×


«Քաղցր արվեստի թագուհի» Ֆլորա Աղաբաբյանի ինքնատիպ նոր տորթերը

Տորթերի դիզայներ Ֆլորա Աղաբաբյանի ձեւավորած զանգվածային տորթերն արվեստի գործեր են, դրանցից որոշները դարձել են թանգարանային նմուշ։ Ամերիկաբնակ հայուհին միջազգային լրատվամիջոցների կողմից բնորոշվում է՝ «քաղցր արվեստի թագուհի»։ BRAVO.am-ը դեռ տարիներ առաջ ներկայացրել է շեֆ-հրուշակագործի հաջողության պատմությունը, այս անգամ Ֆլորան մեզ է տրամադրել իր նոր աշխատանքները եւ պատմել նորությունների մասին։ Ի դեպ, 17 տարի ապրելով Լաս Վեգասում՝ նա որոշել է այս տարի ամռանն այցելել Հայաստան։

Ֆլորա Աղաբաբյանը ներկայացնում է իր ձեւավորած զանգվածային տորթը


Նրա ձեւավորած տորթերը հաղթող են ճանաչվել Միացյալ Նահանգների քաղցր արվեստի մրցույթներում, այդ թվում՝ հարսանյաց տորթերի «Grand National Wedding Cake» մրցույթի հաղթողն է, այժմ նրան հրավիրում են ոչ թե մասնակից, այլ ժյուրիի անդամ լինել.«Տարվա ընթացքում մի քանի անգամ ներկա եմ լինում շոու-մրցույթներին։ Ինձ համար ցանկացած մեծ նախագիծ նոր պատասխանատվություն է, որի համար զանազան աշխատանք է կատարվում՝ տորթը գծագրել, պատրաստել, տեղափոխել կամ ուղարկել»։

Ֆլորա Աղաբաբյանը տորթի վրա կրկնօրինակել է Մատիսի ծաղկային կոմպոզիցիան


Ֆլորա Աղաբաբյանն ընտանիքի հետ Հայաստանից մեկնել է 2000 թվականին, 2007-ից առ այսօր աշխատում է Լաս Վեգասի հանրահայտ “Wynn” հյուրանոցում: Հրուշակագործների իր խմբի հետ պատրաստում է տորթեր ոչ միայն հյուրանոցի, այլեւ ցանկացած պատվիրատուի համար ԱՄՆ-ում եւ դրա սահմաններից դուրս. «Աշխատանքները լինում են հատուկ առիթների եւ ցուցադրական նմուշների համար, որոնք երբեմն ուղարկում ենք հատուկ ինքնաթիռով։ Աշխատանքային յուրաքանչյուր օրս տարբեր է՝ առանձնահատուկ ու չկրկնվող պատվերներով։ Մարդկանց մի մասը մրցույթներում ելույթ է ունենում հաղթելու կամ պարտվելու, բայց ինձ համար յուրաքանչյուր օրս մրցութային է։ Շաբաթվա ընթացքում պատրաստում ենք մոտ 80-100 տարբեր չափսերի ու առիթների տորթեր, որոնց մեջ կան շատ ժամանակատար աշխատանքներ, իսկապես երկար ժամանակ է պահանջվում»։

Ինչպես նշում է Ֆլորան, պատվիրատուները կարեւորում են իրենց անձին վերաբերվող թեմաները, անձնական պատկերացումներն ու երազանքները.«Երբ հաճախորդը բացատրում է իր երեւակայած տորթը, ես արդեն պատկերացնում եմ վերջնական տեսքը։ Վերջերս հետաքրքիր պատվերներ ենք ունեցել. մեծ չափսերով պատրաստեցինք Չինաստանի նորաբաց հյուրանոցի շենքը, խոհարարական ձեւավորումների տեսքով անվանի նկարիչների ստեղծագործություններն ենք կրկնում: Վերջերս ֆրանսիացի նկարիչ Մատիսի ծաղկային կոմպոզիցիան բնօրինակից կրկնօրինակեցի։ Նաեւ ձեւավորեցինք «Winter Wonderland»-ի այս տարվա տոնական ցուցադրական նմուշը»։

Ֆլորա Աղաբաբյանի ձեւավորած տորթերից


Նախորդ զրույցի ժամանակ Ֆլորան հայտնել էր, որ դուստրը շարունակում է իր ուղին, սակայն նա այժմ չի աշխատում. «Արդեն թոռնիկ ունեմ, եւ աղջիկս զբաղվում է փոքրիկ Արիելայի խնամքով։ Քանի որ իմ գրաֆիկը շատ հագեցած է, ազատ ժամանակս փորձում եմ երեխաներիս հետ անցկացնել»։

Ստորեւ կարող եք դիտել ու գնահատել Ֆլորայի ձեւավորած տորթերի լուսանկարներն ու տեսանյութը։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ֆլորա Աղաբաբյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին