×


«Արքայից արքա» ցուցադրության թագավորական նմուշներն ու հյուրերը

«Արքայից արքա»` այսպես է կոչվում «Տերյան» մշակութային կենտրոնի նոր հավաքածուն, որի ցուցադրությունը երեկ էր՝ ձեռագործ գորգերի գործարանում։ Հեղինակը նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանն է, նրա թիմը ստեղծել է հայոց պատմության մեջ առանցքային դեր ունեցած 11 թագավորի եւ 11 թագուհու հագուկապի նմուշներ։

«Արքայից արքա» հավաքածուի ցուցադրությանը


 Դիզայները հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է արքաների կերպարների մասին ավանդազրույցներից ու պատումներից.«Հանդերձանքները վերականգնել ենք մեզ հասած մատենագրական նյութերի ու նկարների հիման վրա։ Երկար ուսումնասիրել ենք՝ հաշվի առնելով նրանց ապրած ժամանակաշրջանն ու տարածաշրջանը»:

«Արքայից արքա» հավաքածուի ցուցադրությանը


Արքայական հագուստի մեծ մասը զարդարված են ձեռագործ ասեղնագործությամբ եւ հուլունքազարդ են։ Ազգային ու ժամանակակից լուծումներով զգեստներն ունեն երկար զարդարուն քողեր, մարգարտաշար մանյակներ, ուղիղ եզրամասով թագավորական պատմուճաններ, գոհարազարդ գոտիներ, ճարմանդներ ու թագեր։

Դիզայներ Լիլիթ Մելիքյանը նոր հավաքածու է ներկայացրել


Ներկայացված են Երվանդունիների, Արտաշեսյան, Արշակունյաց, Բագրատունյաց, Արծրունյաց եւ Կիլիկյան հայկական թագավորության հագուստն ու զարդարանքները։ Պատմական կերպարներից կտեսնեք Տիգրան Մեծի, Մենուա Առաջինի, Արգիշտի Առաջինի, Արա Գեղեցիկի եւ Նուարդի, Արտաշես Առաջինի եւ Սաթենիկի, Էրատո թագուհու, Աբգար արքայի, Տրդատ Երրորդ Մեծի եւ Աշխեն թագուհու, Արշակ Երկրորդի եւ Փառանձեմի, Պապ թագավորի, Լեւոն Երկրորդի եւ Կեռան թագուհու հանդերձների ոճով ստեղծված նմուշներ։

«Արքայից արքա» հավաքածուի ցուցադրությանը


Մեր ընթերցողներին առաջարկում ենք լուսանկարների միջոցով ծանոթանալ «Արքայից արքա» հավաքածուի նմուշներին եւ մեկնաբանությունների հատվածում կիսվել կարծիքներով։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին