×


«Բեքսթեյջ». Ինչ է կատարվել Երիտասարդական նվագախմբի հոբելյանական համերգի ետնաբեմում

BRAVO.am-ը շարունակում է ներկայացնել մշակութային ամենատարբեր իրադարձությունների նախապատրաստական ընթացքը` այն ամենն, ինչ տեղի է ունենում ցուցահանդեսներից, համերգներից, փառատոններից եւ այլ միջոցառումներից առաջ: «Բեքսթեյջ»-ի շրջանակում կբացահայտեք, թե ինչպես են կազմակերպվում տարբեր նախագծերը եւ ինչ է կատարվում ետնաբեմում:

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը


Հունվարի 25-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգ, որին մեր անդրադարձը կարող եք կարդալ այստեղ: Իսկ այսօր կպատմենք հոբելյանական երեկոյին նախորդած փորձերի մասին, որոնց հետեւել ենք հետաքրքրությամբ, նաեւ լուսանկարահանել ընթացքը:

Երիտասարդական նվագախմբի փորձերին


Փորձերին երաժիշտները ժամեր շարունակ պատրաստվում էին իրենց համար չափազանց կարեւոր օրվան: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով առ այսօր հանդիսանում է 2005 թվականին հիմնադրված նվագախմբի անփոխարինելի ղեկավարը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ համերգին անհամբեր սպասել եւ պատրաստվել են շուրջ մեկ տարի, իսկ պատասխանատվության զգացումն առավել մեծացել է, երբ հայտնի է դարձել, որ այդ օրն իրենց կողքին կլինի մեծանուն դիրիժոր ու կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին:

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը


Հոբելյանական երեկոյից ժամեր առաջ Սերգեյ Սմբատյանը, Քշիշտոֆ Պենդերեցկին ու հատուկ համերգի համար Երեւան ժամանած մյուս հյուրերը հանդիպեցին լրագրողների հետ: “Շնորհավորում եմ Սերգեյին հրաշալի նվագախումբ ստեղծելու համար: Մի քանի անգամ համագործակցել ենք, ու նկատել եմ զարգացումն ու աճը: Ուրախ եմ, որ Սերգեյին հաջողվում է դա: Մեծ սիրով եմ համագործակցում երիտասարդ երաժիշտների հետ: Հույս ունեմ, որ Սերգեյ Սմբատյանն ու նվագախումբը մեծ ապագա կունենան”,-նշեց Պենդերեցկին:

Երտասարդական նվագախումբը` ելույթից րոպեներ առաջ


Համերգից հաշված րոպեներ առաջ երաժիշտները միմյանց հաջողություն մաղթեցին ու բեմ դուրս եկան: Անդադար հնչող ծափահարությունների ներքո Հայաստանի երիտասարդական նվագախումբը նշեց իր ծննդյան տարեդարձը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին