×


«Քամի փչի» հիթը նոր տարբերակ ունի

Ուղիղ տասը տարի առաջ՝ 2006 թվականին, «Քամի փչի» երգի շնորհիվ հայտնի դարձավ «Հայք» խումբը։ Խմբի անդամներին հաջողություն բերած հիթը շուտով կունենա նոր տարբերակ, որի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է վաղը՝ դեկտեմբերի 21-ին։

Նարեկ Պետրոսյանը


Հին կազմից երգում են միայն Նարեկ Պետրոսյանը եւ Հրանտոն։ Այժմ արդեն «Մեծ Հայք»-ի անդամ Նարեկը որոշել է հիշեցնել սիրված երգը, նշում է՝ ոչ թե ցանկանում էր վերամիավորել խմբի անդամներին, այլ՝ հիթը նորովի մատուցել։ Նրանց են միացել Աստղիկ Սաֆարյանը, Արամ MP3-ը, Անի Քրիստին, Սոնա Ռուբենյանը, Գրիշա Աղախանյանը, Արամեն, Գեւորգ Մարտիրոսյանը:

«Մեր խմբի նախկին անդամներին առաջարկել ենք: Օրինակ՝ Սյուզին հարմար չգտավ, չցանկացավ, իրեն չենք ձայնագրել։ Մեր խմբում էր նաեւ եղբայրս՝ Ֆելիքսը, բայց վաղուց երգի ասպարեզում չէ, ուրիշ գործով է զբաղվում։ Հրանտոն էլ հիմա Ռուսաստանում է ապրում, ժամանակավոր եկել էր Երեւան, սիրով նկարվեց», - BRAVO.am-ին պատմել է Նարեկը։

Սոնա Ռուբենյանը


Տեսահոլովակը նկարահանել են Երեւանի տարբեր վայրերում, ռեժիսորը Զորայր Հակոբյանն է: Երգը ձայնագրվել է Նարեկի հիմնած «PlayBack» ստուդիայում.«Թեթեւ հոլովակ է, նախորդի հետ կապ չունի: Խնդիրն այն չէր, որ նախորդից լավը լինի, առաջնայինն այն է, որ նոր տարբերակը լիքը մարդկանց լիքը բան կհիշեցնի, հետաքրքիր հիշողությունների կարթնացնի»։

Գրիշա Աղախանյանը


Նարեկի կարծիքով՝ «Քամի փչի»-ի նման հիթ տասը տարվա ընթացքում չի ստեղծվել. «Մեր հայկական շոու-բիզնեսում այս երգի նմանը չկա, միգուցե ամպագոռգոռ հնչի, բայց կարճ ժամանակում այդքան սիրվեց ու համահայկական հիթ դարձավ։ 17-18 տարեկան երիտասարդներ էինք, պրոդյուսերական հատուկ աշխատանք չէր տարվել։ Մեզ թվում էր՝ լավ երգ է, հետո էլ մտածում էինք՝ չէ, հաջող չի, բայց տարածվեց, ու այդպես փչեց քամին։ Մենք իրոք չէինք կանխատեսում, չէինք պատկերացնում, թե ինչ ենք արել այդ ժամանակ։ Հիմա չգիտեմ՝ արդյոք նոր տարբերակը հաջողություն կունենա, իհարկե, լավ կլինի, որ մեծ աղմուկ բարձրանա, բայց մեր առաջնային խնդիրը դա չէ»։

Արամեն


Նարեկն իր երաժիշտ ընկերների հետ վերջին ամիսներին անվճար համերգներ է ունեցել երեւանյան բուհերում եւ Արցախում.«Այդ ծրագիրն ավարտվեց, բայց պլանավորում եմ ամեն տարի նման համերգներ անել համալսարաններում։ Ճիշտն ասած՝ լավ պատրաստված չէինք, ծրագիրը վերջին պահին էինք թարմացնում, բայց համերգները շատ լավ անցան։ Հաջորդ անգամ համերգային արշավին հստակ ծրագրով կգնանք»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները տրամադրել է Նարեկ Պետրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին