×


«Հայոց գրերի երթ» Մատենադարանի հարեւանությամբ

Երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերն այժմ հնարավորություն ունեն Մաշտոցի անունը կրող պողոտայի վերջնամասում գտնվող պատի երկայնքով տեսնել մեսրոպատառ այբուբենը: Այսօր Մատենադարանի հարեւանությամբ պաշտոնապես բացվել է «Հայոց գրերի երթ» նախագիծը։

«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագիծը` Մատենադարանի հարեւանությամբ


Հայոց գրերը նոր ձեւավորմամբ ու մեկնաբանությամբ իրականացվել է «Երեւան 2.0»  քաղաքային ինկուբատորի շրջանակում: «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի բացման հանդիսավար Ավետ Բարսեղյանը նշել է, որ ստեղծվել է ժամանակակից խորհրդանիշ, որի հիմնական նպատակը ժամանակակից արվեստի միջոցով մայրաքաղաքը գեղեցկացնելն ու ազգային արժեքները հանրայնացնելն է։ 

Բացումը մեկնարկել է հուշարձանը օրհնելու ու կարմիր ժապավեն կտրելու արարողությամբ, այնուհետեւ ներկաները լուսանկարվել են իրենց նախընտրած տառերի մոտ։ Միջոցառումը շարունակվել է Կառավարության ընդունելությունների տանը. նախաձեռնության հեղինակները ներկայացրել են նախագիծը, գործընկերներին եւ աջակից  ԶԼՄ-ներին, այդ թվում՝ BRAVO.am կայքին, շնորհակալագրեր հանձնել։

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի բացմանը


Նախագծին միացել են նաեւ Անահիտ Սիմոնյանը եւ Հայկոն: Դիզայներ-երգչուհին հյուրերին նվիրել է հայոց տառերը պատկերող շապիկներ.«Երբ իմացա գաղափարի մասին, սիրով միացա։ Նաեւ մեր որդուն՝ Արմանին, նվիրված տառ կա այստեղ», - մեզ հետ զրույցում ասել է Անահիտը։

«Երեւան 2.0»  նախագծի զարգացման գծով ղեկավար Գայանե Մանուկյանը պատմել է, որ նախագծի իրականացման համար աշխատել են շուրջ 7-8 ամիս. «Հետազոտություն ենք արել, օնլայն հարցում կազմակերպել 1200 երեւանցիների շրջանակում, փորձագետների հետ հանդիպել, արդյունքում հասկացանք, որ մի քանի նախագծերից մեծամասնությունը հավանում է հենց այս գաղափարը։ Ճիշտ է, հայոց այբուբենին նվիրված շատ հուշարձաններ կան, բայց որոշեցինք Երեւանի սրտում ստեղծել ժամանակակից ինստալացիա։ Այս պատի վրա նախկինում փակցվում էին թռուցիկներ, պատկերվում գրաֆիտիներ, իսկ այժմ մեսրոպատառ այբուբենն է։ Մեր ընկերությունը փորձում է մայրաքաղաքում ստեղծել նորություններ եւ ցույց տալ, թե ինչպես կարող ենք գեղեցկացնել Երեւանը», - նշել է դերասան-հումորիստ Վաչե Թովմասյանի կինը եւ հավելել, որ արտ-ռելիեֆ նախագիծն իրականացվել է ՀՀ Առաջին տիկնոջ հովանու ներքո ու Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Հայոց գրերի երթ» նախագծի հեղինակ Գայանե Մանուկյանը


Նախագծի իրականացման վայրը Մատենադարանի մոտ գտնվող Մեսրոպ Մաշտոցի 51 հասցեից մինչեւ Սարմենի հատող փողոց տանող մասում գտնվող պատն է՝ Երեւանի  կենտրոնական հատվածներից մեկը: «Հայոց գրերի երթ» նախագծի էսքիզների հեղինակն է նկարիչ, դիզայներ, կալիգրաֆիայի մասնագետ Վահան Բալասանյանը: Տառերը չժանգոտվող մետաղից են, պատի խորշերից յուրաքանչյուրում կա այբուբենի մեկ կամ երկու տառ, իսկ երեկոյան ժամերին պատն ամբողջությամբ լուսավորվում է:  Ինչպես նշել է Գայանե Մանուկյանը, պատի վրա տեղադրվել են նաեւ տեսահսկող համակարգեր եւ անվճար WiFi, ինչը հնարավորություն կտա այն դարձնել զբոսաշրջիկների եւ քաղաքացիների համար սիրելի վայր:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին