×


«Նարեկացի»-ն նշել է 12-ամյակը

«Նարեկացի» արվեստի միությունը երեկ ազգային երաժշտությամբ ու պարով, հյուրերով ու հյուրասիրությամբ նշել է 12-րդ տարեդարձը։ Տոնական միջոցառմանը ներկա էին կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Ստեփան Շաքարյանը, նաեւ Գագիկ Գինոսյանը, Զավեն Սարգսյանը, Դանիել Երաժիշտը, Վրեժ Քասունին, Անահիտ Բախշյանը եւ այլք։

«Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը


Արվեստի միությունը հարթակ է ցուցահանդեսների, կինոդիտումների, մշակութային տարբեր միջոցառումների, յուրաքանչյուր տարի իր տարեդարձը նվիրում է հայ մեծանուն արվեստագետներից մեկին ու ներկայանում նրա ստեղծագործական գործունեությանը նվիրված միջոցառումներով: Այս տարին նվիրված է հայ աշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովային: Ցուցասրահում ներկայացված են նկարիչ Հրաչյա Ռուխկյանի` Սայաթ-Նովայի դիմանկարները, նաեւ Սայաթ-Նովայի ընդօրինակած ձեռագիր 3 մատյաններից՝  «Մատյան ողբերգության», «Աստվածաշունչ», «Դավթար», մեզ հասած փաստագրական ֆոտոնյութեր:

«Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը


Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Նժդեհ» ազգագրական պարի խումբը եւ «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը՝ Հարություն Թագվորյանի նվագակցությամբ:

Արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը պատմել է, որ 12 տարվա ընթացքում բավական մեծ աշխատանք են իրականացրել, բայց դեռ «պատանի» են. Շուշիում գործող մասնաճյուղն էլ 10-ը տարեկան է.«Մեր ծննդյան օրը կարեւոր հանգամանք է, որ ամեն տարի հիշեցնի մեր ուխտի մասին. մարդիկ պայմանագրեր են կնքում, իսկ մենք ունենք ուխտ, որ նվիրումով ու վեհությամբ ծառայենք մշակույթին։ Դրա համար էլ միությունը կրում է Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը, որ Տիրոջ օրհնությունը միշտ մեզ հետ լինի։ Այս փոքրիկ օջախը մաեստրո Մանսուրյանն անվանում է «հոգեւոր տուն», փորձում ենք հավատարիմ մնալ մեր անվանը»,- ասել է նա՝ պարգեւներ հանձնելով հյուրերից մի քանիսին։

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը եւ Նարեկ Հարությունյանը


Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհավորել է արվեստի միությանը՝ մաղթելով, որ 12-ը դառնա 72, բազմապատկվի եւ նոր տարածքներում սփռվի.«Ես այստեղ եմ որպես բարեկամ, քանի որ վերջերս «Նարեկացի»-ի անդամները Բերդում էին՝ Տավուշ աշխարհում, խիզախորեն 4 անգամ համերգ տվեցին, այդ թվում՝ զորամասերում, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։ Թող ձեր օրինակը մյուսների համար վարակիչ լինի, որ Երեւանի սահմաններից դուրս գան ու տարածվեն դեպի մարզեր։ Երուսաղեմից նոր եմ վերադարձել, միությանը որպես հիշատակ խաչ եմ բերել։ Աստված օրհնի բոլորիդ կյանքը»։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին