×


«Լավ էլի»-ի հոբելյանական համերգները բուռն են անցել

20-ամյակը բոլորած, ամբողջական կազմով եւ հին ու նոր երգերով՝ «Լավ էլի» խումբը երեք օր իսկական տոն է պարգեւել երկրպագուներին: Վանաձորում նոյեմբերի 14-ին, իսկ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում նոյեմբերի 15-ին ու 16-ին կայացած խմբի համերգներին դահլիճը լեփ-լեցուն է եղել:

«Լավ էլի» խմբի երեւանյան համերգին


«Մեր 20 տարվա երգերի լավագույն ծաղկաքաղն էինք արել, նաեւ որոշ անակնկալներ էինք պատրաստել։ Ներկայացրինք երգեր նոր ալբոմից, ինչպես նաեւ նոր՝ «Անձրեւաշուն» երգը։ Համերգը նաեւ յուրահատուկ էր նրանով, որ բոլոր ժամանակաշրջանների մեր կազմերը հավաքվել են մի տեղ»,- BRAVO.am-ին ասել է «Լավ էլի» խմբի անդամ Մհեր Մանուկյանը:

Նա հույս է հայտնել, որ «Լավ էլի»-ն կկարողանա ավելի հաճախ համերգներ ունենալ. «Աստված տա, կարողանանք։ Մենք հաճելիորեն զարմացած ենք այն բանից, թե ինչ արագությամբ սպառվեցին տոմսերն ու ինչ բուռն անցան համերգները: Հույս ունեմ, որ եւ մեզ, եւ ունկնդիրների համար խթան կլինի, որ ավելի հաճախ նվագենք»։

«Լավ էլի» խմբի երեւանյան համերգին


Խմբի անդամ Գոռ Մխիթարյանը, ով ԱՄՆ-ից հատուկ համերգի համար է ժամանել Հայաստան, մեզ հետ զրույցում ասել է, որ «Լավ էլի»-ի 20-ամյակին ոգեւորված են սպասել.«Համերգները, կարող ենք ասել, «բում» արեցին։ Պիտի փորձենք գոնե տարին մեկ անգամ ամբողջական կազմով հավաքվել։ Հաջորդ տարի ամռանը նորից գալու եմ, եւ բացի իմ մենահամերգից, կփորձենք նաեւ «Լավ էլի»-ի կազմով ելույթ ունենալ»,- ասել է նա` հավելելով, որ այս պահին նոր ալբոմի վրա է աշխատում, որը լույս կտեսնի ամռանը:

Խմբի բաս-կիթառահար Վահե Տերտերյանը, ով նույնպես հատուկ համերգի համար է ժամանել ԱՄՆ-ից, նշել է, որ իրենց համար եւս մեծ անակնկալ էր, որ կարողացան նման կազմով հավաքվել.«Արդեն 10 տարի է, որ «Լավ էլի»-ից դուրս եմ: Ուրախ եմ, որ կարողացանք բոլորով հավաքվել։ Եթե խումբը որոշի հաճախ համերգներ տալ, կաշխատեմ գոնե տարին մեկ անգամ մասնակցել։ Արդեն հարցրել են՝ ամռանը կգամ։ Այնպես որ, կարող է գամ։ Խմբի նոր երգերը շատ եմ սիրում, միշտ ուզել եմ մասնակցել դրանց կատարմանը։ Այդ երգերը մի քիչ ավելի հասուն են. ժամանակն իրենն անում է»:

Գոռ Մխիթարյանը եւ Մհեր Մանուկյանը


«Լավ Էլի» հայկական ալտերնատիվ ռոք-խումբը կազմավորվել է 1996 թվականին` Վանաձորում։ Խումբը հիմնել են Մհեր Մանուկյանն ու Գոռ Մխիթարյանը՝ «Snack» խմբի հիման վրա: «Լավ էլի»-ին «Ալք» խմբից միացել են Վահե Տերտերյանը եւ Դավիթ Գրիգորյանը։

Տեքստը` Մարի Թարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին