×


«Սոսե»-ն մեկնարկել է ոչ ավանդական ձեւաչափով:)

«Սոսե»-ն այս տարի կինոսերներին ներկայանում է 38 երկրում պատրաստված 104 ֆիլմով։ Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, ոչ պաշտոնական միջավայրում կայացավ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որին ներկա էին կազմակերպիչները, ժյուրիի անդամները, արտերկրից ժամանած մասնակիցները եւ այլ հյուրեր։

«Սոսե» կինոփառատոնի հիմնադիր-նախագահ Ռիտա Խալաթյանը եւ դերասանուհի Յանա Գաբրիելյանը


Հայ ազատագրական շարժման գործիչ Աղբյուր Սերոբի կնոջ՝ Սոսե Մայրիկի անունը կրող փառատոնի առանցքում կինն է՝ կնոջ արժանիքները, խնդիրներն ու դերակատարումը։ Մինչեւ սեպտեմբերի 30-ը Երեւանում ու Գյումրիում կարող եք փառատոնի հանդիսատեսը դառնալ։ Ֆիլմերը ցուցադրվում են «Կինոպարկ»-ում, Փարաջանովի տուն-թանգարանում, Նարեկացի արվեստի միությունում, Գյումրու Երիտասարդաան պալատում, ֆիլմացանկն այստեղ է։ 

3-րդ անգամ անցկացվող կինոփառատոնի հիմնադիր-նախագահ Ռիտա Խալաթյանը BRAVO.am-ին պատմել է, որ բացման արարողությունը կազմակերպել են ավանդական ձեաչափից դուրս.«Այս անգամ որոշեցինք ավելի մտերմիկ միջավայրում՝ գինու գավաթի շուրջ տոնել մեկնարկը, իսկ պաշտոնական բացումների ժամանակ հանդիսատեսի համար ֆիլմեր են ցուցադրում եւ այլն»։

Դավիթ Հակոբյանը եւ Կարինե Ջանջուղազյանը


336 հայտից ֆիլմերի նախնական ընտրությունը կատարել են կինոռեժիսոր Աննա Բայաթյանը, բուլղարացի կինոռեժիսոր, պրոդյուսեր Լյուբո Յոնչեւը եւ լեհ կինոքննադատ Մարիսյա Բիլսկան.«Մրցութային ծրագիրն անցել են որակապես ավելի լավ ֆիլմերը։ Եթե նախորդ տարի մեզ համար ավելի կարեւոր էր, որ հնարավորինս շատ հայտեր ստանանք տարբեր երկրներից, ճանաչելի լինի մեր փառատոնը, ապա այս տարի կանոնակարգ ենք սահմանել։ Հիմնելով կինոփառատոն` ուզում ենք զարգացնել կինոարդյունաբերությունը, իհարկե, Երեւանում բազմաթիվ փառատոններ կան, բայց մենք զարգացման այլ ճանապարհ ենք տեսնում, այսինքն՝ փորձում ենք ստեղծել համագործակցություններ նոր ֆիլմերի տեսքով՝ հայ-ռուսական, հայ-բելառուսական եւ այլն։ Մեր լավագույն մասնակիցներին ու հաղթողներին չենք մոռանում։ Դեռեւս համագործակցությունը թույլ է, բայց ամեն ինչ առջեւում է»,-ասել է Ռիտա Խալաթյանը։

Փառատոնի ժյուրիի կազմում են դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, դերասան Դավիթ Հակոբյանը, կինոգետ Անետա Երզնկյանը եւ այլք։ Կարինե Ջանջուղազյանը հայտնել է՝ որոշ ֆիլմեր հավանել է, սակայն նկատել է մի ընդհանրություն.«Ֆիլմերի մեծ մասում կանանց կերպարներն ընկճված ու հուսահատ են, ինչը նկատելի է ե՛ւ երիտասարդների, ե՛ւ ավագ սերնդի ռեժիսորների ֆիլմերում: Կարծում էի, թե այս խնդիրը միայն Հայաստանում է տարածված, բայց պարզվեց, որ ընդհանուր է։ Մեծ ցանկություն ունեմ, որ հնարավորինս շատ մարդիկ գան, դիտեն ու փառատոնի մասնակից դառնան»։

Ծովինար Կարապետյանը, Դիանա Սկայան


Այս տարի փառատոնին մասնակցում են խաղարկային, վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացված են «Բովանդակությունը՝ կին» հիմնական մրցութային ծրագրում, «Անկախություն» եւ «H2O» թեմաներով հատուկ մրցութային ծրագրերում եւ «Ուսանողական» մրցութային ծրագրում։ Ամենամեծ քանակությամբ ֆիլմերը ներկայացված են Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ Միացյալ Նահանգներից։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին