×


«Հայ մայրեր»-ի գալա ընթրիքի հյուրերն ու աճուրդի հանված իրերը

«Հայ մայրեր» ՀԿ-ի գալա ընթրիքը երեկ «Յանս» ակումբում համախմբել էր տարբեր ոլորտի մարդկանց, հատկապես՝ կանանց։ Բարեգործական կազմակերպությունն աջակցում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին ու նրանց մայրերին։ Միջոցառման նպատակն էր կազմակերպության մշտական աջակիցներին եւ նոր բարերարներին ներկայացնել գործունեության արդյունքները եւ դրամական միջոցներ հայթայթել հետագա անելիքների համար։ Երեկոյին ներկա էին նաեւ կազմակերպության շահառու մի քանի ծնող՝ իրենց փոքրիկների հետ։

Նազենի Հովհաննիսյանը


Երեկոն վարում էր «Հայ մայրեր» ՀԿ խորհրդի անդամ Նազենի Հովհաննիսյանը, որը կարեւորել է յուրաքանչյուր հյուրի ներկայությունը եւ նշել.«Կազմակերպությունը ծնվեց այն պարզ պատճառով, որ մանկական ուղեղային կաթվածով երեխաները չունեին ընդհանուր հանգրվան, ուր կարող էին դիմել իրենց խնդիրների համար։ Աստված ամեն մեկին տալիս է ինչ-որ դժվարություն, որ մարդն, այդ դժվարությունը հաղթահարելով, հեշտացնի մյուսների կյանքը։ Խորապես վստահ եմ, որ Նարինեին, Վահանին եւ նրանց «սմայլիկին»՝ Գարիկին, որն ունի մանկական ուղեղային կաթված, տրվեց այդ ամենը, որ ստեղծեին այս կազմակերպությունը»։ 

Ընթրիքի ընթացքում ներկաներն օգտվել են հյուրասիրությունից, մասնակցել աճուրդին, հանգանակություններ կատարել, դիտել երեխաների մասին պատմող ֆիլմ եւ ունկնդրել Արփի Շահնուբարյանի կատարումները՝ «HayWay» բենդի երաժիշտների նվագակցությամբ։

Սոֆի Մխեյանը եւ Նարինե Մանուկյանը


«Հայ մայրեր»-ը 2012 թվականի դեկտեմբերին հիմնադրել են Նարինե Մանուկյանը եւ ամուսինը՝ Վահան Խաչատրյանը.«Նարինեն ունի երկու երեխա, ավելի ճիշտ՝ մոտ 250 երեխա: Նա սովորեցրեց, թե ինչպես է պետք պայքարել ու չհոգնել, ամուսնուն էլ ներառեց այս ամենի մեջ։ «Հայ մայրեր» կազմակերպությունը սեր ու հոգատարություն է տալիս ու ստանում, փորձում է փոքրիկ քայլերով լուծումներ տալ։ Երեխաների դաստիարակության գործում բոլոր վաստակաշատ ծնողները ինձնից լավ գիտեն, որ փոքրիկ հաղթանակներն են մարդուն հաջողություն բերում։ Մեզ թվում է՝ ուժեղ ենք, բայց երբ տեսնում ես՝ երեխաներն ինչ ցավեր են հաղթահարում, որպեսզի անեն առաջին քայլը, հասկանում ես, որ մեր անցած ճանապարհն իրականում ոչինչ է նրանց ապրածի ու տեսածի համեմատ։ Ուրախ եմ, որ շահառու մայրերից մի քանիսն արդեն անապահով խավի մեջ չեն, աշխատանք ունեն եւ կարող են ապահովել երեխաների հետագա բուժումը»,-ասել է Նազենին։

Աճուրդի ընթացքում խաղարկվել են ձեռագործ պայուսակներ, զարդեր եւ տարբեր աքսեսուարներ։ Նկարչուհի Արեւ Պետրոսյանն աճուրդի համար տրամադրել էր Մարիամ Աստվածածնին պատկերող նկար.«Կարծում եմ՝ այս փոքրիկ հուշանվերը կարող է պահապան լինել բոլորիս։ Այսուհետեւ հնարավորինս կաջակցեմ «Հայ մայրեր»-ին, մյուս տարվա համար ավելի մտածված, շքեղ աշխատանքով կգամ»։

Արեւ Պետրոսյանը


Ինչպես նշել է «Հայ մայրեր»-ի հիմնադիր-նախագահ Նարինե Մանուկյանը, մանկական ուղեղային կաթվածը ողբերգություն չէ.«Նույնիսկ ամենակայուն, սիրառատ ու ջերմ ընտանիքում ծնվում է այս խնդրով երեխա, միշտ լինում է շատ անսպասելի. ոչ ոք դրանից ապահովագրված չէ։ Եթե ընտանիքն իրոք ճիշտ հիմքի վրա է դրված, սերն է զույգին միացրել, ապա ոչինչ չի կարող խանգարել, որ երջանիկ լինեն։ Ցավոք, այս խնդրի պատճառով ունենք ոչ լիարժեք ընտանիքներ, մարդիկ իրարից բաժանվում են, բայց չեմ հավատում, որ լավ ծնողը կարող է երեխային լքել։ Մեր կազմակերպության համար հպարտանալու առիթ է, որ մշտական աջակիցներ ունենք, հուսով եմ, որ նոր միացած մարդիկ էլ կմնան մեր կողքին։ Վստահ եմ, որ այստեղ հավաքվել են բարեսիրտ, եւ ոչ թե թույլ նյարդերով մարդիկ, որ գումար տան, հանգստանան ու մոռանան»։

«Հայ մայրեր»-ի հանրային կապերի եւ ֆոնդահայթայթման մասնագետ Շարմաղ Սաքունցը ներկայացրել է կազմակերպության 4 տարվա աշխատանքը եւ հաջորդ տարվա պլանները.«Այս տարիների ընթացում հաշվառուների թիվը մեծացել է, հիմա ունենք ավելի քան 250 երեխա ու մայրիկ։ Առ այսօր երեխաները ստացել են կոմպլեքս-թերապիաներ, օրթոպեդիկ կոշիկներ, քայլակներ, սայլակներ, մարզասարքեր եւ այլն։ Հաջորդ տարի կգործի առցանց նվիրատվություն: Նոր ակցիաների շնորհիվ նպատակ ունենք ավելի շատ գումար հանգանակել»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին