×


«Օրրան»-ի հունիսմեկյան խնջույքն ու Հռիփսիմե Հակոբյանի անակնկալը

Մանկական երգերով, պարերով, գունեղ տորթերով, մուլտհերոսներով եւ փուչիկներով «Օրրան»-ի սաները նշել են հունիսի 1-ը։ Շուրջ 16 տարի գործող ցերեկային խնամքի կենտրոնը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կրկին իր դռներն էր բացել հյուրերի առջեւ:

«Օրրան»-ի խնջույքին


Տոնական միջոցառմանը «Արմենիա Մարիոթ»-ի խոհարարները երեխաների եւ հյուրերի համար հյուրասիրություն են կազմակերպել հենց “Օրրան”-ի բակում։ Հյուրերն էլ նրանց հետ փոքրիկների համար համբուրգեր ու աղցան են պատրաստել։ Արդեն ավանդույթ դարձած բացօթյա ցերեկույթին այս տարի ներկա են եղել Արմինկան, Արթուր Իսպիրյանը, Մերի Շահինյանը, Էվելինա եւ Նաիրա Շահիրյանները, Հերմինե Ստեփանյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Նառան, Զառա Արամյանը, Գոհար Իգիթյանը, Արտակ Վարդանյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը, նկարչուհի Արեւ Պետրոսյանը եւ ուրիշներ։

«Օրրան» հաճախող սաները ժպիտներով դիմավորել են հյուրերին, աշխատակիցների օգնությամբ այտերին նկարել են եռագույնը, սրտիկներ ու աստղիկներ, իսկ վերջում ոգեւորությամբ կատարել մանկական երգեր։ Ի դեպ, միջոցառման ընթացքում նաեւ նկարահանվել է «Ես կամ» հաղորդաշարը: Սաներից մեկին՝ Հռիփսիմեին, անակնկալ էր սպասվում. վիճակահանության միջոցով նա անսպասելիորեն հանդիպել է իր սիրեի երգչուհուն՝ Հռիփսիմե Հակոբյանին, ով նախապես ժամանել էր եւ նրան սպասում էր գրադարանում։

Հռիփսիմե Հակոբյանը` «Օրրան»-ի խնջույքին


10-ամյա Անին հանրակրթական դպրոցում մայրենիի քննությունը հանձնելուց հետո եկել էր «Օրրան»-ի ընկերների հետ նշելու օրը.«Այս օրը միշտ հետաքրքիր է անցնում, երգում ու պարում ենք, տորթ ենք ուտում։ Քույրիկներիս հետ դասերից հետո գալիս եմ, փոքր եղբայր էլ ունեմ, համ էլ այսօր նրա ծննդյան օրն է:)։ Մամաս ասել է, որ տանը տորթ կպատրաստի, որ նշենք, հետո ինչ-որ լավ տեղ կգնանք։ Հունիսի 1-ին նաեւ մեզ նվերներ են տալիս, ինչ էլ ստանում եմ, ուրախանում եմ, բայց երեւի ամենաշատը կուրախանամ, երբ անվաչմուշկներ ունենամ»։

11-ամյա Նարեկն էլ մյուսների հետ պատրաստվում էր հյուրերին դիմավորել.  «Աշխատում ենք մեզ լավ պահենք, որովհետեւ շատ հյուրեր են եկել։ Սեղաններն ու աթոռները հանել ենք դուրս, որ բոլոր մարդիկ տեղավորվեն։ «Օրրան»-ում ինձ լավ եմ զգում, մասնակցում եմ շախմատի, կավագործության դասերին։ Արդեն վեց ամիս փոքր քույրիկս էլ գալիս է»։

Արմինե Հովհաննիսյանը` «Օրրան»-ի սաների հետ


«Օրրան»-ի  հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի համար խնամքի կենտրոնն իր երկրորդ մեծ ընտանիքն է՝ մեկ տանիքի ներքո։ Նա սաների հետ կտրել է տոնական տորթը՝ մաղթելով խաղաղություն բոլոր երեխաներին.«Ուզում եմ, որ ձեր բոլորի ընտանիքներում խաղաղ ու բարի մթնոլորտ լինի, կատարվեն ձեր երազանքներն ու ցանկությունները»։

Սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքների երեխաներին աջակցող «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնում երեխաները հաճախում են դպրոցի դասերից հետո, սովորում տարբեր խմբակներում, սնվում, խաղում եւ աշխատակիցների օգնությամբ կազմակերպում իրենց ազատ ժամանցը։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` «Oրրան»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW