×


«Խոպանի տեսությունն» ավարտվե՞լ է

«Շանթ»-ի «Խոպանի տեսության» դերասանները նկարահանման հրապարակից լուսանկար են հրապարակել ու հայտնել սիթքոմի ավարտի մասին, շատերն էլ շտապել են ենթադրել, որ նախագիծն այլեւս չի ցուցադրվի: BRAVO.am-ին, սակայն,  հեռուստաընկերությունից տեղեկացրել են, որ թեեւ երկրորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, զվարճալի սերիաները կցուցադրվեն մինչեւ հունիսի վերջ: Իսկ աշնանը շարունակություն կլինի, թե ոչ, դեռ պարզ չէ:

«Խոպանի տեսություն» սիթքոմը կցուցադրվի մինչեւ հունիսի վերջ


BRAVO.am-ը զրուցել է նաեւ սիթքոմի դերասանների հետ, ովքեր էլ առանձնացրել են իրենց համար հիշարժան պահերը, նաեւ հայտնել առաջիկա պլանների մասին: Երկրորդ եթերաշրջանից թիմին միացած Անդրանիկ Հարությունյանն ասել է, թե դժվարություններ է ունեցել բեղերի պատճառով.«Չէի կարողանում ծիծաղել, հազիվ կմկմում էի:): Իսկ եթե հանկարծ չէի դիմանում ու լիաթոք ծիծաղում էի, բեղերս պոկվում էին, ու ստիպված նորից էինք կրկնում դրվագը: Ինչ վերաբերում է աշխատանքին, մնում է թատրոնը, կարծում եմ` ընթացքում մի նոր բան կլինի` տաշած քարը երբեք գետնին չի մնում»:

Անահիտ Կիրակոսյանը նշել է, որ իր մարմնավորած Հայարփիի կերպարը մշտապես ծիծաղելի իրավիճակներում է հայտնվել.«Տեսարան կար, երբ տորթը ձեռքիս խոհանոցից այնպես պետք է դուրս գայի, որ դիմացից եկող Ռուբենի դերակատարի դեմքը մտներ տորթի մեջ: Ամբողջ սերիան նկարահանել էինք, մնացել էր միայն այդ հատվածը, փառք Աստծո, առաջին փորձից ստացվեց, այլապես ոչ միայն նոր տորթ պետք է բերեին, այլեւ Հայկ Պետրոսյանը կնեղվեր, քանի որ շատ մաքրասեր ու բծախնդիր է»,-ասել է դերասանուհին, ով այս շրջանում կշարունակի աշխատել «Շանթ»-ի առավոտյան ծրագրում եւ Կամերային երաժշտական թատրոնում:

«Խոպանի տեսություն» սիթքոմի նկարահանումներին


Անահիտը հավելել է նաեւ, որ սիթքոմի դերասանական կազմը մի ընտանիք է դարձել.«Մեր ասպարեզում հազվադեպ է լինում, որ նախագծից հետո մարդիկ իսկապես ընկերներ դառնան: Հենց այս ընտանիքիս հետ էլ երկու անգամ նշել եմ ծննդյանս օրը»:

Նկարահանումների ավարտից անմիջապես հետո Անաիս Սարդարյանը մեկնել է հանգստի: Այս օրերին Սոչիում գտնվող դերասանուհին եւս հիշել է ծիծաղելի դեպք նկարահանման հրապարակից. «Մի անգամ տաղավարում սարսափելի շոգ էր, իսկ ես էլ այնքան գերհոգնած էի, որ ուշաթափվել եմ: Դրանից հետո ողջ կազմով երկար ժամանակ ծիծաղել ենք: Զվարճալի էր նաեւ այն, որ մեր ռեժիսորն այդ պահին կադրն էր նայում, ու երբ ուշաթափվեցի, ասաց՝ «Էս ո՞վ պակասեց, կորավ»»:

Անաիս Սարդարյանը` «Խոպանի տեսություն» սիթքոմի նկարահանումներին


Անաիսն անհամբերությամբ է սպասել արձակուրդին.«Օգոստոսի համար  «Շանթ»-ից կրկին առաջարկ ունեմ, էկրաններից հաստատ չեմ կորի, բայց փակագծերը դեռ չեմ կարող բացել»:

Դերասանուհի Մանանա Գեւորգյանը դժվարացել է որեւէ դրվագ մտաբերել` նշելով, որ նկարահանման յուրաքանչյուր օրն առանձնացել է հետաքրքրությամբ.«Ամռանը մի փոքր կհանգստանամ: Թեեւ այլ հեռուստաընկերություններից առաջարկներ ունեմ, սակայն կմնամ «Շանթ»-ում ու կշարունակեմ իմ սիրելի աշխատանքը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսնկարները՝ Դերասանների արխիվից եւ Շանթի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին