ծավալուն ու երկար աշխատանք է մեզ սպասվում։ 2011-ին խումբ ենք հավաքել, բայց ընթացքում թիմի անդամները փոխվել են: «Անբան Հուռին» այն հեքիաթն է, որը կարելի է մուլտիպլիկացիայի ու երաժշտության միջոցով հետաքրքիր ներկայացնել։ Քննարկել ենք թումանյանագետերի հետ՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական տեսակետը։ Սկզբում այն նախատեսել էինք պատանիների համար, բայց ուրախալի է, որ անոնսը փոքրիկ երեխաները եւս սիրով դիտում են, ինչը հասկացել ենք նրանց մայրիկների արձագանքից»։

Կադր «Անբան Հուռին» մուլտֆիլմից


Շուրջ 25 րոպե տեւողությամբ մուլտֆիլմ-մյուզիքլը մինչեւ մեծ էկրան բարձրանալը երկար ճանապարհ է անցել.«Ի սկզբանե նախատեսել էինք 13-14 րոպե, բայց մեր հաշվարկները սխալ էին։ Աշխատանքն ավարտին հասցնելու ֆինանսական խնդիր էլ ունեինք։ Համացանցի միջոցով տարածեցինք, մեկ դոլարից սկսած փոխանցում արեցին մեր  հայրենակիցները՝ ավելի քան 500 հոգի՝  աշխարհի 33 երկրից»։

«Անբան Հուռին» մուլտֆիլմի բեմադրող նկարիչներն են Գայանե Բաբայանը եւ Իգոր Պատրինը, կոմպոզիտորը Գեղայր Խլղաթյանն է։ Հերոսներին հնչունավորել են Էկա Հորստկան, Աստրիդ Էքսուզյանը, Անի Ադիլխանյանը, Նվարդ Հովակիմյանը, Արսեն Գեւորգյանը եւ այլք.«Կնչեն երաժշտական մի քանի գործեր, որոնք գրվել են հատուկ ֆիլմի համար։ Դասական անիմացիայի կանոններով նկարահանված մուլտֆիլմ է. յուրաքանչյուր կադրը ձեռքով է նկարված։ Ընդհանրապես, մուլտֆիլմ ստեղծելու համար Հայաստանը մարդկային քիչ ռեսուրսներ ունի, նկարիչների լուրջ կարիք կա, մուլտիպլիկատորները շատ քիչ են։ Արտերկրում անիմացիոն նախագծերով զբաղվողները մեծ թիմեր ունեն, ամենակարեւորն էլ մուլտիպլիկատորի աշխատանքն է»։

Կադր «Անբան Հուռին» մուլտֆիլմից


Արթուր Միքայելյանը նաեւ հայտնել է, որ «Անբան Հուռին» կինոթատրոններում ցուցադրվելուց բացի, կմասնակցի անիմացիոն փառատոնների։

BRAVO.am
Լուսանկարները՝ «Անբան Հուռին» մուլտֆիլմի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին