×


Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի պրեմիերային

«Մեր գանձերը գետնի տակ չեն»՝ Սերժ Թանկյանի սիմֆոնիան Երեւանում բուռն ընդունվեց

«Արամ Խաչատրյան» համերգասրահը երեկ լեփ-լեցուն էր. երաժշտասերները եկել էին ունկնդրելու «SOAD» խմբի մենակատար, կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, որի հայաստանյան պրեմիերան կայացավ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում։

Սերժ Թանկյանի երկրպագուների համար երաժշտական տոն էր՝ առաջինը վայելելու սիմֆոնիան եւ տեսնելու սիրելի ռոք երաժշտին, ով եւս դահլիճում էր: Թանկյանը նստած էր կառավարական օթյակում, որի դռների մոտ հավաքվել էին բազմաթիվ երկրպագուներ, ովքեր վերջում էլ շրջափակել էին ետնաբեմի մուտքը։

Լեւոն Կարապետյանը եւ Սերգեյ Սմբատյանը


Երեկոյի առաջին մասում Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունեցավ Ֆրանսիայից հրավիրված վիրտուոզ դաշնակահար Լեւոն Կարապետյանը՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Լեւոնի առաջին բեմելը եղել է 9 տարեկանում: Փոքր տարիքում տեսողությունից զրկված երաժիշտը կրթությունը ստացել է Երեւանի կոնսերվատորիայում, այնուհետեւ՝ Ստրասբուրգում։ Հանդիսատեսը երկար ծափահարություններով ընդունեց նրա կատարումը, ի պատասխան ջերմ ընդունելության՝ Լեւոնը նվագեց Առնո Բաբաջանյանի «Էլեգիա»-ն։

Երկրորդ հատվածում հնչեց «Օրկա» սիմֆոնիան՝ Հայաստանի երիտասարդական նվագախմբի կատարմամբ՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի դիրիժորությամբ: Որպես մենակատար բեմում էր նաեւ դուդուկահար կրտսեր Ջիվան Գասպարյանը։

Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի պրեմիերային


Աշխարհահռչակ ռոք-աստղ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին՝ Ավստրիայի Լինց քաղաքում, ալբոﬕ տեսքով թողարկվել է 2013-ի հունիսին: Չորս բաժնից բաղկացած ստեղծագործության թեման մարդասիրությունն է, իսկ կերպարը՝ օրկան՝ խոյադելֆինը, որին երաժիշտը համեմատում է մարդկանց հետ։ 2016-ին ստեղծված Համահայկական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Թանկյանի ստեղծագործության միայն վերջին մասն էր ներկայացրել այս տարվա ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Իսկ երեկ սիմֆոնիան հնչեց ամբողջությամբ։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեծ ձեռքբերում է համարում, որ համաշխարհային ճանաչում ունեցող ռոք երաժիշտն անդրադարձել է սիմֆոնիկ երաժշտությանը.«Թեեւ Սերժ Թանկյանը ռոքի ջատագով է, այս սիմֆոնիայում ռոքի տարրեր չկան. այն ունի հստակ գաղափարախոսություն։ Նրան լավ ճանաչողները հասկանում են, որ սիմֆոնիկ ժանրը նույնպես կարող է լինել պոպուլյար՝ բառի ամենալավ իմաստով։ «Օրկա»-ն կյանքի դժվարությունների մասին է, բայց նրանում կա հաղթանակ»:

Սերժ Թանկյանը


Հանդիսատեսը հոտնկայս ընդունեց նվագախմբի ելույթն ու Սերժ Թանկյանին։ Ռոք երաժիշտը բեմից ողջունեց ներկաներին ու նվագախմբին.«Հիանալի մի բան է, որ սիմֆոնիաս հնչեց Հայաստանում՝ այս գեղեցիկ երիտասարդների կողմից։ Շատ հիացա, տպավորվեցի ու հուզվեցի։ Կուզեմ շնորհակալություն հայտնել Երիտասարդական նվագախմբին եւ Սերգեյ Սմբատյանին։ Ֆանտաստիկ աշխատանք եք արել, հիասքանչ է։ Մեր գանձերը գետնի տակ չեն, այլ այստեղ են՝ այս բեմում»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին