×


«Ոտաբոբիկ»՝ Լեւինայի հետ

Մայիսի 13-ին նա իր «Կատարյալ կյանք»-ով հանդես կգա «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակչում։ Մինչ այդ նա իր պրոմո-արշավի շրջանակում Հայաստանում էր։ Չնայած՝ այցի օրերը հաշված էին, իսկ գրաֆիկը, հակառակի պես, ծանրաբեռնված, մեզ հաջողվեց ոչ միայն հանդիպել, այլեւ «ոտաբոբիկացնել» նրան։ BRAVO.am-ի «Ոտաբոբիկ» նախագծի այս անգամվա հյուրը Լեւինան է՝ Գերմանիայի պատվիրակը «Եվրատեսիլ 2017»-ում: 

Լեւինան եւ Դիանա Հովհաննիսյանը (Bravo.am)


-Լեւինա, վստահ եմ՝ վերջին շրջանում քեզ հետ միայն «Եվրատեսիլ»-ից են խոսում։ Արի խախտենք «թրենդն» ու քեզնից խոսենք։

- Այսպես կասեմ՝ ես բաց հայացքների տեր, բավական պոզիտիվ անձնավորություն եմ, որ հնարավորինս երաժշտության մեջ է։ Այո՛, լավ ստացվեց։

-Եթե չեմ սխալվում, 9 տարեկանից է երաժշտությունը քո կյանքի անբաժան մասը: Փաստորեն արդեն մոտ 17 տարի…

-Իրականում շատ ավելի երկար, քան 17 տարի, քանի որ 9 տարեկանում սկսել եմ դասական երգի դասեր առնել, բայց հիշում եմ, թե ինչպես էի դեռ 5-6 տարեկանում երգելով վազվզում պարտեզում, երգեր հորինում։

-Երբ փոքր էիր, ո՞վ էր երաժշտական ասպարեզում քո կուռքը։

-Գիտես, վստահ չեմ, որ ընդամենը մեկ կուռք եմ ունեցել, բայց հիշում եմ, որ շատ էի լսում Մայքլ Ջեքսոնի գործերը, միեւնույն ժամանակ՝ Ավրիլ Լավինինը։ Շատ էի սիրում նաեւ գերմանացի հեղինակ-կատարող Ջոյ Դենալանիին։

-Հիմա զարմանալի չէ, որ դասականից անցել ես փոփի։ Կպատմե՞ս՝ երբ ու ինչպես տեղի ունեցավ անցումը։

-Ի սկզբանե էլ գիտեի, որ օպերային երգչուհի չեմ դառնալու, բայց եւ, միեւնույն ժամանակ, գիտակցում էի, թե որքան կարեւոր է դասական հիմքը։ Արդեն 11-12 տարեկանում սկսեցի ստեղծագործել, ու երգերս երբեք դասական ժանրի չէին։

Լեւինան եւ Դիանա Հովհաննիսյանը (Bravo.am)


-Մինչեւ առաջին ստեղծագործությանդ մասին խոսելն ուզում եմ մի հարցի պատասխան եւս իմանալ. արդյո՞ք ծնողներդ ինչ-որ պահի ստիպել կամ դրդել են քեզ դասականից սկսել։

-Երբե՛ք։ Իրականում դպրոցում իմ երգչախմբի ղեկավարն էր այս ամենի «մեղավորը»։ Նա էր ծնողներիս ասել, որ ձայնումս ինչ-որ բան է լսում, ու գուցե արժե, որ ճիշտ կրթություն ստանամ։ Դե, իսկ երբ լուրն ինձ հասավ, ու ծնողներս հարցրին՝ արդյոք կուզեմ լրջորեն զբաղվել երգով, միանշանակ ասացի՝ այո՛։

Ինչ վերաբերում է կոնկրետ ծնողներիս, ապա նրանց համար կարեւոր էր, որ երգին զուգահեռ նաեւ դաշնամուր նվագել սովորեմ։ Այ, ինչն այդքան էլ չէի սիրում ու 16 տարեկանում դադարեցի նվագել։ Բայց հետո վերսկսեցի ու արդեն իմ հեղինակային երգերի համար։

-Լեւի՛նա, առաջին երգդ 12 տարեկանում ես գրել: Ինչի՞ մասին էր այն։

-Դպրոցում այդ ժամանակ աղջիկների բենդ ունեինք։ Մեզ համար ընկերության մասին երգ էի գրել, թե ինչպես ենք ուզում միշտ միասին լինել, օգնել իրար. նման մի բան էր։ Բայց, դե, մեր ընկերությունն էլ, բենդի կյանքն էլ մի տարի կամ մի փոքր ավելի տեւեց։

-Դրանից հետո ի՞նչ եղավ։

-Դրանից հետո դեռ Գերմանիայում սկսեցի մանկական մյուզիքլներում հանդես գալ, որից հետո էլ տեղափոխվեցի Լոնդոն՝ ուսումս շարունակելու։ Այստեղ արդեն կազմվեց իմ «իսկական» բենդն, ու այդպես մնացի Լոնդոնում: Հիմա էլ այնտեղ եմ ապրում ու սովորում, հիմնականում միայն արձակուրդներին եմ այցելում Գերմանիա։

-Համալսարանում հիմա երաժշտական ոլորտի մենեջմենթ ես ուսումնասիրում, ճի՞շտ եմ։

-Ճիշտ այդպես, մագիստրոսական ծրագիր է, որ կոչվում է «Երաժշտական ոլորտի մենեջմենթ եւ արտիստի զարգացում»։ Ինչու որոշեցի հենց այս ծրագրի մեջ խորանալ, քանի որ որպես արտիստ, հեղինակ-կատարող ուզում էի ավելին իմանալ ոլորտի մասին։

«Եվրատեսիլ 2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինան


-Չնայած՝ բավական երիտասարդ ես, որդեն երկար տարիներ ես մի այնպիսի ոլորտում, որն ամենուր՝ աշխարհի ցանկացած կետում, աչքի է ընկնում իր դժվարություններով։ Երբեւէ ցանկություն չի՞ եղել թողնել երաժշտությունը։


-Երբեք այնպիսի պահ չի եղել, որ մտածեմ՝ վե՛րջ, էլ չեմ ուզում։ Պահեր են եղել անգամ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել, օրինակ, ամբողջ դրույքով նորմալ գործի անցնել, ավելի կայունացնել ամեն ինչ, բայց չեմ արել։

Երբ որոշում ես, որ պետք է երաժշտությամբ կայանաս, համերգներով գումար վաստակես, երբեմն-երբեմն անգամ որպես վոկալի ուսուցիչ հանդես գաս, պետք է նաեւ գիտակցես՝ ամեն ինչ չէ, որ հեշտ է տրվելու, ու որ դու ինքդ պետք է քեզ մոտիվացնես, որովհետեւ քեզնից բացի ոչ ոք դա չի անելու:

- ...եւ մոտավորապես հենց այդ մասին է քո եվրատեսիլյան երգը, որ “Perferct Life”` «Կատարյալ կյանք» է կոչվում։

-Այո՛, եւ այդ փաստն էլ կատարյալ է, քանի որ ինքս ինձ եմ տեսնում այդ երգում։

-Ո՞րն է երաժշտական ոլորտի հետ կապված քո ամենամեծ վախը։

-Ինչպես գիտես, ոլորտը շատ արագ է զարգանում, ներկայացուցիչներն էլ նույնքան արագ փոխվում են. մի պահ դու «ինչ-որ մեկն ես», հաջորդ պահին՝ «ոչ մեկը». շատ քչերն են անփոխարինելի։ Այնպես չէ, որ այս փաստից շատ եմ վախենում, պարզապես այն որպես մոտիվացիա եմ կիրառում ու ուզում եմ քայլերովս ապացուցել, որ ինձ փոխարինելը գուցե այնքան էլ արագ չի ստացվի։

«Ոտաբոբիկ»՝ Լեւինայի հետ


-Մոտիվացիայի աղբյուրը պարզ է, ո՞րն է ոգեշնչմանդ աղբյուրը ստեղծագործելիս:

-Հիմնականում իրադարձություններն են ոգեշնչման աղբյուր դառնում, դեպքերը, որոնք ուրախացրել կամ տխրեցրել են կամ անձամբ ինձ, կամ էլ հարազատներիս ու ընկերներիս, անգամ առհասարակ աշխարհում տեղի ունեցողը կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ։

Իհարկե, այլ արտիստներից եւս ոգեշնչվում եմ. սիրում եմ Էմի Ուայնհաուսին, Ադելին, «Քոլդփլեյ»-ին, բայց, դե, ավելի «ուրախ» արտիստների եւս շատ եմ լսում։ Այնպես որ, ամեն ինչ կախված է տրամադրությունից։

-Գուցե հարցս պրովոկացիոն հնչի, բայց չեմ կարող այն չտալ. Սիային ե՞ւս սիրում ես։

-Ախ, այդպե՜ս… Այո՛, սիրում եմ։ Կարծում եմ, որ Սիան առաջին հերթին շատ հետաքրքիր անհատականություն է, քանի որ նա իրականում շատ-շատ է պայքարել այն «տեղի» համար, որն այսօր զբաղեցնում է։

-Եվ ինչպե՞ս ես արձագանքել եւ արձագանքում բոլոր այն մեկնաբանություններին, ըստ որոնց՝ քո «Perfect Life»-ը նման է Սիայի եւ Դեւիդ Գետայի «Titanium»-ին։

-Իհարկե, հասկանում եմ, որ մարդիկ նմանություն են տեսնում երկու ստեղծագործությունների միջեւ, հասկանում եմ, որ ուզում են իրենց կարծիքը հայտնել ու հաճախ դա անում են ամենատգեղ ձեւով։ Բայց ամեն դեպքում ծանր չեմ տանում այս ամենը, քանի որ երգերը նման են միայն մինչեւ այն վայրկյանը, երբ ես սկսում եմ երգել, դրանից հետո դրանք դառնում են իրար հետ բացարձակապես կապ չունեցող երկու ստեղծագործություն։

-Իսկ երգի երաժշտության հեղինակների հետ նմանության պատճառով տհաճ խոսակցություններ չե՞ս ունեցել։

-Իհարկե, ո՛չ։ Ոչ մի նման բան, քանի որ անձամբ ես չեմ ընտրել այս երգը. ի սկզբանե 2 երգ կար, որ պետք է ներկայացնեի ազգային եզրափակչին։ Ժողովուրդն է քվեարկել հենց «Perfect Life»-ի օգտին, դե, իսկ ես էլ շատ ուրախ եմ գերմանացի հանդիսատեսի ընտրությամբ։

«Ոտաբոբիկ»՝ Լեւինայի հետ


-Երգը հեշտ ընկալելի է, խոսքերն էլ՝ առանց ենթատեկստի, այնպես որ ավելորդ անգամ չեմ հարցնի՝ ինչի մասին է այն, պարզապես ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք «կատարյալ կյանքով» ես ապրում։


-Ինչպես երգում, այնպես էլ՝ իրականում, չկա «կատարյալ կյանք» առանց դժվարությունների ու անկումների։ Կարծում եմ՝ այս պահին ես իմ երազած «կատարյալ կյանքով» ապրելու ճանապարհին եմ, իսկ այս պահն ինքն իրենով կատարյալ է։

-Լեւի՛նա, դու ոչ թե բավական, այլ չափազանց պոզիտիվ ես: Մինչեւ իմ վերջին ստանդարտ հարցին անցնելն, արի ամեն դեպքում հուսախաբ չանենք «Եվրատեսիլ»-ի երկրպագուներին ու նրանց պատմենք եվրատեսիլյան քո ակնկալիքների մասին։

-Պարզապես ուզում եմ վայելել այս փորձությունն ու արդեն իսկ սկսել եմ։ Իհարկե, շատ կուզեմ լավ հորիզոնական զբաղեցնել. հիասքանչ կլինի, եթե լավագույն տասնյակում հայտնվեմ, ավելի լավ կլինի, եթե հաղթեմ:): Բայց ամեն դեպքում կարեւորն ինձ համար այնպիսի ելույթ ունենալն է, որը հենց ինձ կգոհացնի: Ուզում եմ դրանից հետո հետ նայել, դիտել տեսագրություններն ու ասել՝ այո՛, ես շատ լավ ներկայացա, ինչի համար ուրախ եմ ու հպարտ։

-Խոստացվածի պես… Ի՞նչ զգացողություններ ունեցար «Ոտաբոբիկ»-ի ընթացքում։

-Շատ հաճելի էր իրականում, շատ հարմար: Եթե առիթ լինի Հայաստան կրկին այցելել, եւս մեկ անգամ սիրով ու ոտաբոբիկ կզրուցեմ քեզ հետ։

Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Հագուստները տրամադրել է «5concept» խանութ-սրահը 
Լուսանկարահանումն իրականացրել ենք  «City Centre» հյուրանոցում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին