×


«Սպեղանի»-ի հոբելյանական համերգը Կոմիտասի թանգարանում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 3-ին տեղի է ունեցել «Սպեղանի» երգչախմբի 20-ամյակին նվիրված հոբելյանական համերգը: Ծրագրում հնչել են Կոմիտասի եւ ժամանակակից կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանի ու Ջեննի Ասատրյանի խմբերգերը: Երգչախմբի շուրջ 30 անդամներն առաջին անգամ կատարել են Ջեննի Ասատրյանի հինգ խմբերգները՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա, որոնք են՝ «Սեր ու ջեր», «Օրհնություն», «Հունձ», «Աղոթք», «Խորունկ ու մուգ»: Ինչպես նաեւ հնչել է Երվանդ Երկանյանի «Սիրիուս» ստեղծագործությունը:

«Սպեղանի» երգչախմբի հոբելյանական համերգին


1996 թվականին ստեղծված «Սպեղանի» երգչախումբը ճանաչում ունի արտերկրում, համերգներով շրջագայել է Արցախում, Ռուսաստանում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Լիտվայում՝ մասնակցելով միջազգային բազմաթիվ փառատոների եւ արժանանալով առաջին մրցանակների:

«Սպեղանի» երգչախմբի հոբելյանական համերգին


«Սպեղանի»-ի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սարինա Ավթանդիլյանը BRAVO.am-ին պատմել է համերգից իր տպավորությունների մասին. «Հրաշալի մթնոլորտ էր, գոհ ենք հանդիսատեսի ջերմ վերաբերմունքից, իսկապես լավ անցավ։ Կրկին ելույթ կունենանք մեր ունկնդիրների համար»։

«Սպեղանի» երգչախմբի հոբելյանական համերգին


Նա նաեւ տեղեկացրել է, որ ամռանը երգչախումբը հրավիրված է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու Հոգեւոր երաժշտության միջազգային փառատոնին.«Այլ երկրներից եւս հրավերներ կան, բայց առայժմ հստակեցված է միայն այս մեկը։ Հաճելի է, որ երգչախմբի ծրագիրը արտերկրում սիրով ընդունում ու լսում են։ Առաջիկայում պատրաստվում ենք թողարկել ձայնասկավառակ, որում կներառվեն հայ կոմպոզիտորների խմբերգերը»։ 

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին