×


«Առաջին դեմք» կատակերգության հայտնի դեմքերն ու ասելիքը

«Առաջին դեմք» նոր կատակերգությունը մեծ էկրան կբարձրանա ապրիլի 1-ին։ Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի երկրորդ ֆիլմում առաջին դեմքն Արամ MP3-ն է: Երգչի համար այս ֆիլմը դեբյուտային է, դերասանական կազմում են նաեւ Աննա Գրիգորյանը, Սաթի Ջանիբեկյանը, Դավիթ Թադեւոսյանը, Արա Դեղտրիկյանը, Ելենա Վարդանյանը, Արսեն Գրիգորյանը, Լեւոն Հարությունյանը, երգիչ Սոսո Պավլիաշվիլին, ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը եւ այլք։

Դավիթ Թադեւոսյանը եւ Արամ MP3-ն` «Առաջին դեմք» ֆիլմի նկարահանումներին


Երեւանյան պրեմիերայի օրը պատահական չէ. ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ռեժիսոր եւ համապրոդյուսեր Հրանտ Երիցկինյանը, հումորի եւ ծիծաղի օրը կներկայացնեն հումորային ֆիլմ, որը նախատեսել են ընտանեկան դիտման համար։

Նկարահանումները տեղի են ունեցել Երեւանում՝ 2015-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Սցենարը գրել են «ԱրմՔոմեդի»-ի Նարեկ Մարգարյանը եւ Սերգեյ Սարգսյանը, որոնք եւս իրենց մասնակցությունն ունեն որպես դերասաններ։ Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսը՝ Գրիգոր Աստվածատրյանը, կատակասեր երիտասարդ է` հրաշալի լրագրող լինելու բոլոր նախադրյալներով։ Ամեն ինչ փոխվում է, երբ մի օր նա արթնանում է նախագահի պաշտոնում ու ստանում ամեն ինչ իր ուզածով փոխելու հնարավորություն: Անհավանական որոշումներ կայացնելուց ու խենթ գաղափարներ իրագործելուց բացի, Գրիգորը պետք է կրկին գրավի սիրելիի՝ Լիլիթի սիրտն ու բացահայտի սարսափելի դավադրություն։

Արամ MP3-ն եւ Յուրա Մովսիսյանը` «Առաջին դեմք» ֆիլմի նկարահանումներին


«Ուրիշի փոխարեն» կատակերգությունից հետո սա Հրանտի երկրորդ լիամետրաժ ֆիլմն է նույն ժանրում։ Մեր հարցին, թե ինչու կրկին կոմեդիա, ռեժիսորը պատասխանել է.«Նախ ուրախ եմ, որ այժմ շատ ֆիլմեր են նկարահանվում, որոնց մեծամասնությունը կոմեդիայի ժանրում է, քանի որ հանդիսատեսն ավելի շատ նախընտրում է կինոթատրոններում կատակերգություն դիտել, պրոդյուսերներն էլ ընտրում են այնպիսի սցենարներ, որ լինեն կոմերցիոն ու հետաքրքեն դիտողներին։ Այլ հարց է, թե որն է հաջողված կամ անհաջող: Հանդիսատեսը տալիս է իր գնահատականը։ Իմ առաջին ֆիլմից հետո ես սովորել եմ իմ սխալների վրա, փորձել եմ ինքս ինձ գերազանցել ու ավելի լավ աշխատել»։

Ֆիլմը կունենա սաունդթրեք, բայց թե ում կատարմամբ, ռեժիսորը դեռ չի բացահայտում.«Հանդիսատեսին ուզում ենք փոխանցել լավ տրամադրություն ու բարի հույզեր։ Ֆիլմի հաղորդագրությունն այն է, որ ամեն մարդ պետք է իր տեղում լինի»,-նշել է Հրանտ Երիցկինյանը` հավելելով, որ դերասանական կազմն իրեն լավ է դրսեւորել.«Արամ MP3-ի խաղից շատ գոհ եմ, որովհետեւ միանգամից իրար հասկացանք եւ հաջողվեց ստանալ այն, ինչ ցանկանում էինք։ Նկարահանված բոլոր դերասաններն արդարացրել են իմ սպասելիքները, մեկ ընտանիքի պես աշխատել ենք։ Հիմա անում ենք վերջին շտկումները եւ սպասում պրեմիերային»։

Աննա Գրիգորյանը եւ Սաթի Ջանիբեկյանը` «Առաջին դեմք» ֆիլմի նկարահանումներին


Սաթի Ջանիբեկյանն այն դերասանուհին է, ով նաեւ նկարահանվել է ռեժիսորի առաջին ֆիլմում, իսկ այս անգամ աշխատել է նոր դերասանական կազմի հետ։ Նա BRAVO.am-ին հայտնել է, որ «Առաջին դեմք»-ում մարմնավորում է գլխավոր հերոսուհու ընկերուհուն՝ Լիզային.«Վառ ու  զվարճալի բժշկուհու կերպարում եմ, իսկ նախորդ ֆիլմում ԱՄՆ-ից հատուկ առաքելությամբ Հայաստան ժամանած աղջկա դերում էի: Այս անգամ ավելի մեծ հետաքրքրությամբ եմ նկարվել, ամբողջովին ինձ զգում էի Լիզայի կերպարում, մնացածը թող գնահատեն դիտողները»։

Սաթին պատմել է, որ մանկաբույժի կերպարն ավելի լավ կերտելու համար մասնագիտական խորհուրդների համար դիմել է իր մանկաբույժ հորաքրոջը.«Բոլոր մանրուքներն ուսումնասիրել եմ, օրինակ՝ բժշկուհիները երկար եղունգներ չունեն, ես էլ այս կերպարում կարճ եղունգներով եմ։ Կան նաեւ այլ նրբություններ, որոնք հաշվի եմ առել: Դրա հետ մեկտեղ կերպարս սեթեւեթանքներով ու հումորի զգացումով աղջիկ է»։

Գլխավոր պրոդյուսերը Գրիշա Էրիկն է, բեմադրող օպերատորը` Արտյոմ Աբովյանը, մոնտաժը եւ գունաբաժանումն իրականացրել է Մանվել Հովսեփյանը, վիզուալ էֆեկտները` Վահան Հովհաննիսյանի, ոճաբանն էլ Արմեն Գալյանն է.«Կադրից դուրս աշխատող մարդիկ կարեւոր ու սրտացավ գործ են անում, բայց նրանց անունները հանդիսատեսին անհայտ են մնում։ Գնահատում եմ մեր թիմի բոլոր անդամներին ու չեմ մոռանում նրանց աշխատանքը»,-եզրափակել է Հրանտ Երիցկինյանը։

BRAVO.am
Լուսանկարները՝ «Առաջին դեմք» ֆիլմի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին