×


«Ուրիշի հոգին» սերիալից Ասյան առաջին անգամ խոսում է իր եւ Մովսեսի բաժանության մասին

Ռեժիսոր-դերասան Ասյա Հովսեփյանի համար «Ուրիշի հոգին» դեբյուտային է: Սերիալում նա մարմնավորում է Վիկային, սակայն BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում խոսել է ոչ միայն իր դերի, այլեւ ապրելակերպի ու նախկին սիրելիից` Մովսես Նիկողոսյանից բաժանվելու մասին, ով առավել հայտնի է «Քաղաքում» սերիալում Կարբիտի դերով:

Ասյա Հովսեփյանը


«Փորձում եմ երկուսով էլ զբաղվել»

Ավարտել եմ Թատերական ինստիտուտը` Ռ.Ջրբաշյանի կուրսը: Մասնագիտությամբ ռեժիսոր-դերասան եմ, քանի որ այնպես ստացվեց, որ մեր ընդունվելու տարում ընդհանուր` դերասանառեժիսորական կուրս հավաքեց: Ուսանողական տարիներին ոչ միայն ներկայացել եմ որպես դերասանուհի, այլեւ բեմադրություններ եմ արել: Կուրսային աշխատանքս էլ «Սիրային իրարանցում» գործի հիման վրա «Սեր ֆրանսիական ձեւով» ներկայացումն էր` երկու տարբերակով:

Թե՛ դերասանական արվեստը, թե՛ ռեժիսուրան շատ եմ սիրում, փորձում եմ երկուսով էլ զբաղվել: Երբ իմ կյանքում միայն ռեժիսուրան է լինում, կարոտում եմ դերասանի աշխատանքը, եւ հակառակը: Ռեժիսուրայի շնորհիվ փորձում եմ ցույց տալ իմ մոտեցումը որեւէ հարցին, իսկ դերասանությամբ` հնարավորինս փոխանցել ասելիքը, որը պահանջվում է ինձնից:

«Պատճառն անձնական էր»

Սերիալային առաջին կերպարս է Վիկան: Ուսանողական տարիներին առաջարկներ շատ են եղել, բայց որոշ պատճառներով մերժել եմ: Նախ` կուրսի ղեկավարներն էին դեմ, որ մենք նկարահանվենք որեւէ սերիալում, իսկ ես այն ուսանողներից էի, ում համար կարեւոր էր դասի գնալը. պարտաճանաչ էի ու չէի ցանկանում աշխատանքի պատճառով շատ բացակայել: Երկրորդ պատճառն էլ անձնական էր:

Ասյա Հովսեփյանը


«Վիկան խելոք ու խեղճ է, իսկ ես…»

Սերիալում հայտնվել եմ քասթինգի շնորհիվ: Իմացա, մասնակցեցի, ու ինձ առաջարկեցին Վիկայի կերպարը: Երբ կարդացի սցենարը, չկար մի բան, որ ինձ դուր չգար, չնայած` հերոսուհին շատ տարբեր է ինձնից: Պատճառներից մեկն էլ դա է, որ համաձայնեցի. չէի ցանկանա ինքս ինձ խաղալ: Վիկան խելոք, զգայուն, նուրբ, խեղճ աղջիկ է, իսկ ես կյանքով լի եմ, ակտիվ, կենսուրախ, աշխույժ: Գուցե նմանություններ կան, օրինակ, զգացմունքայնությունը, բայց դրանք հաստատ շատ չեն:

«Սիրեցի նրան»

Առաջին անգամ եմ նկարահանվում սերիալում: Սկզբում որոշ դժվարություններ կային. պետք է լիովին հասկանայի ու ըմբռնեի Վիկային: Աստիճանաբար սկսեցի ավելի շատ սիրել նրան: Փառք Աստծո, չեմ ունեցել Վիկայի դաժան կյանքը, բայց ինձ հեշտ էր նրան հասկանալը: Ինձ շատ օգնեցին այն ֆիլմերը, որ ռեժիսորիս խորհրդով նայեցի: Այնպես չի, որ միայն սերտել եմ դերս ու գնացել նկարահանման հրապարակ: Կարծում եմ` դերասանը չպետք է միայն ռեժիսորի տված խնդիրներն անի, նա նաեւ պետք է աշխատի իր կերպարի վրա, առաջարկություններ անի:

«Իսկապես հուզվել եմ»


Նկարահանման սկզբնական շրջանում բոլորն անհանգստանում էին, ասում էին` «պուպուշ, սիրուն աղջիկ ես, այդ ինչքան ես լացում»: Եվ բնականաբար, ավանդական հարցերը` թե ինչպես է շարունակվելու ֆիլմը, ինչ է լինելու իմ կերպարի հետ: Եղել են դեպքեր, որ իսկապես հուզվել եմ նկարահանման հրապարակում, սակայն քանի որ ժամանակի առումով սերիալը թույլ չի տալիս երկար նախապատրաստվել ու հոգեվիճակի մեջ մտնել, արհեստական միջոցներ եւս կիրառել եմ լացելու համար:

«Ուրիշի հոգին» սերիալի անձնակազմը


«Հիմա տատիկիս գյուղում եմ»

Այս օրերին փորձում եմ հանգստանալ, քանի որ նկարահանումներ չունեմ: Վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում զբաղված եմ եղել նաեւ մանկական ներկայացումներում. խաղացել ենք ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում: Հիմա տատիկիս գյուղում եմ. քնում եմ, ֆիլմեր դիտում ու կարդում: Ինձ համար հիանալի պասիվ հանգիստ է:

«Ես եւ Մովսեսը միմյանց հանդեպ թշնամացած չենք»

Երեք տարի ընկերություն անելուց հետո ես եւ Մովսեսը բաժանվեցինք: Բոլոր զույգերի կյանքում էլ գալիս է ճակատագրական շրջան, երբ կամ պետք է ամուսնանան, կամ էլ բաժանվեն: Մեր դեպքում եղավ երկրորդ տարբերակը: Երկար ժամանակ է` շփում չունենք. երկուսս էլ հասկացել ենք, որ իրար պետք չենք ու չպետք է միմյանց կյանք ներխուժենք: Հաստատ կարող եմ ասել, որ մենք միմյանց հանդեպ թշնամացած չենք: Ուզում եմ, որ նա երջանիկ լինի, համոզված եմ` նույն էլ ինքն է ինձ ցանկանում: Այդ էջն իմ կյանքում այլեւս փակ է:

«Հիմա իդեալ չունեմ»

Կարծում եմ` ցանկացած աղջկա էլ հաճելի է ուշադրության կենտրոնում լինելը: Կստեմ, թե չեմ մտածում ընկեր ունենալու մասին, բայց պետք է ժամանակը գա, ու ճիշտ մարդը հայտնվի կողքիս: Մի ժամանակ որոշում էի, թե ինչպիսին պետք է լինի նա, բայց հակառակը եղավ, դրա համար էլ հիմա իդեալներ չունեմ, որովհետեւ հնարավոր է` նա իմ պատկերացրածից ավելի լավը լինի:): Կարեւորը` լավ մարդ լինի:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ասյայի անձնական արխիվից եւ Շանթի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW