×


«Ոտաբոբիկ»՝ Եվա Թանգյանի հետ

«Ոտաբոբիկացնել» նրան հաջողվեց ինձ ոչ միանգամից (թե ինչո՞ւ, շուտով կիմանաք)։ Ամեն դեպքում, գործադրված բոլոր ջանքերս համարում եմ արդարացված։ Հուսով եմ՝ հարցազրույցը կարդալուց հետո դուք եւս համամիտ կլինեք ինձ հետ։ BRAVO.am-ի «Ոտաբոբիկ» նախագծի այս անգամվա հերոսը նկարիչ-մոդելավորող Եվա Թանգյանն է։

Դիանա Հովհաննիսյանը եւ Եվա Թանգյանը


- Ե՛վ, արի մի հարցի պատասխան մեկընդմիշտ պարզենք եւ հետո նոր անցնենք մեր բուն զրույցին. դու Սերժ Թանգյանի հետ բարեկամական կապեր ունե՞ս։

- Թանգյանները շատ քիչ են ու բոլորն էլ իրար բարեկամ են, այնպես որ՝ գուցե, չի բացառվում։ Ի դեպ, փոստում հաճախ են հարցնում՝ արդյոք Սերժ Թանգյանի աղջիկն եմ. չեմ կարծում, որ շատ նման ենք:

- Վստահեցնում եմ՝ նման չեք…

Տե՛ս, մենք առանց չափազանցնելու ծանոթ ենք մոտ 15 տարի։ Դպրոցում դուք երեք մտերիմ ընկերուհիներ էիք, ու ձեզանից դու չէիր նկարիչը, որովհետեւ, այո՛, ձեր մեջ կար նկարիչ, որն, ի վերջո, բժշկությունն ընտրեց։ Դու, որ այդքան կապ չունեիր նկարչության հետ, ինչո՞ւ, ե՞րբ, ինչպե՞ս կայացրիր նկարիչ-մոդելավորող դառնալու որոշումդ։

- Նախ ասեմ, որ մայրս շատ էր ուզում, որ բժիշկ դառնամ։ Ես էլ դպրոցի ավարտական տարում պարապում էի քիմիա, ֆիզիկա, որ ընդունվեմ բժշկական համալսարան, բայց ինչ-որ պահի շատ անսպասելի կերպով մտափոխվեցի… Անկեղծ եթե լինեմ, պետք է ասեմ, որ հագուստով նախկինում երբեք էլ հետաքրքված չեմ եղել. անգամ փոքր տարիքում տիկնիկներիս համար հագուստներ չեմ կարել։ Ուղղակի օրերից մի օր որոշեցի, պարապեցի ու ընդունվեցի Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա։

- Արի ընդունվելուդ պահից չորս տարի առաջ անցնենք…  Դիպլոմայինիդ հավածուով դու կարողացար մուտք գործել շուկա. մի բան, որ շատ հազվադեպ է տեղի ունենում։ Ինչպե՞ս դա քեզ հաջողվեց։

- Իրականում այդ ամենը կապ չունի ո՛չ դիպլոմայինիդ ղեկավարի հետ, ո՛չ էլ, առավել եւս, դասախոսներիդ հետ։ Ամեն ինչ ուսանողից է կախված։ Կարեւոր է, թե վերջինս ինչպես է վերաբերվում իր աշխատանքին։

Եվա Թանգյանը


Ակադեմիայում սովորում են ուսանողներ, որոնք ավարտելուն պես պլանավորում են աշխատել այլ դիզայներների մոտ, եւ ուսանողներ, որ պետք է դառնան այդ դիզայներները, որոնց մոտ պլանավորում են աշխատել մյուսները։ Եվ սա նորմալ է։ Հենց այսպես էլ պետք է լինի։

Ես, երբ սկսեցի աշխատել իմ առաջին հավաքածուի վրա, հասկացա, որ երկրորդ խմբի ուսանողներից եմ։

- Երբ սկսեցիր աշխատել քո երկրորդ, հետո՝ երրորդ, չորրորդ հավաքածուի վրա, ակադեմիայից ձեռք բերած գիտելիքների պակաս զգացի՞ր։

- Եղել են նման պահեր։ Բայց ես միշտ հանգում եմ այն մտքին, որ անհնար է սովորեցնել նկարչություն կամ նորաձեւություն։ Իհարկե, կան որոշակի հիմունքներ, որոնք պետք է իմանալ, բայց, մեծ հաշվով, ամեն ինչ հիմնվում է ինտուիցայի վրա։

Ու, եթե անգամ ինչ-որ պահի գիտակցում ես, որ քեզ ինչ-որ բան չեն սովորեցրել, պետք է նաեւ գիտակցես, որ դրան դու պետք է ինքնուրույն հասնես՝ տարիների փորձի արդյունքում։ Ինքնակրթությունն է, որ կարող է մարդուն իսկական մասնագետ սարքել։

- Գործունեությանդ 4 տարիների ընթացքում 6 հավաքածու ես ներկայացրել. կա՞ արդյոք որեւէ էլեմենտ, որ առկա է քո բոլոր հավաքածուներում։

- Կոնկրետ էլեմենտ չկա, բայց կա ընդմիշտ կրկնվող մոտեցում. միշտ ընտրում եմ մի այնպիսի գույն, որը շատ անսպասելի է այդ սեզոնի համար։ Շատ ինտուիտիվ է ստացվում։

Իսկ գույնից բացի, կոնկրետ ինձ համար ամենակարեւորը, ամեն դեպում, կոնցեպտն է. յուրաքանչյուր հավաքածու պետք է պատմություն ունենա։ Հայաստանում, ցավոք, մինչ օրս ավելի կարեւորում են հագուստի, այսպես ասած, սիրունությունը, բայց ոչ կոնցեպտը։

- Քանի որ խոսք գնաց մերոնց մասին… Մի առիթով նշել ես, որ ցավում ես, որ Հայաստանում հագուստի մասին խոսելիս չափազանց մակերեսային են՝ կամ ասում են` իմ դուրը գալիս է, կամ՝ չի գալիս։ Իսկ դու պատրա՞ստ ես ավելի խորը, բայց երբեմն թեկուզ բացասական կարծիքներ լսել։

- Առհասարակ սիրում եմ, երբ մարդիկ արտահայտվում են։ Գնահատում եմ յուրաքանչյուր կարծիք, պատրաստ եմ լսել թե՛ դրականները, թե՛ բացասականները, բայց մեկ է շարունակելու եմ անել այն, ինչ ինձ է դուր գալիս։

Իսկ հետ նայելով իմ հավաքածուներին՝ հասկանում եմ, որ դրանցից եւ ոչ մեկին պետք չէ շատ լուրջ վերաբերվել՝ հումորով միայն։

Դիանա Հովհաննիսյանը եւ Եվա Թանգյանը


Նորաձեւությանն առհասարակ պետք չէ շատ լուրջ վերաբերվել։

- Նորաձեւությունը մեծ հաշվով ստեղծագործական աշխատանք է, բայց դրա կարեւոր մասն են կազմում նաեւ հոգեբանությունը, հաղորդակցությունը… Ինչպե՞ս ես վերաբերվում աշխատանքիդ ոչ ստեղծագործական հատվածին։

- Եթե մարդն ինձ հաճելի է, աշխատանքիս ոչ ստեղծագործական հատվածն էլ եմ շատ սիրում։ Բայց երբ գալիս են ու սկսում են ինչ-որ բաներ ինձնից ոչ պատշաճ ձեւերով պահանջել, զուտ այն բանի համար, որ ինձ աշխատանքիս դիմաց վարձատրում են, նյարդայնանում եմ։ Եթե ես փորձում եմ գումար վաստակել, դա դեռ չի նշանակում, որ ես սոված եմ։ Նույնն է, որ գնաս բժշկի մոտ ու սկսես բժշկի վրա մուննաթ գալ։ Իրոք, լրիվ նույն բանն է։ Ու իրականում շատ նման մասնագիտություններ են։ Ճիշտ է, նորաձեւության շրջանակներում մարդու առողջության եւ կյանքի հետ գործ չես ունենում, բայց մարդու մարմինը տեսնելու ու հասկանալու գործընթացն ինձ համար շատ մոտ է բժշկությանը։

- Աշխատանքիդ հետ կապված դժվարություններն ինչպե՞ս ես հաղթահարում։

- Յուրաքանչյուր բացասական զգացողության ժամանակ ուղղակի սկսում եմ նկարել, ամբողջ ջղայնությունս ու նեռվայնությունս հանձնում եմ թղթին։ Այս պատճառով էլ ինձ հաճախ են ասում, որ ես չգիտեմ՝ ինչ է դեպրեսիան։ Չէ՛, գիտեմ, ուղղակի սովորել եմ դրա դեմ պայքարել։

- Փաստորեն, կարո՞ղ ենք ասել, որ քո ոգեշնչման աղբյուրները հիմնականում բացասական են լինում։

- Միանշանակ։ Առաջին հավաքածուիս հետեւում անձնական խնդիրներ էին, հետո դրանք դարձան քաղաքական, կրթական… Չի կարելի վերցնել մի լավ բան ու փորձել դրանից ստանալ կրկին լավ բան։ Պետք է քեզ համար վատը վերցնես ու այնքան ձեւափոխես` մինչեւ այն սկսի քեզ դուր գալ։

- Ե՛վ, հայ դիզայներերի մասին առհասարակ ի՞նչ կարծիք ունես։

- Համարում եմ, որ ունենք շատ տաղանդավոր հայ դիզայներներ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են ոչ Հայաստանի սահմաններում։ Շատ ուրախ եմ, որ նրանցից գոնե երկուսին անձամբ եմ ճանաչում։

Դիանա Հովհաննիսյանը եւ Եվա Թանգյանը


Հայաստանում կան դիզայներներ, որ փորձում են ինչ-որ բաներ անել, բայց նրանց գործունեությունն ինձ համար անհասակնալի է. չեմ հասկանում` գումարի համար են անում, հայտնիության, հաճույքի…

- Վստահ եմ՝ չես փորձում քեզ գերադասել։

- Չէ՛, բնավ չեմ խոսում որպես դիզայներ։ Խոսում եմ որպես սովորական սպառող, որ հայաստանյան ոչ մի դիզայներից հագուստ չէր գնի։

- Իսկ քեզնի՞ց։

- Ես իմ հագուստները կրում եմ, ինչպես այսօր։ Այն, ինչը գույն չունի, կրում եմ։

- Գույներ չե՞ս սիրում։

- Ինձ վրա՝ ոչ, ուրիշների վրա շատ եմ սիրում։ Եթե մի օր գույն հագնեմ, այդ օրն իմ մտքերը կխառնվեն իրար. պետք է ինձ վրա գույն չլինի, որ կարողանամ նորմալ մտածել։

Դիանա Հովհաննիսյանը եւ Եվա Թանգյանը


- Եթե կարողանայիր հայտնիներից ցանկացածին հագցնել, ո՞ւմ կընտրեիր։

- Զոի Քրավիցին։ Տղամարդկանցից էլ՝ Թոմ Հարդիին, չնայած՝ տղամարդու հագուստ չեմ ստեղծում։

- Իսկ եթե անսահամանափակ ռեսուրսներ ունենայիր, որտե՞ղ նորաձեւության ցուցադրություն կկազմակերպեիր։

- Սպասի՛ր, մտածեմ… Երեւի Արարատի գագաթին, ու կկանչեի նորաձեւության ամենահայտնի քննադատներին։

- Հաճելիորեն կտրեցիր իրականությունից, բայց, հետ վերադառնալով, անդրադառնանք մեր «ոտաբոբիկությանն» ու եզրափակենք այսօրվա զրույցը։

- Սկսեմ այն բանից, որ ինձ համար մարդու մարմնի ամենատգեղ մասը ոտքի թաթն է։ Կապ չունի, թեկուզ լինի ամենագեղեցիկը. ինձ համար այն ամենա ոչ էսթետիկն է։ Ու երբ առաջին անգամ առաջարկեցիր այս ֆորմատով զրուցել, եթե հիշում ես, մերժեցի, բայց ժամանակ անցավ, օրերը տաքացան, սկսեցի շոգել, համակերպվեցի այն մտքի հետ, որ սպորտային կոշիկներս պետք է հանեմ, ու դրա հետեւանքով այսօր ստացվեց այն, ինչ ստացվեց։ :)

Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին