×


«Գրեմմի» մրցանակակիր Միխայիլ Պլետնյովի առաջին մենահամերգը Երեւանում

Ռուս հայտնի դաշնակահար, դիրիժոր եւ կոմպոզիտոր Միխայիլ Պլետնյովը երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում երաժշտության լեզվով երկխոսում էր հանդիսականների հետ։ Հայաստանում առաջին անգամ մենահամերգով հանդես եկող երաժիշտը երեւանյան համերգին կատարել է Բախի, Գրիգի, Մոցարտի ստեղծագործություններից։

Միխայիլ Պլետնյովի երեւանյան համերգին


Համերգի մեկնարկից րոպեներ առաջ ետնաբեմում նա շարունակում էր իր փորձը, որն ավարտելուց հետո անվրդով քայլվածքով մտել է բեմ։ Նկատելի էր, որ ռուս դաշնակահարը չի սիրում շփվել մեդիա ներկայացուցիչների հետ։

Միխայիլ Պլետնյովի երեւանյան համերգին


Երաժիշտը Հայաստանում է «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հրավերով։ Ինչպես հայտնել է փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, Պլետնյովը խորհրդային տարիներին նվագախմբի հետ այցելել է Երեւան, իսկ մենահամերգով առաջին անգամ է մեր երկրում.«Նա այն եզակիներից մեկն է, որի անունն այսօր դաշնամուրային կատարողական արվեստի գագաթնակետում է գտնվում: Նրա համերգը երաժշտասերների համար իսկապես սպասված էր»։

Միխայիլ Պլետնյովի երեւանյան համերգին


Պլետնյովը համարվում է մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկը, որը համատեղում է դիրիժորի, կոմպոզիտորի ու դաշնակահարի մասնագիտությունները։ Նա Ռուսաստանի ազգային նվագախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Նա արժանացել է ինչպես իր երկրի բարձրագույն պարգեւներին, այնպես էլ «Գրեմմի» եւ հեղինակավոր այլ մրցանակների:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին