×


«Անուշ» օպերան` 80 տարի Հայաստանի գլխավոր թատրոնում

Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան արդեն 80 տարի է` ներկայացվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս ամիս «Անուշ» օպերան նշանավորվեց հոբելյանական ցուցադրություններով, աշակերտների համար կազմակերպված դասախոսություն-հանդիպումներով: Անուշի դերերգով առաջին անգամ հանդես եկավ թատրոնի երիտասարդ երգչուհի Արեւիկ Գյուլբուդաղյանը:

«Անուշ» օպերան` 80 տարի Հայաստանի գլխավոր թատրոնում


1935 թ. Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան առաջին անգամ ներկայացվեց Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում /դիրիժոր՝ Սերգեյ Շաթիրյան, բեմադրող-ռեժիսոր՝ Արմեն Գուլակյան, նկարիչ՝ Միքայել Արուտչյան, պարերի հեղինակ՝ Վահրամ Արիստակեսյան/: Ներկայացումն ընդունվեց ջերմորեն, առաջին երկու տարվա ընթացքում ցուցադրվեց ավելի քան հարյուր անգամ: Այս ներկայացման ամենամեծ արժանիքը Անուշի եւ Սարոյի դերերգի կատարումներն էին: Ականավոր երգչուհի Հայկանուշ Դանիելյանի սքանչելի, հուզական եւ գունեղ ձայնը այն փնտրված միջոցն էր, որի շնորհիվ օպերայի հերոսուհին հնչեց խոր ու բազմերանգ: Սարոն անփոխարինելի ու անգերազանցելի Շարա Տալյանն էր, որ պրոֆեսիոնալ բեմում դերերգը կատարեց առավել ցայտուն եւ լիարժեք:

«Անուշ» օպերան` 80 տարի Հայաստանի գլխավոր թատրոնում


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում «Անուշը երկրորդ անգամ բեմադրվեց 1939-ին` հայ արվեստի եւ գրականության՝ Մոսկվայում կայանալիք առաջին տասնօրյակի կապակցությամբ: Այս ներկայացման դիրիժորն էր Միքայել Թավրիզյանը, ի դեմս որի, Անուշի պարտիտուրը գտավ իր արժանավոր մեկնաբանին եւ կատարողին: Բեմադրող-ռեժիսորը վերստին Արմեն Գուլակյանն էր, նկարիչը՝ Պատվական Անանյանը, պարերը բեմադրել էր Իլյա Արբատովը: Գլխավոր դերերում հանդես եկան Հայկանուշ Դանիելյանը եւ Շարա Տալյանը: Երիտասարդ Պավել Լիսիցյանը հանդես եկավ Մոսիի դերերգով:

1950 թվականին տրվեց «Անուշի» 400–րդ ներկայացումը: Այդ իրադարձությանն էր նվիրված օպերայի երրորդ բեմադրությունը/դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան, բեմադրող-ռեժիսոր՝ Արմեն Գուլակյան, նկարիչ՝ Աշոտ Միրզոյան, պարերը՝ Էդվարդ Մանուկյանի/: Ներկայացման ամենանշանակալի իրադարձությունն այն էր, որ ի հայտ եկավ Գոհար Գասպարյանի Անուշը, Սարոյին վարպետորեն մարմնավորեց Ավագ Պետրոսյանը, Մոսիին՝ Վահրամ Գրիգորյանը: Անուշի դերերգով հանդես են եկել օպերային արվեստի երախտավորներ Ելենա Միքայելյանը, Ելենա Վարդանյանը, Արմինե Թութունջյանը: Օպերան բեմադրել են Արմեն Գուլակյանը՝ 3 անգամ, Վարդան Աճեմյանը՝ 2 եւ մեկական անգամ՝ Տիգրան Լեւոնյանն ու Գեղամ Գրիգորյանը:

«Անուշ» օպերան` 80 տարի Հայաստանի գլխավոր թատրոնում


Ներկայումս «Անուշ» օպերան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվում է Հայաստանի եւ Լիտվայի հանրապետությունների ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ:

Անուշ օպերայի մասին 

… Այսօր պատմական օր է: Այսօր հայկական օպերայի մեջ մուտք գործեց հայկական ժողովրդական երաժշտությունը:

Ռոմանոս Մելիքյան

/1935 թ.,  «Անուշ» օպերայի բեմադրության առթիվ/

--------------------------------------------------------------------------------------------------

Որքան ինձ հաջողվեց նկատել, ունկնդիրը երբեք չի ձանձրանում Անուշից: Սա նախեւառաջ մեծատաղանդ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի անկրկնելի երաժշտության արգասիքն է: Համոզված եմ, որ այս դերերգով իրեն կարող է հռչակել ուզածդ տաղանդավոր երգչուհի:

Գոհար Գասպարյան


Տեքստը եւ լուսանկարները տրամադրել է Օպերային թատրոնի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժինը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին