×


«Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը»` Ազգային պատկերասրահում

Ազգային պատկերասրում երեկ բացվել է քանդակագործ Բենիկ Պետրոսյանի հետահայաց ցուցահանդեսը՝ նվիրված նրա մահվան 20-րդ տարելիցին։ Բացման արարողությունը բազմամարդ էր. ներկա են եղել անվանի քանդակագործի հարազատները, արվեստագետներ, քաղաքական գործիչներ, արվեստասերներ։

Բենիկ Պետրոսյանի հետահայաց ցուցահանդեսին


«Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված են նրա բրոնզե քանդակները, գեղանկարները, գրաֆիկական աշխատանքները, մանրաքանդակներն ու հարթաքանդակները։ Նրա գործերը բազմատեսակ են՝ մոնումենտալ քանդակագործությունից մինչեւ մանրաքանդակներ։ Քանդակագործի զավակները՝ նկարչուհի, դիզայներ Արեւ Պետրոսյանը եւ Արեգ Պետրոսյանը շարունակում են նրա գործը: Արվեստագետների ընտանիքը պարբերաբար կազմակերպում է հետահայաց ցուցադրություններ։

Բենիկ Պետրոսյանի դուստրը` նկարիչ, դիզայներ Արեւ Պետրոսյանը (ձախից)


BRAVO.am-ի հետ զրույցում Արեւ Պետրոսյանը հայտնել է, որ սա, հավանաբար, վերջին լայնածավալ ցուցահանդեսն է.«Որոշեցինք, որ ամենահարմար վայրն Ազգային պատկերասրահն է: Ի դեպ, այստեղ մշտական ցուցադրության մեջ նրա գործերից չկան։ Մի քանի տարի առաջ ներկայացրել ենք Նկարիչների միությունում, այս անգամ հնավորինս շատ գործեր ենք ներառել»։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Մշակույթի նախարարության աջակցությամբ: Արեւ Պետրոսյանը հայտնել է, որ որոշակի ֆինանսավորում են ստացել, իսկ կազմակերպչական հարցերով զբաղվել է «Բենիկ Պետրոսյան» մշակութային հիմնադրամը՝ արվեստագետ Պետրոսյանների ընտանիքը՝ Ալիս Ադամյանը, Արեւ Պետրոսյանը եւ Արեգ Պետրոսյանը.«Ամեն տարի իրականացնում ենք տարաբնույթ աշխատանքներ՝ արխիվային նյութերից ֆիլմ ենք ստեղծել, գիրք ենք հրատարակել` վառ պահելու նրա հիշատակը։ Այստեղ ցուցահանդեսի ընթացքում մեկ օր կցուցադրվի ֆիլմը՝ «Բենիկ Պետրսյան. Հավերժության մեղեդի»-ն»։

Բենիկ Պետրոսյանի հետահայաց ցուցահանդեսին


Բենիկ Պետրոսյանն ունեցել է տասնյակ ցուցադրություններ Հայաստանում եւ արտերկրում՝ Լատվիայում, Ճապոնիայում, Սիրիայում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում եւ այլուր։ Ձեւավորել է տարբեր մշակութային հաստատություններ, այդ թվում՝ Երեւանի Կամերային թատրոնը։  Կյանքից հեռացել է 57 տարեկանում։

Այս ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները կարող եք դիտել մինչեւ հուլիսի 10-ը։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին