×


Էլեն Ասատրյանը

«Ընկերս շատ վատ է վերաբերվում աշխատանքիս». Էլեն Ասատրյան

Հայ-ռուսական համալսարանի ուսանողուհի Էլեն Ասատրյանը նախկինում չէր էլ պատկերացնում, որ ընկերներից մեկից ստացած առաջարկի շնորհիվ կհայտնվի եթերում: «Աբելի քույրը», «Առաջնորդները», «Միլիոնը թակարդում» սերիալներից, «Ֆուլ Հաուս» եւ հեռուստատեսային այլ նախագծերից հայտնի Էլենը BRAVO.am-ին ասել է, որ իր հաջողությունները կապում է գեղեցիկ արտաքինի, անկեղծության եւ աշխատասիրության հետ:

«Հիմա չեմ նայում այդ սերիաները»

«Աբելի քույրը» սերիալն ինձ համար դեբյուտային էր: Ընկերներիցս մեկն առաջարկեց մասնակցել քասթինգին, եւ ես բավական երկար ժամանակ երկմտում էի՝ գնալ, թե ոչ: Քասթինգը հաղորդավար-պրոդյուսեր Հրաչ Մուրադյանն էր անցկացնում, ասեմ՝ միանգամից ընտրվեցի: Հիշում եմ՝ առաջին նկարահանումներին շատ կաշկանդված էի, վախենում էի համարձակ խաղալ, հետո աստիճանաբար ընտելացա: Հիմա չեմ նայում այդ սերիաները, քանի որ չեմ հավանում իմ խաղը, շատ թերություններ կան: Ժամանակի ընթացքում շատ եմ աշխատել ինձ վրա ու առաջխաղացում եմ զգում: Հետագայում առաջարկները հաջորդեցին միմյանց: Հիմա ավելի համարձակ ու փորձառու եմ:

Էլեն Ասատրյանը


«Մեծ գումարներ եմ վաստակում»

«Ֆուլ Հաուս»-ի նկարահանումներին զուգահեռ, որպես հանդիսավար, աշխատում եմ երեւանյան ակումբներից մեկում, որտեղ նաեւ երգում եմ: Շատ եմ սիրում իմ աշխատանքն ու մեծ հաճույքով եմ անում այն: Հիմնականում ակումբային երգեր եմ կատարում ու այդ կերպ ուրախացնում ներկաներին: Այս աշխատանքս ինձ մեծ փորձ ու համարձակություն է տվել, ինչո՞ւ չէ, նաեւ ֆինանսական ինքնուրույնություն: Նաեւ կորպորատիվ միջոցառումներ վարելու առաջարկներ եմ ստանում ու մեծ գումարներ վաստակում:

«Գեղեցկության մրցույթի կմասնակցեմ»

2018.թ-ին Հայաստանը ներկայացնելու եմ Իսպանիայում կայանալիք գեղեցկության մրցույթում: Գործընկերս՝ հաղորդավար Տիգրան Հարությունյանը, իմ ու այլ մի քանի աղջիկների լուսանկարներ ուղարկեց քասթինգի համար, եւ հենց ինձ ընտրեցին: Որպես մոդել՝ սա իմ առաջին լուրջ քայլն է լինելու, մինչ սա միայն այս կամ այն ապրանքանիշի գովազդներում եմ նկարահանվել: Պոդիումում աշխատելու փորձ դեռ չունեմ: Մեկ տարի ժամանակ ունեմ պատրաստվելու ու մեր երկիրը պատվով ներկայացնելու համար, հուսամ՝ կստացվի: Շատ ոգեւորված եմ, շատ եմ սիրում Իսպանիան, ուրախ եմ, որ հենց այնտեղ է անցկացվում մրցույթը:

Միհրան Ծառուկյանը եւ Էլեն Ասատրյանը՝ Ֆուլ Հաուսի նկարահանումներին


«Այդ ժամանակ կենթարկվեմ նրան»

Փառք Աստծո, շատ ժողովրդավար ընտանիքում եմ ծնվել ու մեծացել: Նրանք հարգում են իմ աշխատանքը, հատկապես, երբ տեսնում են, թե ինչ սիրով եմ անում դա: Մայրս, որպես դերասանուհի, երկար տարիներ աշխատել է Պարոնյանի անվան թատրոնում, նա ամեն հարցում օգնում է ինձ: Իսկ այ, ընտրյալս շատ վատ է վերաբերվում իմ աշխատանքին: Եթե մի օր կանգնեմ աշխատանքի կամ անձնական երջանկության դժվարին ընտրության առջեւ, կընտրեմ ընտանիքը: Սիրելի գործիցս կհրաժարվեմ այն ժամանակ, երբ մեր հարաբերություններն օրինական հիմքի վրա լինեն: Այժմ այս աշխատանքով կարողանում եմ հոգալ իմ ու ընտանիքիս հոգսերը: Երբ արդեն ամուսնանամ ու որոշ չափով իմ տերն ամուսինս լինի, նոր կենթարկվեմ նրան ու կհրաժարվեմ իմ այսքան սիրելի գործից:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am /
Լուսանկարները՝ Էլեն Ասատրյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին