×


«Էմերսոն» լարային քառյակը

«Էմերսոն» քառյակի անակնկալ պատասխանը հայ լրագրողներին եւ բացառիկ համերգը Երեւանում

Երաժիշտներ, որոնք հույս են ներշնչում մարդկության ապագայի հանդեպ. այսպես է բնութագրել բրիտանական «The Times» պարբերականը ինը «Գրեմմի» մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակի անդամներին: Տեւական բանակցություններից հետո աշխարհահռչակ երաժիշտները Երեւանում էին: «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում տեղի ունեցավ քառյակի մենահամերգը, որը, ի դեպ, առաջինն էր մեր տարածաշրջանում:

«Շատ ուրախ ենք, որ վերջապես Հայաստանում ենք: Իհարկե, տարիներ տեւեց, մինչեւ հասանք Երեւան, բայց շատ հայ ընկերներ ունենք, ովքեր մեզ միշտ քաջալերում էին այդ հարցում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ջութակահար Ֆիլիպ Զեթցերը:  

«Էմերսոն» լարային քառյակի երեւանյան համերգին


Պարզվեց՝ երաժիշտները շատ լավ ծանոթ են հայկական մշակույթին ու դասական երաժշտության մեր ականավոր դեմքերին: Ավանդական հարցին՝ ինչ գիտեք Հայաստանի մասին, տվեցին ոչ ավանդական պատասխան.«Մենք մոտավոր պատկերացում ունեինք ձեր երկրի աշխարհագրական դիրքի մասին, բայց գալուց առաջ արդեն քարտեզի վրա գտանք, թե կոնկրետ որտեղ է Հայաստանը: Դուք ունեք զարմանալի մշակույթ, խոր քրիստոնեական արմատներ ու պատմություն: Գիտենք, որ Երուսաղեմում ունեք ձեր ամուր ներկայությունը եւ ձեր պատրիարքը: Գիտենք նաեւ, որ ունեք ձեր սեփական գիրը, որն առանձնանում է աշխարհի մյուս լեզուներից»:

Քառյակի անդամները՝ Յուջին Դրուքերը, Ֆիլիպ Զեթցերը, Լոուրենս Դաթընը եւ Փոլ Ուոթքինզը, նշեցին նաեւ այն հայ անվանի երաժիշտներին, որոնց մասին լսել էին եւ նույնիսկ անձամբ ճանաչել՝ Իվան Ղալամյան, Քիմ Քաշքաշյան, Լեւոն Չիլինգիրյան եւ այլք.«Հայազգի լեգենդար երաժիշտ Իվան Ղալամյանն ապրում էր Ամերիկայում եւ ջութակի ամենաազդեցիկ ուսուցիչներից էր այնտեղ. մի քանի սերունդ է կրթել ու դաստիարակել: Նրա աշակերտներից է եղել նաեւ Պինկաս Ցուկերմանը, ով այս փառատոնի շրջանակում հաճախ է հյուրընկալվում Հայաստանում: Ես բազմիցս պատիվ եմ ունեցել նրան հանդիպելու, բայց, ցավոք, նրա դասարանում չեմ սովորել: Նա ամենահարգված անձնավորություններից էր այնտեղ»,- ընդգծեց Յուջին Դրուքերը:

«Էմերսոն» լարային քառյակի երեւանյան համերգին


Փոլ Ուոթքինզն էլ նշեց, որ իր կնոջ հայրը, ով շատ հայտնի ջութակահար է ԱՄՆ-ում, առիթ է ունեցել սովորել Ղալամյանի դպրոցում եւ լինել նրա ուսանողը.«Նույնիսկ կարող ենք ասել, որ նա աշխարհի համար հանդիսացել է ջութակի արդի կատարողական դպրոցի հիմնադիրը»:

Հենց այս առիթով էլ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ, գեղարվեստական ղեկավար եւ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը հայտնեց, որ ծրագրում են շուտով Իվան Ղալամյանի անվան միջազգային դպրոց հիմնել Բյուրականում: Սակայն փակագծերը բացել եւ մանրամասնել առայժմ չցանկացավ:

«Մեզ համար սա պատմական օր է: Շատ երկար տարիներ աշխատեցինք քառյակին Հայաստան հրավիրելու ուղղությամբ, քանի որ այն դասական երաժշտության բարձրագույն կետերից մեկն է: Ուրախ եմ, որ փառատոնն այդ բարձունքը եւս գրավեց»,- ասաց պարոն Ռոստոմյանը:

«Էմերսոն» լարային քառյակի երեւանյան համերգին


Համերգը մեկնարկեց Յոզեֆ Հայդնի ստեղծագործությամբ, ծրագրի առաջին մասում հնչեցին նաեւ Անտոն Վեբեռնի եւ Բելա Բարտոկի գործերը լարային կվարտետների համար: Հանդիսատեսը, իհարկե, սպասում էր հատկապես համերգի երկրորդ հատվածին, որտեղ պիտի հնչեին Լյուդվիգ Վան Բեթհովենի գլուխգործոցները: Շուրջ երկու ժամ տեւած համերգի ընթացքում Արամ Խաչատրյան համերգասրահը լցվեց ջութակի եւ թավջութակի խենթացնող մեղեդիներով, իսկ հեղինակավոր լարային քառյակին հայ հանդիսատեսը ճանապարհեց հոտնկայս ծափողջույններով:

Նշենք, որ «Էմերսոն» լարային քառյակը հիմնադրվել է 1976 թ.-ին՝ Նյու Յորքում, եւ առաջիններից էր, որի ջութակահարները փոխհաջորդում էին միմյանց առաջին ջութակի դերում: Դա խոսում է երաժիշտների բացարձակ որակի եւ պրոֆեսիոնալիզմի մասին: Առաջիկայում Հայաստան կժամանի նաեւ ականավոր դաշնակահար Եվգենի Կիսինը, ում մենահամերգով էլ կեզրափակվի «Երեւանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային փառատոնը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին