×


«Եվրատեսիլ 2016»-ի Մալթայի ներկայացուցիչը՝ Հայաստանում

«Եվրատեսիլ 2016»-ի Մալթայի ներկայացուցիչ Իրա Լոսկոն ժամանել է Հայաստան: Մեր մասնակցի` Իվետա Մուկուչյանի ուղեկցությամբ եւ օգնությամբ՝  նա շրջել է հայաստանյան գեղատեսիլ վայրերով, ծանոթացել հայկական մշակույթին, ավանդույթներին: 

Իվետա Մուկուչյանը եւ Իրա Լոսկոն


Իրա Լոսկոն որոշել է Հայաստան ժամանել Մոսկվայում կայացած եվրատեսիլյան համերգից հետո, երբ ծանոթացել եւ մտերմացել է Իվետայի հետ.«Այնպիսի տպավորություն էր, որ վաղուց ենք ճանաչում միմյանց: Նա հրաշալի անձնավորություն է՝ նպատակասլաց, բարի: Եթե անկեղծ լինեմ, իսկապես չէի կարծում, որ այսքան կարճ ժամանակահատվածում այսչափ կմտերմանանք: Մեզ միավորում են ընդհանուր հայացքներն ու հետաքրքրությունները: Այդ իսկ պատճառով որոշեցի ավելի շատ բան իմանալ Հայաստանի մասին»,- նշել է Մալթայի մասնակիցը:

Իվետա Մուկուչյանը եւ Իրա Լոսկոն


Նրա խոսքով, թեեւ Հայաստան է ժամանել շատ կարճ ժամանակով՝ ընդամենը մի քանի օրով, այնուամենայնիվ, վստահ է, որ ստացած տպավորությունները դեռ երկար կմնան հիշողության մեջ, քանի որ հիացած է Գառնու տաճարի, Գեղարդի գեղեցկությամբ, բնաշխարհով, հայկական խոհանոցով եւ պատմությամբ.«Այստեղ եկա հայ ժողովրդի համար դժվարին օրերին, իմ ցավակցություններն եմ փոխանցում այն մարդկանց, ովքեր տուժել են այս դեպքերի ընթացքում: Մենք՝ արտիստներս, առաջին հերթին խաղաղություն եւ սեր ենք քարոզում, թող մեր ձայնը լսելի դառնա ամբողջ աշխարհում»:

Իվետա Մուկուչյանը եւ Իրա Լոսկոն


Իվետա Մուկուչյանն էլ նշել է, որ իրեն հաճելի էր Իրային ծանոթացնել հայկական մշակույթին եւ ավանդույթներին.«Թեեւ ես նախապես տեղեկացրել էի Իրային, թե ինչ իրավիճակ է Արցախում, նա, այնուամենայնիվ, եկավ Հայաստան՝ լինելու հայ ժողովրդի կողքին, որի համար շնորհակալ եմ նրան: Հրաշալի անձնավորություն է՝ գեղեցիկ, տաղանդավոր: Ինձ իսկապես հաճելի է ծանոթանալ նրա երաժշտական գործունեությանը: Նրան մրցույթում իսկապես հաջողություններ եմ մաղթում»:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները` Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին