×


«Ո՞ւր է, մահ, հաղթությունը քո». Պարային նոր ներկայացում Դրամատիկականում

«Ո՞ւր է, մահ, հաղթությունը քո». այսպես է կոչվում Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում ներառված պարային նոր ներկայացումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պլաստիկ դրամայի մտահղացման հեղինակն ու գլխավոր դերակատարն Արման Ջուլհակյանն է, բեմադրությունն իրականացրել է ռեժիսոր, դերասան Գրիգոր Խաչատրյանը, պարուսույցն Արիկ Ասատուրյանն է, մնջախաղի հեղինակը` Համլետ Չոբանյանը:

«Ո՞ւր է, մահ, հաղթությունը քո» պարային ներկայացման պրեմիերային


Արման Ջուլհակյանը եւ մյուս դերակատարները` Մարիամ Ասլանյանը, Շավարշ Մարգարյանը, Նարեկ Ջուլհակյանը, Էրիկա Հակոբյանը, Հայկ Թորոսյանը, Մերի Հակոբյանը, Ջեմմա Ավանիսյանը, պարում են կոմիտասյան երգերի ներքո, որոնք կատարում է Գաբի Գալոյանը:

«Ո՞ւր է, մահ, հաղթությունը քո» պարային ներկայացման պրեմիերային


Բեմադրող ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, թե  Հայաստանում առաջին ներկայացումն է, որտեղ բեմում միաժամանակ 6 երեխա է խաղում.«Իհարկե, ռիսկային էր երեխաների հետ աշխատելը, բայց նրանք պատվով կատարեցին իրենց վստահված գործը: Մենք շեշտը դրել ենք խաղի եւ ոչ թե հայտնի անունների վրա: Հույս ունենք, որ հանդիսատեսը կհամախմբվի մեր գաղափարի շուրջ»:

«Ո՞ւր է, մահ, հաղթությունը քո» պարային ներկայացման պրեմիերային


Նախագծի հեղինակ եւ գլխավոր դերակատար Արման Ջուլհակյանն էլ պատմել է, որ ներկայացման գաղափարը տարիներ առաջ իրեն տվել է ընկերը` Մամիկոն Սիմոնյանը. «Կարծում եմ` 100-ամյակին ընդառաջ յուրաքանչյուր մարդ պետք է իր հնարավորությունների չափով լումա ներդնի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Մենք էլ փորձել ենք մեր հոգիներում կուտակվածն արտահայտել պարի միջոցով: Իսկ երեխաների հետ աշխատելն առավել հաճելի է, քանի որ նրանց մեջ անկեղծությունը շատ է»:

«Ո՞ւր է, մահ, հաղթությունը քո» ներկայացումը Դրամատիկական թատրոնի խաղացանկում կմնա մինչեւ 2016 թվականի ապրիլի 24-ը, իսկ հաջորդ բեմելը կլինի ապրիլի 27-ին:


BRAVO.am
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին