×


«Խոստումը» հայերեն կրկնօրինակողների անկեղծ խոստովանությունները

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին՝ ապրիլի 24-ին, Երեւանում կայացել է «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը՝ հայերեն հնչունավորմամբ։ Պատմական ու սիրային դրամայի ռեժիսորը երկար տարիներ Հոլիվուդում աշխատող իռլանդացի ռեժիսոր Թերի Ջորջն է, որն «Օսկար» է ստացել թութսիների ցեղասպանության մասին նկարահանած «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմի համար։

Ֆորշը, Լեւոն Հարությունյանը՝ «Խոստումը» ֆիլմի երեւանյան ցուցադրությանը


Հոլիվուդյան էկրանավորման առանցքում Մեծ եղեռն է՝ հայերի պայքարը, սերն ու մարդկային փոխհարաբերությունները։ Ըստ սյուժեի՝ գործողությունները զարգանում են 1914-1915 թվականներին, երբ օսմանյան թուրքերն արեւմտահայերին տեղահանում ու կոտորում են։ Գլխավոր դերերում են Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ լը Բոնը, Ջեյմս Կրոմվելը, Ժան Ռենոն, Շորե Աղդաշլուն եւ Անժելա Սաֆարյանը։ Սցենարի հեղինակը Ռոբին Սվայկորդն է։
Գլխավոր հերոս հայ դեղագործ Միքայել Պողոսյանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս՝ բժշկական կրթություն ստանալու, որտեղ ծանոթանում է Փարիզում կրթություն ստացած հայ նկարչուհի Աննայի հետ։ Նրա սիրեցյալն ամերիկացի լրագրող Քրիսն է, ով աշխարհաքաղաքական իրադարձությունները լուսաբանում է «Ասոշեյթեդ պրես»-ի համար։ Երբ Միքայելը հանդիպում է Աննային, սիրահարվում է, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում, եւ Աննան դառնում է երկու տղամարդկանց սիրային մրցակցության պատճառը։ Երբ Օսմանյան կայսրության թուրքերը տեղահանում ու բնաջնջում են հայերին, նրանք միասին փրկվելու ելքեր են փնտրում։ Սիրային դրամայի հերոս Միքայելը խոստանում է ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը:

132 րոպե տեւողությամբ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում` 2016-ի սեպտեմբերին: Իսկ նկարահանումները սկսվել են 2015 թվականի աշնանը՝ Պորտուգալիայում, Կանարյան կղզիներում, Նյու Յորքում։

«Խոստումը» ստեղծվել է Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ամերիկահայ բարերարի անուն-ազգանունը լուսագրերում նշված է որպես գործադիր պրոդյուսեր։ Նրան պատկանող «Tracinda» կորպորացիան ստեղծել էր «Survival Pictures» պրոդյուսերական կենտրոնը, որի առաջին աշխատանքն այս ֆիլմն է։ Ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն է եւ նպաստել է սաունդթրեքի համար հայկական ժողովրդական «Սարի սիրուն յար» երգի նորովի ներկայացմանը: Ֆիլմի թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ-կիթառահար Քրիս Քորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը։

«Շարմ Հոլդինգ»-ի նախաձեռնությամբ կատարվել է ֆիլմի հայերեն կրկնօրինակումը, որին մասնակցել են Սամվել Թոփալյանը, Խորեն Լեւոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Կարինե Ջանջուղազյանը, Դավիթ Հակոբյանը եւ այլք:

Մխիթար Ավետիսյանը


Մխիթար Ավետիսյանը հնչյունավորել է Թալեաթ փաշային, Մարալի հորը եւ ծաղրածուին։ BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է, որ առաջին անգամ դիտելիս ուշադրություն է դարձրել իր ու գործընկերների կրկնօրինակման արդյունքին, երկրորդ անգամ տպավորվել է ֆիլմի գեղարվեստական արժեքով։

Ըստ Մխիթարի՝ ամերիկյան ստեղծագործական անձնակազմն ամեն ինչ արել է, որ ֆիլմն աշխարհում հաջողություն ունենա.«Առավելություններից մեկն այն է, որ միայն հայերի Ցեղասպանության մասին չէ. մարդկային տարբեր հարաբերություններ կան։ Լավ է, որ Մուսա լեռան դրվագները ներառված են՝ թե ինչպես են հայերը պայքարում ու փրկում իրենց ընտանիքներին ու որբերին։ Ցույց են տալիս մեր ազգի լավագույն երիտասարդներին, Կոմիտաս վարդապետին, ապրելու ձգտող, ձեռնարկող հայերին, եւ դրա կողքին թուրքերի վայրագությունները։ Թալեաթ փաշան ընդամենը մեկ տեսարանում է երեւում, բայց նրա նողկալի տեսակն ամբողջությամբ բացահայտվում է, երբ ԱՄՆ դեսպանին ասում է՝ հայերի սերունդները չկան, ապահովագրման գումարները փոխանցեք մեր պետությանը։ Որպես սովորական հանդիսատես՝ ես հուզվել եմ»։

Բաբկեն Չոբանյանը, որը հնչունավորել է հոգեւորական Պատվելի Անդրեասյանին, ֆիլմը հավանել է. «Մեծ հաշվով ֆիլմն ինձ դուր եկավ։ Նկատեցի, որ պատմական որոշ շեղումներ կան, փոքր փաստեր կան, որ հաշվի չեն առել, բայց այս դեպքում այնքան մեծամասշտաբ հարց է բարձրացված, այլազգի դիտողները միգուցե հետո կուսումնասիրեն ողբերգության մանրամասները։ Քննադատելու բան միշտ կարելի է գտնել ցանկացած աշխատանքում, բայց սա այդ դեպքը չէ։ Միգուցե մարդիկ կփնտրեն «ցեղասպանություն» բառը, որը չհնչեց, բայց ես դրա անհրաժեշտությունը չզգացի. ողբերգությունը ներկայացված է սառնասրտությամբ։ Ինձ հեշտ չէր մասնակցել հնչունավորմանը, կարճ ժամանակ ունեինք, պետք է հուզականությունը մի կողմ դնեինք ու սթափ ձայնագրեինք»։

«Շարմ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը ճիշտ է համարում, որ հայերի պատմությունը ներկայացվում է այլազգիների կողմից.«Ցույց է տրվում, որ հայերը պայքարում ու կռվում են: Շատ կարեւոր է, որ տանջվածի փոխարեն մենք էլ պահանջատեր լինենք։ Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանության մասին լավագույն ֆիլմերից է, ինքս չեմ սպասում, որ Թուրքիան այս ֆիլմից իր գաղափարախոսության մեջ լուրջ փոփոխություն կանի, ամեն դեպքում, սա եւս մեկ կաթիլ է»։

Սիրանուշ Լազյանը եւ Սամվել Դանիելյանը


Ֆիլմի անգլերեն բնօրինակի ավարտին գլխավոր դերակատար Օսկար Այզեքն արեւմտահայերենով իր խոսքն է ուղղում ԱՄՆ-ում բնակվող կոտորածից փրկված հայերին: BRAVO.am-ի հարցին, թե ինչու են որոշել արեւելահայերենով եւ ոչ արեւմտահայերենով իրականացրել կրկնօրինակումը, Կարեն Ղազարյանը պատասխանել է.«Մենք այսօր ունենք ժամանակակից արեւելահայերեն, արեւմտահայերեն եւ փողոցային հայերեն։ Չեմ կարծում, որ Հայաստանի հանդիսատեսը ֆիլմն ավելի լավ կընկալեր արեւմտահայերենով»։

Դերասան Սամվել Դանիելյանը հնչունավորել է թուրք բարձրաստիճան պաշտոնյայի որդու, որը բժշկական համալսարանում ընկերանում է Միքայելի հետ.«Սկզբում սարսափելի էր, երբ իմացա՝ թուրքի եմ կրկնօրինակելու, պիտի հասկանամ իր հույզերն ու ապրումները, բայց կարդալուց հետո պարզ դարձավ, որ այդքան էլ բացասական կերպար չէ, Միքայելին օգնել է։ Այս ֆիլմը ոչ միայն Ցեղասպանության մասին է, այլեւ մարդկային փոխհարաբերությունների, սիրո, պայքարի: Ինչպես գլխավոր հերոսներն են ասում՝ թուրքերից վրեժը կլինի ապրելը»։

Նրա կինը՝ Սիրանուշ Լազյանն էլ հնչունավորել է Անժելա Սարաֆյանի մարմնավորած Մարալին՝ Միքայելի կնոջը.«Ինձ համար հպարտություն է, որ արմատներով հայ դերասանուհի է: Նրա խաղը հիասքանչ է։ Ուզում եմ, որ դիտելիս եւս մեկ անգամ գնահատենք իրական հայ կնոջ կերպարը։ Ֆիլմադարանում ավելացավ եւս մեկ ստացված որակյալ ֆիլմ, որ մեր երեխաներին ապագայում կարող ենք ցույց տալ»։

«Խոստումը» հայաստանյան կինոթատրոններում կլինի ապրիլի 27-ից։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերաների ժամանակացույցն ընդգրկում է ԱՄՆ-ն եւ Կանադան (ապրիլի 21-ին), Միջին Արեւելքի երկրները՝ Բահրեյն, Եգիպտոս, Իրան, Իրաք, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Լիբիա, Օման, Պաղեստին, Քաթար, Սաուդյան Արաբիա, Սուդան, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եմեն (ապրիլի 20-ին), Ռուսաստանը (ապրիլի 27-ին), Միացյալ Թագավորությունը (ապրիլի 28-ին), Լեհաստանը (մայիսի 5-ին), Ավստրալիան (մայիսի 25-ին), Թաիլանդը (հունիսի 1-ին), Իսպանիան (հունիսի 2-ին), Բելգիան (հունիսի 14-ին), Նիդերլանդները (հունիսի 15-ին), Սինգապուրը (հունիսի 22-ին), Հարավային Աֆրիկան (հունիսի 23-ին) եւ Իտալիան (օգոստոսի 24-ին):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին