×


«Նա Նե»` «Dogma»-ն նոր ալբոմ է թողարկել

«Դոգմա»-ի համար հուլիսի 14-ը սպասված ու տոնական էր. ռոք-խումբը երեկ երկրպագուներին է ներկայացրել նոր` «Նա Նե» խորագրով թվով երրորդ ձայնասկավառակը` շնորհանդեսի համար ընտրելով համերգային ձեւաչափը:

Զառա Գեւորգյանը


Երեւանի տիկնիկային թատրոնում հավաքվել էին էթնիկ ռոք-խմբի ընկերներն ու երաժշտության սիրահարները, որոնք երաժիշտների ստորագրությամբ ստացել են ալբոմի առաջին օրինակները։ Ուշագրավ էր փոքրիկների ներկայությունն ու սերը խմբի հանդեպ։

«Դոգմա»-ի վոկալիստ Զառա Գեւորգյանի խոսքով՝ երկար սպասված սկավառակ է, որի ստեղծման համար կիթառահար Հենո Գրիգորյանը, բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանը եւ թմբկահար Գոռ Ավետիսյանն աշխատել են շուրջ մեկ տարի։ Քանի որ Գոռը շուտով ծառայության է անցնելու բանակում, որոշել են շնորհանդեսը մինչ այդ իրականացնել։

Հենո Գրիգորյանը, Զառա Գեւորգյանը եւ Վարդան Գրիգորյանը


2015 թվականին թողարկված «Նանե» երգն է առիթ դարձել ալբոմի անվանման համար, որը վերափոխել են եւ նոր իմաստ հաղորդել՝ Նա ու Նե որպես առանձին միավորներ՝ աղջկա եւ տղայի երկխոսության խորհրդանիշով։

Հայկական էթնիկ մեղեդու ու պրոգրեսիվ մետալի համակցությամբ խմբի նոր ալբոմում ներառված է 9 երգ՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ։ Զառան առանձնացնում է Արտո ԹունջԲոյաջյանի մասնակցությունը որպես հրավիրյալ երաժիշտ այս ալբոմում, որն իր ձեռագիրն ու ձայնը թողել է «Գարունը» երգում։

«Դոգմա» խմբի «Նա Նե» ալբոմի շնորհանդեսին


Համերգի ընթացքում երաժիշտները հնչեցրել են ինչպես նոր սկավառակի երգերը, այնպես էլ «Էթնիկ-մեթնիկ» եւ «ԱնդրԴոգմա» սկավառակներից հայտնի գործեր։ «Նա Նե»-ի երգերի հնչողության համար աշխատել են Սերժ Մելքոնյանն ու Կարեն Չիլինգարյանը, իսկ ալբոմի նկարչական դիզայնն արել է Արտաշես Ստամբոլցյանը։

Նախորդ տարվա օգոստոսին Հայաստանի մարզերում մենահամերգներով հանդես եկած խումբն առաջիկայում կրկին նոր ելույթներ կունենա։ «Դոգմա»-ն չի վախենում դոգմաներ կոտրել, վոկալիստ Զառայի հեղինակած հայերեն տեքստերով ռոք մատուցել, չնայած` այն կարծրատիպին, որ հայերենը ռոքային լեզու չէ։

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին