×


«Հայ մայրեր» ՀԿ-ի բարեգործական ընթրիքին

«Հայ մայրեր»-ի գալա ընթրիքի հյուրերն ու նոր նախագիծը

Քաղաքական ու հասարակական գործիչներ, գործարարներ, դերասաններ, երգիչներ ու բազմաթիվ այլ անհատներ երեկ հավաքվել էին «Կոնգրես» հյուրանոցում՝ նոր բարի գործ կատարելու: «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ն կազմակերպել էր երրորդ գալա ընթրիքը՝ «5 տարի միասին» խորագրով։

Միջոցառման նպատակն էր մշտական աջակիցներին եւ նոր բարերարներին ներկայացնել կազմակերպության գործունեության բոլոր տարիների մանրամասն հաշվետվությունն ու կատարված աշխատանքը, ինչպես նաեւ պատմել 2018 թվականի ռազմավարության ու նպատակների մասին։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաեւ բարեգործական աճուրդ-դրամահավաք, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Հայ մայրեր» ՀԿ-ի շահառուների՝ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ու նրանց ծնողների կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին։

Նարինե Մանուկյանն՝ ամուսնու` Վահան Խաչատրյնի հետ, եւ Նազենի Հովհաննիսյանը


Բարեգործական երեկոն վարում էր «Հայ Մայրեր» ՀԿ խորհրդի անդամ եւ մշտական աջակից Նազենի Հովհաննիսյանը, իսկ միջոցառման երաժշտական մասում ելույթ ունեցան Սոֆի Մխեյանը, ով նույնպես կազմակերպության խորհրդի անդամ է, Արամ Mp3-ը, Սեւակ Խանաղյանը եւ Էրիկ Կարապետյանը։

«Նարինե Մանուկյանը կարողանում է բոլորիս վարակել իր դրական էներգիայով ու շատ կարեւոր գործով: Այս հինգ տարիների ընթացքում նա հասավ նրան, որ ոչ միայն բարձրաձայնեց մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների խնդրի մասին, այլեւ սկսեց լուծումներ տալ դրանց: Նարինեն մեզ թույլ տվեց հասկանալ, որ եթե անգամ խնդիրն ամբողջապես լուծելի չէ, կարող է ավելի ամրացնել եւ ուժեղացնել մարդուն, հասարակությանը: Եվ ես այդ ընտանիքից սովորեցի հենց դա՝ չհուսահատվել, լինել ուժեղ եւ օգնել մյուսներին»,- անկեղծացավ Նազենի Հովհաննիսյանը:

Արեւիկ Ուդումյանը, Նարինե Մանուկյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ Հելեն Ուդումյանը


Լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց՝ չի կարծում, թե մե՜ծ բարեգործություն են անում, այլ պարզապես փորձում են իրենց մեծ ընկերական միջավայրով հավաքել այն ռեսուրսները, որոնք կարող են անվճար թերապիաներ ապահովել 270-ից ավելի շահառու երեխաների համար.«Կարծում եմ՝ սա մեծ առաջընթաց է, եւ այսօրվա 5-ամյակն իսկապես հուզիչ փաստ է բոլորիս համար»,- ասաց նա:

Կազմակերպության հիմնադիր Նարինե Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեեւ ֆինանսական հաշվետվությունը ներկայացնում են եռամսյակը մեկ, բայց նպատակ ունեն ամփոփել իրենց գործունեության 5 տարիները, որպեսզի հովանավորները հավաքական պատկերացում կազմեն, թե ինչ կարեւորագույն գործընթացի են մասնակցել:

Էրիկը եւ Արամ MP3-ը


«Մենք կարողացել ենք հասնել նրան, որ տասնյակ երեխաներ «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնում արել են իրենց առաջին քայլերը, իսկ դա, հավատացեք, ամեն ընտանիքի համար նոր ծնունդ է: Այսինքն՝ երեխաները սկսում են ապրել լիարժեք կյանքով, ծնողների հետ հոգեբաններ են աշխատում, եւ լրիվ փոխվում է ընտանիքի կյանքը: Այս տարիների ընթացքում մենք տրամադրել ենք 500 զույգից ավելի օրթոպեդիկ կոշիկներ, որպեսզի երեխաների ոտնաթաթը ճիշտ ձեւավորվի եւ դեֆորմացիաներ չլինեն, 200-ից ավելի հատուկ օրթոպեդիկ գույք ենք տրամադրել՝ սայլակներ, քայլակներ, կանգնակներ, եւ բուժական վերականգնողական թերապիայի 1700-ից ավելի կուրսեր»,- ասաց Նարինեն:

Նրա խոսքով` այժմ նպատակ ունեն ընդլայնել «Երազի տունը», որպեսզի կարողանան ծառայություններ տրամադրել նաեւ մարզերում.«Ունենք նաեւ շատ մեծ նախագիծ, որն այսօր առաջին անգամ ենք ներկայացնելու: Դա ձիարշավարանն է, որի հողակտորը մենք արդեն գնել ենք մեր միջոցներով: Այսօր փորձելու ենք հավաքել միջոցներ` մեծ ու գեղեցիկ ձիարշավարանը կառուցելու համար: Այնտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները կկարողանան վերականգնողական բուժում ստանալ, կոնկրետ՝ հիպոթերապիա: Ընդ որում` այս դեպքում խոսքը միայն մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին չի վերաբերում, այլեւ շատ ուրիշ ախտորոշումներ ունեցող երեխաներին»,- ընդգծեց բարեգործական ՀԿ-ի հիմնադիրը:

Արեւ Պետրոսյանը


Մի քանի ժամ տեւած միջոցառման եւ աճուրդ-դրամահավաքի արդյունքում հավաքվեց 6 միլիոն 185 հազար դրամ, որը շուտով կվերածվի գործի ու կփոխի շատ ընտանիքների ու երեխաների կյանքեր:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին