×


«Վատ տղաները» ներկայացման պրեմիերային

«Վատ տղաներ»-ի պրեմիերան, դերասանների կատակներն ու հյուրերը

«Վատ տղաները»՝ այսպես է կոչվում Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի խաղացանկում ներառված նոր ներկայացումը, որի պրեմիերային ներկա է եղել BRAVO.am-ը։

Բրիտանացի դրամատուրգ Ռեյ Կունիի պիեսները բազմիցս բեմադրվել են հայկական թատրոններում, այս թատրոնի խաղացանկում է «Թոմը, Դիքը եւ Հարրին» կատակերգությունը՝ «Վատ տղաները» անվամբ։ Անգլիական պիեսի գործողությունները տեղի են ունենում Թոմի ու Լինդայի տանը։ Ամուսինները ցանկանում են երեխա որդեգրել եւ սպասում են երեխաների որդեգրման գործակալության տեսուչ միսիս Փոթերի գալուն… Թե ինչ ավարտ է ունենում երիտասարդ զույգի, դիակի, ոստիկանի, պապ ու թոռ փախստականների, տեսչուհու պատմությունը, կարող եք անձամբ դիտել ու գնահատել։

Անի Ղազարյանը եւ Արմեն Մարգարյանը


Երկու գործողությամբ ներկայացման դերակատարներն են՝ Արմեն Մարգարյանը, Արծրուն Չոբանյանը, Լեւս Դավթյանը, Անի Ղազարյանը, Միլենա Ավանեսյանը, Գեորգի Հովակիմյանը, Քնարիկ Զաքարյանը, Ռուդոլֆ Մարտիրոսյանը, Սարգիս Վարդեւանյանը։ Ներկայացման բեմադրիչն Արթուր Սարիբեկյանն է։

Պրեմիերայից անմիջապես հետո BRAVO.am-ի հետ զրույցում դերասանները կիսվել են իրենց հույզերով ու պատմել կուլիսային անցուդարձի մասին։ Եղբայրներ Հարրիին ու Դիքին մարմնավորում են Արծրուն Չոբանյանն ու Լեւս Դավթյանը: Արծրունը գոհ էր առաջնախաղից, իսկ Լեւսը նշեց, որ իր կերպարը դեռեւս լիարժեք չէ, աշխատելու շատ տեղ ունի, Արծրունն էլ կատակեց.«Ես կօգնեմ Լեւսին գտնել իրեն իր կերպարում, հաջորդ ներկայացմանն ուրիշ Դիքի կտեսնեք։ Իհարկե, ընդհանուր կային բացթողումներ, որոնք մենք գիտենք, բայց կարծում եմ՝ հանդիսատեսը չզգաց։ Ես ընդհանուր առմամբ գոհ եմ»։

Լեւսը հիշում է, որ փորձերից մեկի ընթացքում սպիտակ կատու է բեմով վազել. «Երեւի, նա հաջողություն բերեց, պրեմիերան լավ անցավ։ Եթե սեւ կատու անցներ, լավ չէր լինի:)»։

«Վատ տղաները» ներկայացման պրեմիերային


Քնարիկ Զաքարյանն ընդգծում է՝ այս ներկայացման առաջնային գործոնը դերասանական խաղն է.«Լավ թիմ է ընտրված, բոլորն արտիստիկ ու թատերային են, բնորոշ մեր՝ արտիստական թատրոն անվանը։ Ռեժիսորը շատ լավ զգում էր, թե յուրաքանչյուր դերակատար ինչպես կարող է վերափոխվել, նույնիսկ գուցե մենք մեր մեջ չէինք տեսնում, բայց նա հավատում էր։ Կարծում եմ՝ ստացել է հետաքրքիր խառնվածքով կերպարներ», - պատմեց նա՝ հավելելով, որ փորձերն ընթացել են որոշակի դադարներով, սակայն բեմական փորձերի վերջին փուլին պատրաստվել են մեծ էներգիայով։  

Երիտասարդ դերասանուհի Միլենա Ավանեսյանի համար թատրոնում առաջին պրեմիերան չէ, նրա խաղը կարող եք դիտել նաեւ «Ամեն գող գող չէ» ներկայացմանը, սակայն նա նախկինի պես հուզվում էր.«Մինչեւ հանդիսատեսի արձագանքը չտեսնես, չես հասկանա՝ ստացված է, թե ոչ։ Ներկայացումն աստիճանաբար կհասունանա, մենք էլ խաղընկերներով ավելի լավ կզգանք իրար բեմում»։

Արծրունն ու Միլենան նկարահանվել են ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմերում, այժմ նաեւ Արտիստական թատրոնի նոր սերնդի կազմում են։ Երկուսն էլ ավարտել են Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը՝ Նիկոլայ Ծատուրյանի կուրսը.«Երբ ավարտեցի, չորս տարի հետո Միլենան սկսեց սովորել վարպետի կուրսում։ Քանի որ ես ավելի շուտ եմ սկսել այս թատրոնում աշխատել, լավ ինտեգրվել եմ։ Մեր թատրոնում առողջ մթնոլորտ է, իրար տակ չենք փորում, ով ուզում է փորել, հանում ենք թատրոնից:)»։

«Վատ տղաները» ներկայացման պրեմիերային


Արծրունը խորհուրդ է տալիս թատրոնի խաղացանկից այլ ներկայացումներ եւս դիտել, իսկ սա հատկապես դուր կգա իրավիճակային կոմեդիայի սիրահարներին. «Բազմաժանր բեմադրություններ ունենք, սա թեթեւ կոմեդիա է, տոներից առաջ հանդիսականները կարող են լիցքաթափվել, հետո անցնել Նոր տարվա ծախսերին ու խոզի բդի հոգսերին:)»:

Ներկայացումը կրկին թատրոնի բեմին կլինի դեկտեմբերի 16-ին։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին