×


«Արցախ, իմ սեր» ներկայացման պրեմիերայի հետաքրքիր դրվագները

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում երեկ տեղի է ունեցել Արարատ Բարսեղյանի «Արցախ, իմ սեր» («Պըլը Պուղի») ներկայացման պրեմիերան: ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված երաժշտական կատակերգությունը բեմադրել է Գայանե Բարսեղյանը, դիրիժորն Արեգ Առուստամյանն է, նկարիչը` Տաթեւ Հովհաննիսյանը, պարերը բեմադրել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը, խմբավարն է Շուշան Հովհաննիսյանը:

«Արցախ, իմ սեր» ներկայացման պրեմիերային


Թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն ինչպես յուրաքանչյուր առաջնախաղից առաջ, այս անգամ եւս ողջունել է ներկաներին, այդ թվում` ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, եւ ազդարարել ներկայացման սկիզբը:

Լայնածավալ կատակերգությունը հարուստ է կենդանի երաժշտությամբ, պարային լուծումներով եւ հումորային դրվագներով: Գլխավոր դերակատարին` կատակաբան, փիլիսոփա Պըլը Պուղուն մարմնավորում է Ավո Խալաթյանը, Մելիք Շահնազարին` Բորիս Պեպանյանը, Մելիք Եսայուն` Արթուր Կարապետյանը, Փանախանին` Աշոտ Հակոբյանը, Բաղիրին` Արմեն Գասպարյանը,  Ադիլին` Վարուժան Մանուկյանը,  Սենեքերիմն Արթուր Գեղամյանն է, Սոնա խանումը` Սաթիկ Հախնազարյանը, Մարիամգյուլը` Մարիամ Գրիգորյանը: 

«Արցախ, իմ սեր» ներկայացման պրեմիերային


Կատակաբան Պըլը Պուղին, հայտնվելով Մելիք Շահնազարի պալատում, իր խորամանկությամբ եւ ճկուն լեզվով կարողանում է համոզել վերջինիս, որ խելք ու խոսք ունենալու համար պետք է մտնել ժողովրդի մեջ, ցնցոտի հագնել ու ատել ոսկին: Նրան հաջողվում է համոզել Շահնազարին, եւ հենց բեմում դերասանները փոխվում են հագուստներով: Բորիս Պեպանյանի կերպարը ցնցոտիները հագնելուց հետո ասում է` «Աշխարհ եկա փաշի պես, պիտի գնամ բոշի պես»:

Ավո Խալաթյանի կերպարը ներկայացման ընթացքում շեշտում է` «սերը, հայրենիքն ու աշխատանքն են այս աշխարհում երեք կարեւոր բաները», պալատականներին հյուրասիրելիս էլ ասում` «Քեֆ արեք, կերեք, դուք ժողովրդի վաստակն եք ուտում», իսկ Մելիք Շահնազարին այս խոսքերն է հղում` «Աստված քեզ սիրտ տվեց, դու այն շներին նվիրեցիր»:

«Արցախ, իմ սեր» ներկայացման պրեմիերային


Գովաբանելով արցախյան բարբառը` Պըլը պուղին ասում է.«Նման քաղցր լեզու կա՞. մեղրի նման ծորում է, ծիտիկների նման ծլվլում… Աշխարհը շինողն ու քանդողը լեզուն է»:

Ներկայացման ավարտին բեմում ծածանվում է Արցախի հսկայական դրոշը, դերակատարները շուրջպար են բռնում ու ազդարարում պայքարի հաղթական ավարտը:

Առաջնախաղից հետո BRAVO.am-ի հետ զրույցում Ավո Խալաթյանն ասել է, որ Արցախի ապրիլյան պատերազմի օրերին մեծ ցանկություն է ունեցել պրեմիերան իրականացնել Շուշիում.«Թեեւ այդ օրերին դեռ պատրաստ չէր ներկայացումը, սակայն ներքին տագնապ կար, ուզում էի խոսքս տեղ հասցնել: Փորձերն անցնում էին հուզմունքով եւ մեծ ոգեւորությամբ»:

«Արցախ, իմ սեր» ներկայացման պրեմիերային


Դերասանը խոստովանել է, որ ներկայացման գաղափարը համախմբել է իրենց ու ստիպել «աչք փակել» շատ խնդիրների վրա.«Այդ օրերին ամենահուզող ու անհանգստացնող թեման էր: Փորձում էինք զիջող լինել մանր հարցերում ու հաղթահարել փոքրիկ խոչընդոտները: Շատ լավ է, որ այսօր պատվով ավարտեցինք եւ մեր ասելիքը տեղ հասցրինք, ամենակարեւորը դա է»:

Միայն պրեմիերայից հետո է Ավոն կարողացել ասել, որ Պըլը Պուղին իր սիրելի կերպարներից է.«Սկզբում շատ բաներ մութ էին ու կիսատ, սակայն աստիճանաբար այս կերպարն իմը դարձավ, սիրեցի, հասկացա: Լավ կլիներ, որ փորձերի համար նախատեսված  ժամանակն ավելի շատ լիներ, չնայած` խաղացանկային դառնալուց հետո ներկայացումը դեռ կշտկվի»:

Մեր հարցին, թե ինչ արձագանք է ստացել դահլիճում գտնվող կնոջից` Նունե Եսայանից, եւ մայրիկից, դերասանն ասել է.«Շատ ուրախ եմ, որ նրանք հավանել են, նույնիսկ հուզվել: Մայրս ասաց, որ կարողացանք իսկապես մեր խոսքը տեղ հասցնել»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին