×


«Երբեք մի հանձնվիր»․ Վարդան Զիլֆուղարյան

Մեկ տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 20-ին ԱՄՆ Վաշինգտոն քաղաքի Առողջության ազգային ինստիտուտում հիվանդության պատճառով կյանքից չափազանց վաղաժամ հեռացավ 33-ամյա տաղանդավոր օպերատոր Վարդան Զիլֆուղարյանը:

Վարդան Զիլֆուղարյանը


Վարդանը հայտնի դարձավ դեռեւս 1998 թվականին Հանրային հեռուստատեսության “Հայլուր” լրատվականի շնորհիվ, ապա՝ տարիներ շարունակ այն ժամանակ դեռեւս “Պրոմեթեւս” կողչվող, իսկ այժմ արդեն Հ2 հեռուստաընկերության “Լրաբեր” հաղորդման շրջանակներում: Ընդամենը 16 տարեկանում Վարդանն արդեն հասցրել էր ավարտել “Ինտերնյուսի” օպերատորական դպրոցը եւ աշխատանքի ընդունվել Հայաստանի հանրային հեռուսընկերություն որպես օպերատոր: Ապա՝ աշխատանքի հետ մեկտեղ ընդունվել էր Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետ՝ օպերատորական վարպետություն մասնագիտությամբ:

Հ2-ում աշխատելու ընթացքում Զիլֆուղարյանը դարձավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ապա՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ պաշտոնական այցերի եւ նկարահանումների մեկնող օպերատոր: Իր մասնագիտական կյանքի ընթացքում Վարդանը եղավ 30-ից ավել երկրներում: 

Շատերը կհիշեն այդ տարիներին ծանոթ՝ “Հայկ Վարդանյան, Վարդան Զիլֆուղարյան՝ Լրաբեր” կամ “Հրածին Սաֆարյան, Վարդան Զիլֆուղարյան՝ Լրաբեր” արտահայտությունները:

Վարդան Զիլֆուղարյանը


Ապա եկավ 2004 թվականը, եւ Վարդանին նկատեցին ռուսաստանյան “Մոսֆիլմ” կինոկոնցեռնում՝ մոտ էր կինոոպերատոր դառնալու նրա վաղեմի երազանքը:

Առաջին ֆիլմը հենց 2004 թ-ին էր՝ “Капкан”, որպես երրորդ օպերատոր: Եվ այդպես սկսվեց նրա կարիերան ՌԴ գլխավոր կինոհրապարակում: “Ночной гость”, “Зверобой 3”, “Вы заказывали убийство”, “Катя”, “О тебе”, “Пилот международных авиалиний”, “Под прикрытием”, “Парфюмерша”, “Умник”, “Крeстный”, “Отражение”, “Минус один”․․․ Ցանկն իրականում չի ավարտվում, ուղղակի ելնելով իր` իր իսկ հանդեպ թերահավատ բնավորությունից, շատ ֆիլմերի մասին չէր խոսում, երբեք չեր գրանցում՝ ինչ եւ երբ է նկարել:

Վերջապես եկավ 2014 թվականը, երբ Վարդանը հրավեր ստացավ նկարահանելու գեղարվեստական ֆիլմ “Саша плюс Даша плюс Глаша” որպես բեմադրող օպերատոր։ Դա այն էր, ինչին նա այդքան տարի ձգտում էր, այդ էջից պետք է սկսվեր Վարդանի մասնագիտական ամենավերելքային ժամանակաշրջանը։ Ցավոք, դա իր առաջին եւ վերջին ֆիլմն էր որպես բեմադրող օպերատոր…

Վարդան Զիլֆուղարյանը՝ նկարահանումների ժամանակ


Վարդանի նկարահանած ֆիլմերը ցուցադրվել են Ռուսաստանի առաջատար ալիքներով՝ Первый канал, НТВ, ТВЦ: Նա աշխատել է այնպիսի հայնտնի դերասանների հետ, ինչպիսիք են Դմիտրի Նագիեւը, Եկատերինա Շպիցան, Ալեքսանդր Միխայլովը, Ինգեբորգա Դապկունայտեն, Ալեքսանդր Գորդոնը, Եկատերինա Վուլիչենկոն, Սերգեյ Պուսկեպալիսը եւ այլն:

Հիվանդությունն ի հայտ եկավ ֆիլմի նկարահման վերջին օրերին։ Չափազանց վատ ինքնազգացողությամբ նա միեւնույն է ավարտեց նկարահանումները, նոր միայն դիմեց հիվանդանոց: Դիմեց, եւ սկսվեց անտանելի մի պայքար՝ Ռուսաստան, Գերմանիա, ԱՄՆ, նախաձեռնվեց դրամահավաք, որի ընթացքում հավաքագրված գումարի շնորհիվ հնարավոր դարձավ Վարդանի բուժման կազմակերպումը: Բուժումը տեւեց 2.5 տարի անընդմեջ, սակայն հիվանդությունը չնահանջեց:

Վարդան Զիլֆուղարյանը մահացավ իր թե անձնական, եւ թե մասնագիտական կյանքի ամենածաղկուն շրջանում՝ միայնակ թողնելով իր փոքրիկ դստերը եւ կնոջը: Վարդանը ապրեց կարճ, բայց շատ հագեցած կյանք՝ միշտ սիրված լինելով իր գործընկերների, ընկերների եւ հարազատների կողմից: Բարի, պատասխանատու, կատակասեր Վարդան Զիլֆուղարյանը միշտ կմնա իրեն ճանաչածների սրտերում:

Նվիրվում է Վարդան Զիլֆուղարյանի մահվան առաջին տարելիցին:

Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին