×


«Անցյալի ապագան» առօրյա կբերի հայկական տարազը

Հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների մեջ վերջին տարիներին նկատվում է էթնիկական մոտիվների գերիշխում: 12 տարի առաջ չէիր էլ պատկերացնի, որ տարազի տարրերը կարող են կիրառվել առօրյա կյանքում:

«Անցյալի ապագան» հավաքածուի ցուցադրությանը


Վաղուց ժամանակն է, որ աշխարհը  դադարի մեզ ճանաչել որպես ազգ, որն ունի միայն Արարատ, պատմության սարսափելի էջեր, հայտնի «յան»-եր եւ պետություն, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը: Անհրաժեշտ է ցուցադրել ոչ նյութական մշակույթի ահռելի շերտը, ժողովրդականացնել այն եւ հարմարեցնել մեր օրերին: Այս աշխատանքի հսկայական բեռն իր փխրուն ուսերին է վերցրել Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանը:

Տերյան մշակութային կենտրոնը հայ հանդիսատեսին ներկայացրել է «Անցյալի ապագան» հավաքածուն, որը ստեղծելիս շեշտը դրվել է ազգային ինքնության արթնացման վրա, որի մշակույթը հարուստ է եւ արժանի ներկայացված լինել համաշխարհային շուկայում, այդ թվում` նորաձեւության ոլորտում:

«Անցյալի ապագան» հավաքածուի ստեղծման նախապատմությունը

Ավելի քան տասը տարի առաջ, երբ Տերյան մշակութային կենտրոնը նոր էր սկսել իր գործունեությունը, դժվար էր պատկերացնել, որ էթնիկ տարրերը լայն տարածում կստանան: Ոչ ոք հետաքրքրված չէր այս ուղղությամբ, բացի արվեստագետներից, ովքեր գիտեն էթնիկ հագուստի եւ, առհասարակ, սեփական մշակույթի ճանաչման կարեւորությունը: Այսօր կենտրոնի դիզայներների տքնաջան աշխատանքի, ճիշտ մատուցման եւ գործում հսկայական սեր ներդնելու շնորհիվ մենք ունենք ազգային հագուստ, որը կարելի է կրել առօրյայում, քանի որ հարմարեցված է ընթացիկ  նորաձեւության միտումներին:

«Անցյալի ապագան» հավաքածուի ցուցադրությանը


Մինչ «Անցյալի ապագան» հավաքածուի ստեղծումը, Լիլիթ Մելիքյանը եւ իր գաղափարակիցները զբաղվում էին Հայաստանի տարբեր շրջանների տարազների վերականգնմամբ եւ մշակմամբ: Լիլիթը նշել է, որ ազգային տարազն այսօրվա իրականության մեջ կիրառելի դարձնելու իր առաքելությանն անդավաճան կլինի.«Ես միշտ աշխատելու եմ այս ուղղվածությամբ. ստեղծելու եմ միայն ազգային տարազներ: Սա միանշանակ է: Այնքան շատ աշխատանք կա, որ պետք է հասցնել կյանքի կարճ ժամանակահատվածում: Արդեն քառասուն տարեկան եմ եւ որքան էլ ապրեմ, չի բավարարի ավարտելու ազգային եւ էթնիկ հագուստի հետ կապված բոլոր մտահղացումներս: Արդեն երկար ժամանակ է` մարդիկ հարցնում են` «Ինչո՞ւ եք զբաղվում միայն ազգային տարազներով, ինչո՞ւ չեք ստեղծում նորաձեւ հագուստ»: Առաջարկներն այնքան շատ էին, որ համաձայնեցի, չնայած` տեւական ժամանակ տատանվում էի` ինչպես ստեղծել ժամանակակիցը` չհակասելով իմ սկզբունքներին: Չէի ցանկանում նմանվել այն հայ դիզայներներին, ովքեր ընտրում են պատմական դեմքի, պատկերում վերնաշապիկին եւ սկսում իրենց PR-ը: Դա իմ ոճը չէ: Ես սիրում եմ աշխատել»:

Հենց այսպես ծագեց գաղափարը ստեղծել հավաքածու` ժամանակակից տարրերով եւ ազգային ոգով: Իսկ թե ինչու բաճկոնները, զգեստները, պայուսակները, կոշիկները եւ այլ պարագաներ զարդարված են հայկական գորգագործությունից վերցված խորհրդանիշներով, Լիլիթը բացատրեց այսպես.«Մի քանի տարի առաջ ես նկարում էի գործվածքի վրա, ապա այն վերածում ժամանակակից հագուստի: Երբ տեսա, թե ինչպես է իմ գործընկեր դիզայներն անում նույն աշխատանքն ավելի հաջողված, պարզապես դադարեցի դրանով զբաղվել եւ սկսեցի որոնել նորը: Երկար մտածելուց հետո հասկացա, որ մենք չունենք առօրյա հագուստ գորգի նախշերով, իսկ այն շատ արդիական է: Մենք մշակել ենք մի վեկտոր-ֆայլ, որը ներառում է 468 հայկական գորգերի գրաֆիկա: Կարող էինք վերցնել մի գորգի լուսանկար, պատկերել այն  գործվածքների վրա եւ ստանալ հավաքածու, բայց դա մեր ոճը չէ, մեր գործն անում ենք հիմնովին, ոչ թե մակերեսորեն: Անցանք վեցամսյա աշխատանքի. վերցնում էինք  լուսանկարները, ստեղծում դրանցից գրաֆիկական վեկտոր-ֆայլեր եւ միայն դրանից հետո տպում գործվածքի վրա: Ինձ պետք էր, որ նույն գորգի պատկերը որակյալ լինի բոլոր օրինակների վրա, անկախ նրանից, թե ինչպես կօգտագործեի»:

«Անցյալի ապագան» հավաքածուի ցուցադրությանը


Խնդիրների մասին

Այսօր Հայաստանում քիչ են բարձրորակ գործվածքները: Գտնել, իհարկե, կարելի է, բայց միայն երկար փնտրտուքների արդյունքում: Դիզայների կարծիքով` ավելի ճիշտ է ներկրել գործվածքը, բայց հարց է ծագում` որտեղից: Թուրքիայի՞ց: Տարօրինակ է ստացվում. տարազ կամ ժամանակակից հագուստ, որը ներառում է հին հայկական գորգերի նախշեր` իրականցված թուրքական գործվածքների վրա: Լիլիթ Մելիքյանը գտել է ելք ստեղծված իրավիճակից: Նա վերջերս է վերադարձել Հնդկաստանից եւ իր ուղեւորության մասին պատմում է մեծ ոգեւորությամբ.«Հիանալի էր. ես վերջապես հասկացա` որտեղից պետք է ներկրեմ գործվածքները: Շատ երկրներում եմ եղել, բայց այն, ինչ ուզում էի, չէի գտնում եվրոպական գործվածքներում»:

Լիլիթն առաջարկում է մարդկանց, որոնք ունեն գումար, բայց չունեն գաղափարներ` կատարել ներդրում հայկական զարդանախշերով գործվածքների արտադրության մեջ: Հայաստանը ներկայացնել աշխարհին միայն կոնյակի եւ գինու արտադրանքով, սխալ է: Հասկանալի է, որ սննդամթերքի եւ ըմպելիքների պահանջարկը միշտ լինելու է, բայց ցանկանալի է ունենալ որեւէ այլընտրանք, առավել եւս, որ այս տարբերակը հնարավորություն է տալիս ցույց տալ ազգային ինքնության ողջ սպեկտրն ու կոլորիտը: Բացի այդ, այսօր մենք ունենք դիզայներ, ով մտել է միջազգային շուկա: Հրաշալի կլիներ, եթե Վահան Խաչատրյանն իր հայրենական գործվածքները ներկայացներ այնտեղ:

«Անցյալի ապագան» հավաքածուի ցուցադրությանը


Նպատակներ եւ պլաններ

«Անցյալի ապագան» հավաքածուն իր շարունակությունն ու զարգացումը կստանա սեպտեմբերից. կներկայացվեն բոլորովին տարբեր գորգեր եւ կլինի աշխատանքային այլ մոտեցում: Իսկ ամառային հավաքածուն, որը կցուցադրվի ապրիլին, խոստանում է լինել ավելի հետաքրքիր.«Շեշտը դրված է խաչքարերի վրա: Կլինեն բնական գործվածքներ` համադրված քարերի նախշերով: Մենք չենք առաջարկում խաչքարի պրինտ գործվածքի վրա, այլ ժանյակային էսքիզ` «այնթապ» ասեղնագործության համադրությամբ: Իմ կարծիքով, ասեղնագործությունն այս դեպքում առավել համապատասխանն է, քանի որ այն շատ հիմնավոր եւ ճշգրիտ է: Այս գործում մեր օգնականները սիրիահայ վարպետներն են, ովքեր շատ աշխատասեր են, ճաշակով եւ բանիմաց: Ցավալի կլինի, եթե նրանք չկարողանան աշխատանք գտնել եւ մեկնեն մեր երկրից»,-ասում է Լիլիթը:

Ամռանը կենտրոնը նախատեսում է եւս մեկ լայնածավալ աշխատանք.«Կստեղծենք դպրոցական համազգեստ` ազգային մոտեցմամբ, հայկական խորհրդանիշներով եւ զարդերով»: Հետաքրքիր գաղափար է երեխաների ազգային գիտակցությունը զարգացնել դպրոցական նստարանից. օրինակ` Վանի տարազի տարրերով համազգեստ կկրեն Տերյանի անվան դպրոցի աշակերտները, Վասպուրականի տարազը կընտրի Պուշկինի անվան դպրոցը, Սյունիքինը` Չեխովի անվան դպրոցը եւ այլն:
Առաջին ցուցադրությունը նախատեսվում է հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, իսկ երկրորդը` օգոստոսի վերջին` գիտելիքի օրվան ընդառաջ:  Գաղափարն արդեն մշակվել է, էսքիզները պատրաստ են, գործվածքն էլ ընտրված, միայն մնում է կարի գործընթացը:

Տեքստը` Սոնա Ֆահրադյանի
Թարգմանությունը՝ Մագդալինա Միրիջանյանի
Լուսանկարները` Հերմինե Հասրաթյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին