×


«Գերբնական գազաններ»-ի «կախարդական» պրեմիերան «Կինոպարկ»-ում

«Կինոպարկ»-ում պրեմիերաների շաբաթ է. «Երեւան մոլ»-ի կինոթատրոնում այս օրերին մեծ էկրան են բարձրացել հայկական ու արտասահմանյան արտադրության մի շարք նոր ֆիլմեր: BRAVO.am-ը ներկա է եղել «Գերբնական գազաններ, եւ որտեղ են բնակվում նրանք» ֆիլմի նախապրեմիերային։

«Գերբնական գազաններ, եւ որտեղ են բնակվում նրանք» ֆիլմի նախապրեմիերան՝ «Կինոպարկ»-ում

«Գերբնական գազաններ, եւ որտեղ են բնակվում նրանք» ֆիլմի նախապրեմիերան՝ «Կինոպարկ»-ում


Կինոսերները պրեմիերայից մեկ օր առաջ ֆիլմը դիտել են 3D ձեւաչափով, իսկ այսօրվանից այն հասանելի է 2D եւ 3D ռուսերեն ու անգլերեն տարբերակներով։

Հանրահայտ Հարի Փոթերի հեղինակ Ջեյ Քեյ Ռոլինգի այս ստեղծագործության էկրանավորումը անգլիական-ամերիկյան համատեղ արտադրություն է, բյուջեն կազմում է մոտ 180 միլիոն դոլար։ Ֆիլմը գրող ու կախարդ Նյուտ Սկամանդերի արկածների մասին է, որը 1926 թվականին նավով ժամանում է Նյու Յորք՝ իր հետ բերելով կախարդական կենդանիներով մի խորհրդավոր ճամպրուկ։ Նա նաեւ Նյու Յորքի կախարդների գաղտնի միավորման անդամ է: Հարի Փոթերի մասին պատմող վիպաշարում այս գիրքը համարվում է կախարդական արարածների մասին պատմող դասագիրք, որը Հարի Փոթերը կարդում է դպրոցում:

«Կինոպարկ»-ի տնօրեն Վազգեն Սաղաթելյանը (աջից)


«Գերբնական գազանները» ֆենթըզի-արկածային ֆիլմի նախապրեմիերային «Կինոպարկ»-ում «կախարդական» մթնոլորտ էր: Դիտումից առաջ կազմակերպվել էր «փոթերական» թեմատիկ միջոցառում: Իլյուզիոնիստ Նահապետը ցուցադրում էր աճպարարական հնարքներ, փոքրիկներին էլ սպասվում էր գիտական շոու. մասնագետների հետ երեխաներն իրականացնում էին քիմիայի ու ֆիզիկայի գիտական էքսպերիմենտներ՝ ստանալով կրակ ու պղպջակներ։ Կինոթատրոնի նախասրահում դիջեյը հնչեցնում էր թեմատիկ երաժշտություն։

«Կինոպարկ»-ի տնօրեն Վազգեն Սաղաթելյանը BRAVO.am-ին հայտնել է, որ Հարի Փոթերի մասին ֆիլմերն ու դերասանները երկրպագուների մեծ բանակ ունեն, հեղինակի այս ֆիլմ եւս սպասված է Հայաստանում.«Իհարկե, այնքան զանգվածային չէ, որքան որոշ մելոդրամաներ կամ կատակերգություններ, բայց Հայաստանում շատ քիչ է լինում, որ պրեմիերայից մեկ ամիս առաջ գալիս են տոմս գնելու։ Բնականաբար, հեղինակ Ռոլինգի հայտնիության գործոնը կա, բայց նաեւ գիրքը կարդացածները գիտեն պատմությունը։ Ի դեպ, գալիս են փոքր տարիքի երեխաներ, որոնք ավելի փոքր են, քան Հարի Փոթերի առաջին ֆիլմը, բայց նրանք դիտել են ու սպասում են նոր ֆիլմին։ Մեր փորձից ելնելով՝ ֆիլմը մեկ ամիս կմնա էկրաններին. ունեցել ենք այս ժանրի ֆիլմեր, որ վեց շաբաթ ցուցադրվել են։ Կարծում եմ՝ Հայաստանի վարձույթում արտասահմանյան ֆիլմի համար վեց շաբաթը ռեկորդային է, բայց հույս ունենք այս ֆիլմով ռեկորդը գերազանցել»։

«Գերբնական գազաններ, եւ որտեղ են բնակվում նրանք» ֆիլմի նախապրեմիերան՝ «Կինոպարկ»-ում


2 ժամ 13 րոպե տեւողությամբ ֆիլմի ռեժիսորն է Դեւիդ Յեթսը, գլխավոր դերերում են Էդդի Ռեդմեյնը, Էզրա Միլերը, Քեթրին Ուոթերսթոնը, Ջոնի Դեփը, Քոլին Ֆարելը եւ այլք։

Շտապեք վայելել Ռոլինգի կախարդական աշխարհի նոր «հատորը» «Կինոպարկ»-ում:)։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին